Տնտեսական

09.06.2011 11:19


Հայաստանի և OFID-ի միջև ստորագրվել է վարկի տրամադրման պայմանագիր

Հայաստանի և OFID-ի միջև ստորագրվել է վարկի տրամադրման պայմանագիր

Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպմանը մասնակցելու նպատակով Վիեննայում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) կենտրոնակայանում հանդիպում է ունեցել կառույցի գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ Հերբիշի հետ: Հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության և OFID-ի միջև ստորագրվել է վարկի տրամադրման մասին պայմանագիր: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և OFID-ի գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ Հերբիշը: Գյուղացիական ակտիվների ստեղծման ծրագիրը Հայաստանում կիրականացվի Գյուղատնտեսության զարգացման միաջազգային հիմնադրամի (IFAD) կողմից: Քսան միլիոն դոլար ծավալով վարկը նպատակաուղղված է լինելու գյուղացիական տնտեսությունների կարողությունների ստեղծման ծրագրի ֆինանսավորմանը, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանը: Ծրագրի շահառուները կլինեն հիմնականում գյուղական բնակավայրերի բնակիչները, մասնավորապես մանրածավալ արտադրողները, պտղի և ընկուզեղենի արտադրությամբ զբաղվողները, ինչպես նաև լեռնային անապահով համայնքների ներկայացուցիչները: Վարկի մարումը կսկսվի հինգ տարի հետո: Մարման ժամկետը տասնհինգ տարի է, տոկոսադրույքը` 3,5 տոկոս: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ընդհանուր նպատակը գյուղական համայնքների աղքատության նվազեցումն է: Կարևորելով այս վարկի ստացումը` նախարարը նշել է, որ այն կօգնի հանրապետությունում շատ արագ բարելավել սպասարկումը և ստեղծել գյուղատնտեսական կարողություններ:

Այս խորագրի վերջին նյութերը