Կարծիք

20.05.2021 10:41


Հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի փաստաթուղթը հակասահմանադրական և հակահայկական է, որը հանգեցնելու է կործանարար հետևանքների և մահացու հարված է հասցնելու հայոց պետականությանը

Հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի փաստաթուղթը հակասահմանադրական և հակահայկական է, որը հանգեցնելու է կործանարար հետևանքների և մահացու հարված է հասցնելու հայոց պետականությանը
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանների դելիմիտացիայի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը հերթական հակահայկական և հակասահմանադրական փաստաթուղթն է:
Ի դեպ, ըստ տարածված հավաստի տեղեկատվության, այս փաստաթղթի ստորագրմանը կտրուկ դեմ է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։
Փաստաթուղթը հակասահմանադրական է, քանի որ
իր բովանդակությամբ քաղաքական բնույթի միջազգային պայմանագիր է, օրինակ՝ սահմանում է դելիմիտացիայի իրականացման սկզբունքները, ժամկետները, դելիմիտացիոն հանձնաժողով ձևավորելու կարգը և ամենակարևորը նախատեսում է ՀՀ պարտավորությունը ճանաչել ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանները՝ ըստ հայտարարության մեջ նախատեսված պայմանների և ընթացակարգի,
Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը, ուստի՝ Հայաստանն այս պահին չունի վարչապետ, իսկ մեկ ամսից՝ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ և ձևավորվելու է նոր կառավարություն:
Հետևաբար, Հայաստանում այս պահին չկա պատշաճ սահմանադրաիրավական մարմին, որն իրավասու է բանակցել ՀՀ հետագա ճակատագրի համար անկյունաքարային այս փաստաթղթի շուրջ:
Ճիշտ է, իշխանական սատելիտները կարող են փորձել փաստարկել, որ
ա) Փաշինյանը հանդիսանում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ինչն իրավական տեսանկյունից, մեղմ ասած, վիճահարույց է, եւ
բ) վարչապետի պաշտոնակատարը կարող է իրականացնել վարչապետի բոլոր լիազորությունները, ինչը գործող օրենդրության շատ սահմանափակ մեկնաբանություն է:
Սահմանադրության ոգու համաձայն՝ բարձրագույն իշխանություն կրողը՝ ժողովուրդը, մեկ ամսից ձևավորելու է նոր իշխանություն, իսկ կառավարության անդամների ժամանակավոր պաշտոնակատարները պետք է ունենան միայն այնքան լիազորություն, որքան անհրաժեշտ է կառավարության բնականոն գործունեությունն ապահովելու հանար՝ մինչև նոր կառավարության ձևավորումը։
Ժամանակավորապես պաշտոնավարող կառավարությունը չի կարող կատարել այնպիսի գործողություններ կամ ստանձնել այնպիսի պարտավորություններ, որոնք ճակատագրական են պետության համար:
Հատկապես այն դեպքում, երբ անգամ Փաշինյանն է ընդունել, որ չունի նախկին հանրային վստահությունը, ինչի պատճառով գնում է արտահերթ ընտրությունների:
Այսինքն, նա ընդունում է, որ այս փուլում չունի ժողովրդի կողմից տրված մանդատ՝ բանակցելու և ստորագրելու ՀՀ ապագայի տեսանկյունից այս վճռորոշ եւ հակասահմանադրական փաստաթուղթը:
Ավելին՝ Ադրբեջանի հետ դելիմիտացիոն բանակցություններն անթույլատրելի են, քանի դեռ՝
Ադրբեջանում պահվում են հայ ռազմագերիներ. քանի որ, ինչպես այս հայտարարարության ստորագրման փուլում, այնպես էլ՝ դրա իրականացման ընթացքում Ադրբեջանն անընդհատ օգտագործելու է հայ ռազմագերիներին որպես կոպիտ ճնշման գործիք՝ փորձելով խաղարկել այդ հարցն ամեն վիճահարույց իրավիճակի, անգամ՝ բլրակի կամ հարյուր մետրի մասով նշված յուրաքանչյուր հարցով՝ հանգեցնելով հակահայկական հետևանքների,
Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում, այսինքն՝ այս բանակցությունները՝ դելիմիտացիան ու դեմարկացիան իրականացվում են բացահայտ սպառնալիքի ներքո, ինչը կրկին անգամ հանգեցնելու է հակահայկական հետևանքների,
դելիմիտացիայի վերաբերյալ եռակողմ փաստաթուղթը, ինչպես նաև այդ գործընթացի իրականացումն անմիջապես հետպատերազմյան շրջանում, երբ հայկական կողմը և հասարակությունն ունի պարտված հոգեբանություն, իսկ Ադրբեջանն իրեն դրսևորում է որպես անզիջում մաքսիմալիստ, որևէ դեպքում հաշվի չեն առնվելու հայկական կողմի շահերը:
Հայ ժողովրդին ժամանակ է պետք վերականգնելու հավատքը սեփական ուժերի, պետականության և բանակի նկատմամբ, և, քանի դեռ, դա տեղի չի ունեցել, նշված հարցի վերաբերյալ ցանկացած գործընթաց կրկին հանգեցնելու է հակահայկական հետևանքների:
Հետևաբար, Միքայել Մինասյանի կողմից հրապարակված հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի վերաբերյալ եռակողմ փաստաթուղթն իր էությամբ և բնույթով հակասահմանադրական և հակահայկական փաստաթուղթ է, որը հանգեցնելու է կործանարար հետևանքների և մահացու հարված է հասցնելու հայոց պետականությանը։
Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը