Լրահոս

08.06.2011 11:20


«Թեղուտ» խումբ. «Ապահովել, որ յուրաքանչյուր հայ բարձրաստիճան պաշտոնյա իր կյանքում կարողանալ անել երեք բան»

  1. Բացառիկ գերակա հանրային շահ սահմանելով` բացել ՀՀ նախագահի նստավայրի դեռևս խորհրդային ժամանակահատվածում հայտնաբերված ոսկու հանքավայրը, որով կլուծվի ինչպես ոսկու պետական պահուստային պաշարների վերականգնման խնդիրը, այնպես էլ` Հանրապետության հրապարակում Կառավարական տան վրա կառուցվելիք թմբուկի ոսկեզօծման հարցը:
  2. Բացառությամբ մեկ ծառի, կտրել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի վանական համալիրի հարակից պուրակի բոլոր ծառերը և տարածքը բարեկարգել` կազմակերպելով ավտոկայանատեղի արտասահմանյան մակնիշի մեքենաների համար` նախապատվությունը տալով «Բենթլի» մակնիշի մեքենաներին:
  3. Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի վանական համալիրում պահպանված միակ ծառից կախաղան բարձրացնել ՀՀ ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի աշխատասենյակի հավաքարար Վալերիա Տեր-Մեժլումյանին և ՀՀ Կառավարական տան  անվտանգության աշխատակից Միլիոն Վարչապետյանին: Այս քաղաքացիները մեղադրվում են նրանում, որ իրենց անմիջական պարտականությունները կատարելու փոխարեն, սողոսկել են նշված հանձնաժողովի նախագահի համակարգիչ, և «Օդնոկլասնիկի» կայքում ընկերների հետ շփվելու ու բուլկի ուտելու ընդմիջումներում փոփոխություններ կատարել օրենքների նախագծերում` ավելացնելով հանքարդյունաբերողների վրա դրված հարկերը:
  4. Ռացիոնալ հողօգտագործման քաղաքականության շրջանակներում չորացնել  Սևանա լիճը և տարածքն օգտագործել երկրի քաղաքական էլիտայի համար բարենպաստ բիզնես միջավայր ձևավորելու նպատակով` ավելացնելով կազինոների, պոռնկատների և այլ զվարճանքի վայրերի խտությունը:
  5. Հայաստանի հատուկ պահպանվող տարածքները տրամադրել ՀՀ վաստակավոր թոշակառու Ռոբերտ Քոչարյանին` Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական զբոսաշրջությունը, մասնավորապես` Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսը զարգացնելու նպատակով:
  6. Պետական բյուջեից բավարար միջոցներ հատկացնել սփյուռքի նախարարությանը Կարմիր գրքում գրանցված կենդանիներիի համար իրականացնելու «Շուտ արա` արի բուն» ծրագիրը:
  7. Բացառությամբ Ռոբերտ Քոչարյանին տրված հատուկ պահպանվող տարածքներում գտնվող անտառներից, Հայաստանի մնացած անտառները կտրել, դրանց տեղերում կառուցել պատգամավորների ծնողների ու զավակների անուններով եկեղեցիներ, ինչպես նաև` գիշերային ակումբներ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար:
  8. Հայաստանի բոլոր 14 և առաջիկայում նախատեսվող պոչամբարների շուրջը կառուցել էլիտար, ռուսալեզու, միջազգային չափանիշներին համապատասխանող մանկապարեզներ ու դպրոցներ, որոնց սպասարկումը կազմակերպել մետաղներով և վիտամիններով հարստացված տեղական հումքի հիման վրա: Բուն պոչամբարների տարածքում կազմակերպել ռեկրեացիոն գոտի` խթանելու միջազգային համագործակցությունը մասնավորապես ռուսական, չինական, հնդկական և օֆշորային գոտիների հանքակրթական կենտրոնների հետ:
  9. Ատոմակայանի օգտագործած ուրանից մնացած մասունքներն օգտագործել որպես պարարտանյութ Արարատյան դաշտի այգիների համար` նախապատվությունը տալով հայկական կոնյակի համար արտադրվող խաղողի այգիներին:
  10. Թունաքիմիկատների գերեզմանոցները հայտարարել բնության հատուկ պահպանվող տարածքներ` դրանց բարեկարգման աշխատանքները հանձնարարելով ՀՀ բնապահպանության նախարարի կողմից հովանավորվող  ընկերություններին և կատարելով զգալի ֆինանսական հատկացումներ պետական բյուջեից:
  11. Հայաստանի գետերի արտահոսքը դեպի թշնամական երկրներ թույլատրելու փոխարեն հայկական լեռնաշխարհի քաղցրահամ սառնորակ ջուրը մատակարարել հանքարդյունաբերության, ձկնաբուծության և հիդրոէներգետիկայի զարգացման աննախադեպ տեմպեր ապահովող հայրենի օլիգարխներին:
  12. Ապահովել առողջ սնունդ օլիգարխների անձնական գազանանոցների կենդանիների համար: Հաշվի առնելով մեր երկրում արագորեն տարածվող անապատացման գործընթացները և անապատա-տափաստանային կենդանիների ներկրման բիզնեսի զարգացման հեռանկարները, օլիգարխների տնային վագրերի ու առյուծների սննդակարգում էշերին փոխարինել մասնավորապես Դեր Զորի անապատի ուղտերով:
  13. Անարգանքի սյունին գամել Հայաստանի աղբը մշտապես երկրի սահմաններից դուրս տանող` էկոլոգիական խնդիրներով կեղծ մտահոգություն արտահայտող գրանտակեր ՀԿ-ների ղեկավարներին, անդամներին և կամավորներին:
  14. Դադարեցնել Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում իրականացվող անկանոն կանաչապատումը և անիմաստ հողօգտագործումը: Նախագծային աշխատանքները կենտրոնացնել մեկ մարմնում և հանձնարարել Ամենայն Հայոց Ճարտարապետ Ճ.Ճ. Նապոլեոն Սարգսյանի հայեցողությանը:
  15. Ապահովել, որ յուրաքանչյուր հայ բարձրաստիճան պաշտոնյա իր կյանքում կարողանալ անել երեք բան.

ա/ կտրել իր տան առջևի, փողոցի և հարևանի դռան առջևի ծառերը.

բ/ քանդել հարյուր տուն և կառուցել մեկ կազինո` հիմք ընդունելով բացառիկ գերակա հանրային շահը.

գ/ բացել երեք հանքավայր` գյուղատնտեսական հողերից զրկելով առնվազն 50 տնտեսություն.

դ/ հիմնել չորս ձկնաբուծարան` ցամաքեցնելով արտեզյան ջրերի աղբյուրները և ջրազրկելով առնվազն 3 գյուղական համայնք.

ե/ պահել տասը թիկնապահ` յուրաքանչյուրին նվիրելով հանրային կանաչ տարածքում առնվազն մեկ սրճարան

զ/ տալ անդաստիարակ ու հանցագործ սերունդ` ապահովելով նրա բարեկեցությունը ու գրանցելով հազարավոր դոլարների հասնող սեփականություն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

«Թեղուտ» խումբ

Այս խորագրի վերջին նյութերը