Կարծիք

26.05.2021 18:08


Հայաստանի տարածքն ամայի համարող «իշխանությունը» գոյության իրավունք չունի՛

Հայաստանի տարածքն ամայի համարող «իշխանությունը» գոյության իրավունք չունի՛

Ուսապարկային մանդատակիրները, համենայն դեպս ոմանք, երեկ ձև էին բռնել, թե «ծանր են տարել» այն դիպուկ ու տեղին շեշտադրումը, որ Հայաստանի սահմանային բարձունքներն ու առհասարակ, երկրի որևէ անկյուն «ամայի տարածք» համարողները Հայաստանում ապրելու իրավունք չունեն: Իսկ «ծանր էին տանում», քանի որ իրենք ոչ միայն Հայաստանն ամայի տարածք են համարում, իրենք ամայի տարածք էին համարում Արցախի ազատագրված ու հիմա, արդեն իրենց «քայլապետ նիկոլ փաշինի կողմից թշնամուն տրված տարածքները, իրենք «դժբախտ ու դժգույն» էին համարում Շուշին, որ նվիրեցին թուրքին, իրենք թուրքին են տվել Քարվաճառը, Քաշաթաղը, Կովսականը… Ո՞ր մեկն ասես: Տվել են, որովհետև իրենց համար դրանք «ամայի տարածքներ» են:

Միայն անհայրենիք-մանկուրտը կարող է այդպես ընկալել ու այդպես արտահայտվել Հայրենիքի մասին: Իսկ իրենք, իրենց քայլապետի հետ ոչ միայն այդպիսին են, այլև մանկուրտության մարմնավորում են, որը կործանման հորձանուտն է նետել մի ամբողջ ժողովրդի:

Ու այդպես, «ամայի տարածք» համարելով ու անվանելով՝ երկիրը շարունակում են կտոր առ կտոր հանձնել թշնամուն՝ հայակեր թուրքին ու ադրբեջանական թուրքերին: Հանձնեցին Շուռնուխի կեսը, հանձնում են Սև լիճը, հանձնում են Ուխտասարը (հնադարյան ժայռապատկերներով հանդերձ), ուզում են հանձնել Ոսկեպարն ու…

Անշուշտ, վաղուց արդեն պետք էր իշխանությունից հեռացնել այս երկրակուլ մրրիկին, այս ժանտ ու մոլոքին, որ կոչվում է «նիկոլ», «թավիշ», որ դեռ հանդգնում է «ապագա» բառն արտաբերել: Բայց դաժան իրականությունն այն է, որ սրանք դեռ իշխանության են և մի բան էլ՝ վերարտադրվելու հույսեր ունեն առաջիկա ընտրություններում:

Իսկ Հայրենիքն «ամայի տարածք» ասող նիկոլաքայլոների վերաբերյալ երեկվա ասուլիսում բավականին դիպուկ արտահայտվեց «Հայաստան» դաշինքի անդամ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ նկատելով, որ նիկոլական իշխանությունը, իրենց ապաշնորհությունը, իրենց դավաճանությունը, իրենց անկարողությունը հիմնավորելու և իշխանությունը պահելու համար սկսում են հիմնավորել, թե՝ հայկական տարածքները պատկանում են թուրքերին: Իշխան Սաղաթելյանի գնահատմամբ. «Դա դավաճանական պրոցեսի շարունակությունն է՝ մեր հասարակությանը տրամադրել, որ այդ տարածքները այն գլխից մերը չեն եղել: Սա է այսօրվա իշխանությունը»:

Կանխատեսելիորեն ավելի խիստ, կոշտ, բայց լիովին տեղին է նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականը, որ երկրի մի մասը «ամայի տարածք» համարողը, այդպես մտածողը Հայաստանում ապրելու իրավունք չպետք է ունենա: «Ի՞նչ է նշանակում ամայի տարածքներ: Քո երկրի մի զգալի մասը կարելի է անվանել ամայի տարածքնե՞ր… Սա հոգեբանության մի տեսակ է, որն ինձ անծանոթ էր:

Անկեղծ ասեմ՝ չգիտեի, որ Հայաստանում ընդհանրապես գոյություն ունեն, շնչում են, քայլում են նման կարգի մարդիկ, նման կարգի մտածելակերպով: Սա կոնկրետ ՀՀ տարածքային ամբողջականության խաթարում է, որը քրեորեն պատժվող արարք է: Եվ այս մեղքը, այս քրեական հոդվածը այս իշխանությունների վրա է»,-ասաց նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ու «քայլարածները», բառի ամենաուղիղ իմաստով՝ վատացան:

Բայց վատանան, թե չվատանան: Իրենց վատանալը ոչինչ չի նշանակում, կամ ավելի ճիշտ՝ նշանակում է այն, որ ինչ-ինչ, բայց մեկ բան շատ լավ զգում ու հասկանում են՝ շատ մոտ է հատուցման և պատասխան տալու պահը: Իրենք՝ նիկոլական այդ ավերափորձանքն ու դրա ներկայացուցիչները հույս ունեն, թե ընտրություններով, ստերով, խաբելով կեղծիքով նորից «կանցնեն»: Չե՛ն անցնելու:

Եթե մոտ ապագայում նիկոլփաշինները «անցնեն» էլ, ապա միայն քննիչի մոտ՝ մեղադրյալի կարգավիճակով՝ «պետական դավաճանության» հոդվածի հատկանիշներով հարուցվելիք մեծածավալ քրեական գործի քննության շրջանակում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը