Կարծիք

21.05.2021 10:39


Փաշինյանն այսօր հասել է այն սահմանագծին, որից այն կողմ ոչ միայն տարածքների, այլև հայկական պետականության կորուստն է, ողջ Հայաստանի հայաթափումը և նոր գաղթը պատմական հայրենիքից

Փաշինյանն այսօր հասել է այն սահմանագծին, որից այն կողմ ոչ միայն տարածքների, այլև հայկական պետականության կորուստն է, ողջ Հայաստանի հայաթափումը և նոր գաղթը պատմական հայրենիքից
ԻՆՉՊԵՍ ԽԱՓԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ, ելույթ ունենալով Ազգային ժողովի նիստում, արդեն իսկ վարչապետի պաշտոնից հրաժարված, սակայն նրանից հուսահատորեն կառչած Նիկոլ Փաշինյանը բացահայտեց այն դավադրությունը, որն ինքը և իր "կիրթ" գործընկեր Իլհամ Ալիևը իրականացնում են Հայաստանի դեմ, գործելով հեռահար պասերով։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է վերադառնալ Խորհրդային Հայաստանի սահմաններին և ճանաչել դա որպես Ադրբեջանի հետ նոր սահման։ Դա Ալիևի վաղեմի երազանքն է, որի համար նա ջանք ու եռանդ չի խնայում, քանի որ հրաշալի գիտի, որ այդ սահմաններում Արցախը այևս գոյություն չի կարող ունենալ, իսկ Հայաստանը կդատապարտվի ներքին տրանսպորտային շրջափակման, և արդյունքում դանդաղ մահվան։
Դեռևս 2020 թ․ նոյեմբերի 9-ի Կապիտուլիացիայի ակտի առաջին տարբերակում, որը հայտնվել էր մամուլում, Փաշինյանը նախատեսում էր զիջել Ադրբեջանին ՀՀ Տավուշի մարզի տարածքում գտնվող, բայց խորհրդային տարիներին Ադրբեջանի կողմից յուրացված մի քանի բնակավայրեր (Վերին և Ներքին Ոսկեպար, Բաղանիս Այրում, Սոֆուլու և Բարխուդարլու), որոնք հետագայում ազատագրվել էին հայկական բանակի կողմից։ Փաշինյանի և Ալիևի այս պլանը ձախողվեց հայկական բանակի ղեկավարության կոշտ հակազդեցության պատճառով, և հայտարարության վերջնական տարբերակից այն հանվեց, սակայն այս "զույգը" իր պլանից չհրաժարվեց։
Նույն թվականի դեկտեմբերին, Նիկոլ Փաշինյանի հրահանգով, և նրա կողմից նշանակած Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի անմիջական ղեկավարությամբ, հայկական բանակի ստորաբաժանումներին և կամավորական խմբերին հրաման տրվեց նահանջել Սյունիքի արևելյան սահմանը Գորիսից Կապան հատվածում պաշտպանող անառիկ դիրքերից, թեև Կապիտուլիացիայի ակտով դա նույնիսկ նախատեսված չէր։ Փաշինյանը առանց կրակոց, և նույնիսկ առանց փաստաթուղթ, հանձնեց բանակի կողմից արյունով պահված մոտ 200 քառակուսի կմ տարածքը, Հայաստանից Իրան գնացող ռազմավարական ճանապարհը դնելով Ադրբեջանի վերահսկողության տակ, և թույլ տալով, որ մարզկենտրոն Կապանը իր 40 հազար բնակչությամբ հայտնվի թշնամու ուղիղ նշանառության տակ՝ հիմնավորելով դա Սյունիքի սահմաններում "խաղաղություն" հաստատելու հրամայականով։
Դրանից հետո արդեն, 2021 թ․ փետրվարին, Ադրբեջանը նորից իր զորքերը մոտեցրեց Տավուշի սահմաններին, պահանջելով հանձնել այնտեղի խնդրո առարկա բնակավայրերը, սակայն հայկական բանակը, որն այն պահին դեռ վերջնականորեն չէր գլխատված Նիկոլ Փաշինյանի կողմից, այս անգամ կոշտ հակազդեցություն ցույց տվեց, որի արդյունքում Ադրբեջանը ստիպված եղավ հետ քաշել իր ուժերը։
Փաշինյանը և Ալիևը, տեսնելով, որ անմիջականորեն Տավուշի մարզում անհնար է ուժային ճնշման միջոցով կոտրել հայկական բանակի դիմադրությունը, որոշեցին այլ ուղի ընտրել։ Օգտվելով նրանից, որ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի ամբողջ արևելյան սահմանում Կապիտուլիացիայի և իր հետագա միակողմանի զիջումների արդյունքում ձևավորվել է 500 կմ բաց սահման, որը չունի ամրաշինությունուններ, Փաշինյանը հայտարարվեց, որ սահմանի այս հատվածը կվերահսկեն սահմանապահ ուժերը, իսկ բանակը կտեղակայվի մեր տարածքի խորքում, և մեր անվտանգության երաշխավորը կհանդիսանան ՌԴ Խաղաղապահ ուժերը։ Այս կեղծ հիմնավորմամբ Հայաստանի կողմից բանակի ստորաբաժանումները միակողմանիորեն նորից ետ քաշվեցին արդեն իսկ արհեստական խորհրդային սահմանից, դրանց փոխարեն այնտեղ տեղակայվեցին ԱԱԾ Սահմանապահ զորքերի կցկտուր ուժեր, որոնք չունիեն այդ հսկայական սահմանը վերահսկելու որևէ իրական կարողություն։ Փաստացի, ամբողջ այդ սահմանը Փաշինյանի կողմից անպաշտպան թողնվեց Ադրբեջանի դիմաց, որն էլ անարգել մայիսի 12-ին ներթափանցեց իր կողմից կամայական ընտրած մի քանի ուղղություններով, մոտեցավ հայկական բնակավայրերին, և սկսեց հերթական ուժային շանտաժը։
Այս ամենի ֆոնի վրա, երեկ Փաշինյանը հայտարարեց, որ լուծումը Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատումն է, և Ադրբեջանի պահանջած տարածքների վերադարձը։ Եթե Հայաստանը գնա այդ աղետալի քայլին, ապա Տավուշի մարզի մեծ մասը կհայտնվի թշնամու կրակային վերահսկողության տակ, Արարատյան դաշտից Վայոց ձոր և Սյունիք գնացող հիմնական ճանապարհը ևս կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ, և Ադրբեջանը հնարավորություն կունենա քայլ առ քայլ սեղմել մահաբեր օղակը մեր երկրի շուրջը։ Ճանաչելով նաև Ադրբեջանի հետ սահմանը, Հայաստանը վերջնական կհրաժարվի Արցախից, փաստացի ընդունելով, որ այն Ադրբեջանի մաս է կազմում։
Փաշինյանի տրամաբանությունը շատ պարզ է՝ օգտվելով իր ունեցած համարյա անսահմանափակ լիազորություններից և բնակչության առավել ընչազուրկ մասի կույր աջակցությունից, քայլ առ քայլ կազմաքանդել հայկական պետությունը, և մաս-մաս հանձնել նրա տարածքները և ռեսուրսները թշնամուն՝ սեփական իշխանությունը երկարաձգելու դիմաց։ Մինչ այժմ նա դա իրականացնել է նախանձելի հետևողականությամբ՝ յուրաքանչյուր պահին օգտվելով իր հակառակորդների անվճռականությունից, մարդկանց մի մասի միամտությունից, մյուս մասի հիասթափությունից, երրորդների վախերից, արդյունքում աչքներիս առաջ նա արդեն հանձնել է դեռ կես տարի առաջ մեր վերահսկողության տակ գտնվող տարածքների 20%-ը։ Սակայն այսօր նա հասել է այն սահմանագծին, որից այն կողմ ոչ միայն տարածքների, այլև հայկական պետականության կորուստն է, ողջ Հայաստանի հայաթափումը և հայության նոր գաղթը պատմական հայրենիքից։
Այսօր, յուրաքանչյուրս պետք է մեզ համար որոշում ընդունենք՝ մենք պատրաստ ենք հաղթահարել մեր վախերը և կանգնեցնել մեր պետության կործանման ընթացքը, թե կշարունակենք գլորվել ներքև՝ դեպի նոր Ցեղասպանություն և հայրենիքի կորուստ։ Եթե հիմա ճիշտ, թեև դժվար որոշում ընդունենք, ապա պետք է արգելափակենք Փաշինյանի որևէ հնարավորություն՝ Հայաստանի անունից նոր միջազգային փաստաթղթեր ստորագրելու, զրկենք նրան բանակի նկատմամբ փաստացի վերահսկողությունից, կոշտ հակահարված տանք մեր երկրի տարածք ներխուժած հրոսակերին, և համատարած պատրաստվենք մեր երկրի յուրաքանչյուր տարածքի պաշտպանությանը։ Եթե այսօր ընդունենք այդ դժվար որոշումները, դեռ կարող ենք խափանել Հայաստանի դեմ լարված դավադրությունը, մեջքներս ուղղել, և ոտքի կանգնել։
Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը