Լրահոս

09.06.2011 13:10


ՀՀԿ–ական պատգամավորը Լևոն Տեր–Պետրոսյանին դավաճան չի համարում

ՀՀԿ–ական պատգամավորը Լևոն Տեր–Պետրոսյանին դավաճան չի համարում

Լևոն Տեր–Պետրոսյանի այն հայտարարությանն ի պատասխան, որ ինքը կգա իշխանության, ավգյան ախոռները կմաքրի և երեք տարի հետո կհեռանա, Սերժ Սարգսյանն ասել էր՝ Լևոն Տեր–Պետրոսյանին հենց երեք տարի է պետք Ղարաբաղը ծախելու համար։

«Այսօր ՀԱԿ–ի հետ երկխոսության համատեքստում ՀՀԿ–ն շարունակո՞ւմ է մնալ նույն կարծիքին, որ Ղարաբաղը ծախելու համար Լևոն Տեր–Պետրոսյանին ընդամենն այդքան տարի է հարկավոր»,–ՀՀԿ–ական պատգամավոր Մանվել Բադեյանից այսօր հետաքրքրվել է «7օր»–ը։

–Պոլեմիկայի մեջ երբեմն կողմերն անցնում են ծայրահեղ գնահատականների՝ էմոցիաներին շատ տեղիք տալով։ Նույն Լևոն Տեր–Պետրոսյանի գնահատականները (սա ավազակապետություն է, բոլոր իշխանավորները գող ու ավազակ են, մարդասպան են, չգիտեմ՝ ինչ են), իհարկե, պետք է բերեին այլ պատասխանի։ Բայց ես վաղուց ասել եմ (դեռ այն ժամանակ, երբ շատ մոդայիկ էր Լևոն Տեր–Պետրոսյանին դավաճան անվանելը)՝ ինչքան էլ չընդունեմ նրա սկզբունքները, ես ինձ իրավունք չեմ վերապահի որևէ հայի, այն էլ՝ Հայաստանի նախկին նախագահի, դավաճան անվանել։ Դրանք էմոցիոնալ գնահատականներ են։ Ուրիշ բան, որ որևէ կերպ ես չեմ ընդունի Լևոն Տեր–Պետրոսյանի կողմից ստեղծած ավգյան ախոռները։ Չմոռանանք, որ իշխանական համակարգը ձևավորվել է հենց Լևոն Տեր–Պետրոսյանի ժամանակ, և մենք ապրել ենք նրա իշխանության օրոք,–պատասխանել է Մանվել Բադեյանը։

Նա նաև սխալ է համարում, որ պատերազմում մեր կրած հաղթանակն էլ կապում են մեկ մարդու հետ։

–Ծիծաղելի է, չէ՞։ Ամբողջ ժողովուրդը պատերազմել է, կանգնել ասել՝ մի մարդու հաղթանակ է։ Ստալի՞նն է, ինչ է,–ավելացրել է Մանվել Բադեյանը,–Լևոն Տեր–Պետրոսյանը ո՛չ դավաճան է, ո՛չ էլ ազգի փրկիչ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը