Հարցազրույց

08.06.2011 14:57


Արթուր Սաքունց

Արթուր Սաքունց

Հարցազրույց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ

–ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը երեկ պատասխանեց Հայ ազգային կոնգրեսին, սակայն ՀԱԿ անդամները պնդում են, որ դա անձամբ Կարեն Կարապետյանի կարծիքն է։ Դուք է՞լ եք համամիտ այդ տեսակետին, թե՞ կարծում եք, որ նա պարզապես ի պաշտոնե փոխանցել է Սերժ Սարգսյանի կարծիքը։

Կարեն Կարապետյանն, իհարկե, նախագահի աշխատակազմի ղեկավարն է, Սերժ Սարգսյանի աշխատանքային հարցերով է զբաղվում։ Բայց թե ինչքանո՞վ է նա լիազորված ընդդիմության հարցադրմանը պատասխանելու, չեմ կարող ասել։ Չէ՞ որ նման երկխոսության այսպիսի նախադեպ չի եղել, հարցադրումներ չեն արվել, որ նման դեպքում էլ նախագահի աշխատակազմի ղեկավարն այդ հարցադրումներին իրավասու է պատասխանել։ Մյուս կողմից էլ Կարեն Կարապետյանը ոնց որ թե ի՛ր անունից է հանդես եկել՝ որպես աշխատակազմի ղեկավար և ոչ թե ասել է, որ հանրապետության նախագահն այդպես է կարծում։

–Այսինքն, կարծում եք, որ տրամաբանվա՞ծ է ՀԱԿ անդամների պահանջը, որ անձամբ Սերժ Սարգսյանից են ուզում պատասխանը լսել։

–Փաստն այն է, որ Սերժ Սարգսյանն անձամբ երբևէ չի լիազորել որևէ անձի՝ պատասխանելու ընդդիմության հարցադրումներին կամ պահանջներին, և այդ անձն էլ չի ասել, որ ես լիազորված եմ սա ասել նախագահի անունից։ Նույն իշխանության մեջ է մտնում նաև ԲՀԿ–ն։ Հիմա եթե ԲՀԿ–ն կանգնի ասի՝ քանի որ մենք կոալիցիայի մեջ ենք, մենք գտնում ենք, որ այսպես պետք է լինի, արդյոք դա կարելի՞ է համարել որպես Սերժ Սարգսյանի պատասխան։ Իհարկե ո՛չ։

–Բայց ԲՀԿ–ն Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը չէ, նրա անմիջական ենթական չէ։

Հասկանալի է, բայց իշխանության մեջ է մտնում նաև ԲՀԿ–ն։ Հասկանալի է նաև, որ Կարեն Կարապետյանի կողմից պատասխանի վերոհիշյալ ձևն առանց պատասխանատվություն վերցնելու պատասխանելու տարբերակ է։ Բայց այդ պատասխանը տվյալ իրավիճակում, տվյալ ձևաչափում կամ տվյալ հանգամանքներում այնքան էլ համարժեք չէ։ Հետո դիտարկենք նաև, օրինակ, քաղբանտարկյալներին ազատ արձակելը կամ մարտի 1–ի բացահայտմանը նոր թափ հաղորդելը. արդյոք միանձնյա որոշումներ չէի՞ն։ Ո՞ւմ հետ է Սերժ Սարգսյանը խորհրդակցել, որ պետք է հանձնարարություն անի մարտի 1–ի սպանությունների բացահայտման հարցում։ Նա այդպիսի որոշումներ է կայացնում, որ մենք էլ տեսնում ենք՝ դրանք հենց իր անձնական քայլերն են. այդ հանձնարարականները հենց ի՛ր անունից են։

–Իսկ չե՞ք կարծում, որ իշխանությունը Լևոն Տեր–Պետրոսյանին, պատկերավոր ասած, մատների վրա է խաղացնում. սպասեցին, որ ՀԱԿ–ը պատվիրակություն կազմի, իսկ հետո էլ հայտարարեցին, որ իրենք ոչ մի պատվիրակություն էլ չեն կազմի, ՀԱԿ–ը եթե ուզում է, կարող է նույնիսկ տան անդամներով գալ երկխոսելու, և ընդհանրապես այդ ամենը տունտունիկ է։

Ես՝ որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, որպես քաղաքացի, տեսել եմ, թե ինչ է կատարվել (թեկուզ հենց նույն մարտի 1–ի հետ կապված ամբողջ իրավիճակը), և իմ վերաբերմունքը հստակ է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության հանդեպ, բայց ես չեմ ուզում այդ քաղաքականության մեջ խառնվել։ Մեր հանրապետության մարդու իրավունքների բնագավառում կան կոնկրետ խնդիրներ, իմ խնդիրը հենց դրանք են։ Ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ է ասում։ Ինձ հետաքրքիր է հետևյալը՝ բացահայտվեն, օրինակ, մարտի 1–ի հետ կապված հանցագործությունները։ Եթե հիմա մեկը մեկին ձեռք է առնում, կամ ինչ–որ խաղեր են անում, ավելի վատ իրենց համար։ Լա՛վ, իրենք իրենց հետ խաղացին, բա մարդկանց կյանքի հե՞տ էլ խաղան։ Այդ պատասխանատվությունն իշխանությո՛ւնն ունի։ Ես այս պահին ընդդիմությունից ոչ մի բան չեմ կարող ակնկալել, որովհետև որոշումներ կայացնող մարմինը կամ լիազորություններ ունեցողներն իշխանության լծակներ ունեցող մարդկանց ձեռքերում են։ Առաջարկություն կա իրավիճակը փոփոխելու, և եթե այդ առաջարկությունների նկատմամբ նման վերաբերմունք կա, ես դա ընկալում եմ որպես ի՛մ նկատմամբ, ի՛մ խնդիրների նկատմամբ վերաբերմունք։ Ինձ հետաքրքրում է, թե իմ՝ որպես քաղաքացու հուզող խնդիրներին տրվո՞ւմ է պատասխան։ Ես կարող եմ միանշանակ ասել, որ չի՛ տրվում։ Ինձ հետաքրքրում է՝ եթե իրենք գնում են համագործակցության, ապա հանուն ինչի՞, եթե գնում են հակամարտության, հանուն ինչի՞, եթե որևէ երկխոսություն չի լինում, որո՞նք են պատճառները։ Ինձ հետաքրքրում է, թե այդ գործընթացներն օգնելո՞ւ կամ նպաստելո՞ւ են այդ հարցերի պատասխանները ստանալուն կամ լուծելուն։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը