Աշխարհ

27.05.2021 20:20


«Թուրքիայում չկա՛ ժողովրդավարություն, չկա՛ մտքի ազատություն»․ Օրհան Փամուք

«Թուրքիայում չկա՛ ժողովրդավարություն, չկա՛ մտքի ազատություն»․ Օրհան Փամուք

Նյու Յորքում բնակվող աշխարհահռչակ թուրք գրող, նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը թուրքական «Kısa Dalga» լրատվականին հարցազրույց է տվել, որում խոսել է իր նոր գրքից, Թուրքիայի ներքաղաքական կյանքից և իր քաղաքական հայացքներից:

Փամուքը պատմել է իր ունեցած հաջողությունների մասին՝ նշելով, որ աշխարհում իր տպագրած գրքերից 14-15 մլն օրինակ է վաճառվել, իսկ Թուրքիայում վաճառված գրքերի թիվն արդեն անցել է 3 միլիոնը։

Գրողը Թուրքիայի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները հետևյալ կերպ է բնութագրել.

«Թուրքիայում ժողովրդավարության՝ միայն քվեատուփում քվեաթերթիկ գցելու մասն է մնացել: Թուրքիան ժողովրդավար չէ: Հենց քվեատուփերից ցանկալի արդյունք չեն ստանում, այդ քվեատուփերը գողանում են: Եթե քվեարկեք իշխող կուսակցությանը, ապա այդ դեպքում ժողովրդավարության նման մի բան կլինի: Չկա մտքի ազատություն, դատարանները, վերստուգիչ-վերահսկիչ հաստատությունները չունեն ազատություն: Նույնիսկ կենտրոնական բանկը չունի ինքնավարություն»:

Թուրք գրողը նաև մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան աշխարհում ամենաշատ բանտարկված լրագրողներ և քաղբանտարկյալներ ունեցող երկիրն է:

Նա Թուրքիայի գլխավոր խնդիրներից մեկն է համարում մտքի ազատության բացակայությունը: Փամուքի խոսքով՝ այնտեղ, որտեղ չկա մտքի ազատություն, ոչ ոք ի վերջո չի կարող ճշմարիտ լինել:

Փամուքը նշել է, որ իրեն դուր չի գալիս խոսել քաղաքական թեմաներից, սակայն պատասխանում է, եթե լրագրողները հարցեր են ուղղում:

«Նա, ով հարցնում է քաղաքականությունից, ասում եմ՝ մտքի ազատություն չկա: Ովքեր խոսում են քաղաքականությունից, փողոցում նրանց ծեծի են ենթարկում, կոտրում մատները, սպառնում են, հարցին խառնվում է մաֆիան»,-ասել է թուրք գրողը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը