Լրահոս

08.06.2011 14:24


ՀՀԿ պատգամավորը համոզված է՝ ՀԱԿ առաջնորդները կընդունեն իշխանության առաջարկած ձևաչափը

ՀՀԿ պատգամավորը համոզված է՝ ՀԱԿ առաջնորդները կընդունեն իշխանության առաջարկած ձևաչափը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն այսօրվա ասուլիսում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին ու մասնավորապես ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը։ Նա ասել է, որ դեռևս երեք տարի առաջ իշխանությունը Սերժ Սարգսյանի կողմից առաջարկություն արեց՝ բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների հետ նստելու երկխոսության և քննարկելու երկրին հուզող ներքին և արտաքին հարցերը։

–Չնայած նրան, որ բազմաթիվ քաղաքական ուժեր են ընդունել այդ առաջարկությունը, ՀԱԿ–ն այն չընդունեց,–նկատել է ՀՀԿ պատգամավորը։

Նրա խոսքերով՝ երկխոսություն այն ձևաչափով, որ առաջարկում է ՀԱԿ–ը, ընդունելի չէ, քանի որ այդ ձևաչափերով աշխատում են միջազգային բանակցային գործընթացներում։

Գ. Մելիքյանը չի կարծում, որ ներքին երկխոսության համար պետք է պատվիրակություն կազմվի ու երկխոսություն տարվի ընդդիմության մի հատվածի հետ, իսկ ընդդիմության մյուս հատվածը երկխոսությունից դուրս մնա։

–Առանձին քաղաքական որևէ ուժի հետ երկխոսությունը, չեմ կարծում, որ ճիշտ կընդունվի հանրության կողմից. այն հանրության մոտ վստահության վարկանիշի անկում կգրանցի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմադիր ուժի համար։ Շատ ավելի ընդունելի է այն տարբերակը, որն առաջարկվել է նախագահի կողմից՝ բոլորի հետ միասին կլոր սեղանի շուրջ՝ ընդհանուր քննարկումների միջոցով–ասել է Մելիքյանը։

Նրա հավաստմամբ՝ որևէ քաղաքական և հատկապես ընդդիմադիր քաղաքական ուժի կողմից չի ընդունվում ՀԱԿ մոնոպոլ դիրքը շեշտված ներկայացնելը.

Բավական խոշոր ընդդիմադիր քաղաքական ուժեր գոյություն ունեն, ինչպես, օրինակ, Դաշնակցությունն ու «Ժառանգությունը»։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ ՀԱԿ առաջնորդները կընդունեն իշխանության առաջարկած ձևաչափը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը