Կարծիք

21.05.2021 20:12


Միաբջիջ կենդանին ի՛նքն է, մե՛զ է միաբջիջ կենդանու տեղ դնում

Միաբջիջ կենդանին ի՛նքն է, մե՛զ է միաբջիջ կենդանու տեղ դնում
Գերագույն գլխավոր կապիտուլյանտի հերթական և արտահերթ լեզվաժայթքումները մեկնաբանելն, իհարկե, անիմաստ զբաղմունք է, բայց լռելն էլ ճիշտ չէ. կապիտուլյանտը դա ընդունում է որպես համաձայնության նշան և ավելի է հաբռգում` ավելի վստահորեն, ավելի լկտիաբար է տիրաժավորում իր անհեթեթ մտավարժանքներն ամեն ինչի ու ոչնչի մասին...
Ուստի` մի քանի դիտարկում նախօրեին ԱԺ ամբիոնից պտտեցրած փչացած «պլաստինկայի» հիմնական թեզերի վերաբերյալ։
Առաջինը` 44-օրյա պատերազմի և Հայաստանի սողացող կապիտուլյացիայի, մասնավորապես, Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացման մեղավորը և պատասխանատուն Ադրբեջանի հայաստանյան «ազդեցության գործակալներն» են։ Այսինքն` ընդդիմությունը։ Առաջին հերթին`նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և «գերագույնի» նախկին թիմակից Թագուհի Թովմասյանը։
Օրինակ` եթե Բագրատյանը պատերազմից երկու ամիս առաջ, վերլուծելով և գնահատելով կապիտուլյանտների կառավարության քանդիչ գործունեության «արդյունքում» ստեղծված ռազմական, քաղաքական և դիվանագիտական ստատուս-քվոն, չարձանագրեր, որ այս «չիշխանությունն» իսկական նվեր է ադրբեջանի համար, և ավելի պատեհ պահ` ուժով լուծելու Արցախյան թնջուկը, ալիևը չի կարող «հորինել», պատերազմը չէր լինի։
Եթե Թագուհի Թովմասյանն իր հերթին «չհուշեր» ալիևին, որ Հայաստանի սահմաններն անպաշտպան են` «ցույց չտար արահետները», որտեղից թուրքը կարող է անարգել խուժել մեր տարածք և շվշվացնելով գրավել մեր «չպաշտպանված» բարձունքներն ու ջրային ռեսուրսները, ալիևը գլխի չէր ընկնի, որ իսկը ժամանակն է` պոկել Հայատանից այն ամենը, ինչ հնարավոր է, քանզի ընտրություններից հետո կարող է ուշ լինել...
Այս դեպքում հարց է առաջանում` հիմա ո՞վ ում ազդեցության գործակալն է. Հրանտ Բագրատյանն ու Թագուհի Թովմասյանը` ալիևի, թե՞ ալիևը` Հրանտ Բագրատյանի և Թագուհի Թովմասյանի, որովհետև, եթե հավատալու լինենք կապիտուլյանտին, հե՛նց նրանք են բացել ադրբեջանի ու իր մեծ եղբոր` թուրքիայի ախորժակը, մղել ռազմական նոր արկածախնդրության։ Բայց դե` գերագույն անմեղսունակից պատճառահետևանքային կապերի տրամաբանական որևէ շղթա, հիմնավոր դատողություն ակնկալելն ինքնին անտրամաբանական է. ինքն է ասել, չէ՞. այն, ինչ հնարավոր է` մեզ չի հետաքրքրում, ինչ ասում ենք և անում ենք`անհնարինի ոլորտից է։ Վկա` զարմանահրաշ փաստը, որ 5000 զինվորի կյանքի և տասնյակ հազարավորների արյան գնով Արցախը հանձնելուց հետո դեռ նստած է իր թախտին և այդքանից հետո համարձակվում է հոխորտալ սրա-նրա վրա։
Մեծն մանիպուլատորի մյուս պրոպագանդիստական «թեզն» այսպես է հնչում. ինչպե՞ս կարելի էր հրապարակել մի տեքստ, որի 90 տոկոսը, նույնիսկ եթե մեկին մեկ համապատասխանում է իրականությանը, «փակ» է ընթերցողի համար` դա խայտառակ «անհարգալից վերաբերմունք է քաղաքացու նկատմամբ»։ Երբ ի՛նքն էր հրապարակում անվտանգության խորհրդի հայտնի նիստի «սղագրությունը», որի 99 տոկոսը սև էր, կոնտեքստից կտրում և ներկայացնում ընդամենը երկու պարբերություն, որոնցից իբր հետևում է, որ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը ստում էր` ասելով, որ պատերազմի 4-րդ օրն է զգուշացրել վերահաս պարտության մասին և պահանջել ամեն գնով կանգնեցնել արյունահեղությունը, ամեն ինչ «օքեյ» է։ Իսկ երբ Միքայել Մինասյանն է դա անում` իրեն հայտնի պատճառներով, սարսափելի անհարգալից վերաբերմունք է պարտված, բայց իրեն պարտված չճանաչող հպարտ քաղաքացու նկատմամբ։
Հաջորդ մանիպուլյացիոն դրույթը, որ մի քանի անգամ շրջանառության մեջ դրեց ԱԺ ամբիոնից, հետևյալն է. «Ադրբեջանի ազդեցության գործակալները» շահարկում են ադրբեջանական անկլավների թեման, բայց, չգիտես ինչու, մոռանում են Արծվաշենի մասին։ Իբր` ի՞նչ է եղել, որ. մենք Տիգրանաշենը, Տավուշի և Գեղարքունիքի մի շարք բնակավայրեր կզիջենք ադրբեջանին, փոխարենը հետ կբերենք սովետի ժամանակ անկլավի կարգավիճակով ադրբեջանական ԽՍՀ տարածքում խաղաղորեն ծվարած Արծվաշենը։
Ուզում է ասել` եթե ալիևն ինչ-որ հրաշքով համաձայնի վերադարձնել Արծվաշենը, հայ մարդն առանց ժամանակ կորցնելու, հեշտ ու հանգիստ «վեշերը կհավաքի», կգնա և բնակություն կհաստատի չորս կողմից թուրք և ազերի «գորշ գայլերով» շրջափակված («պարփակված») գյուղում` շատ լավ իմանալով, որ սրանք, երբ ուզեն, վկա կտան ու ձեռաց պատառ-պատառ կանեն իրեն և իր ընտանիքի անդամներին։ Կապիտուլյանտը պատրա՞ստ է իր «բազմամարդ ընտանիքով» օրինակ ցույց տալ` գնալ, տուն-տեղ դնել թուրքի քթի տակ` այս մասին, բնականաբար, ոչ մի խոսք։
Մտքի ևս մի փայլատակում. «Մենք ուզո՞ւմ ենք Ադրբեջանի տարածքով անցնենք, ուզում ենք Ադրբեջանը մեր տարածքով չանցնի՞», ի՞նչն է խանգարում, որ մենք Ադրբեջանի տարածքով միանանք Ռուսաստանին, Իրանին, ադրբեջանը մեր տարածքով միանա Թուրքիային ու Նախիջևանին` սրանից լավ բա՞ն։ Ոչինչ, որ միանալու գինը ադրբեջանի երազած «խաղաղության համաձայնագիրն» է, որով Հայաստանը շագրենի կաշվի պես փոքրանալու է` այնքան, որքան ալիևի ախորժակը թույլ կտա, Արցախի կորուստն էլ դառնալու է անշրջելի։ Դե, իսկ թշնամու տարածքով ազատ երթևեկելու «հեռանկարն» ամենամեծ սուտն է, որ գերագույն սուտասանը երբևէ հնարել է։
Իսկ ի՞նչ արժե գերագույն մանիպուլյատորի զգայացունց պատմությունը թշնամու Սյունիք և Գեղարքունիք սողոսկելուց հետո իր կողմից գործադրված տիտանական ջանքերի` «ահռելի դիվանգիտական աշխատանքի» մասին, որի հետևանքով... թշնամական «զորքի» թվաքանակը Հայաստանում նվազագույնը 2-3 անգամ ավելացել է` 200-ից հասել է 600-ի, մեր տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերն էլ համալրվել են մի քանի տասնյակ հրետանային և այլ ծանր տեխնիկայով, դատեք ինքներդ...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը