Ծեր աղվեսը` գերագույն խառնակիչ, բոլոր ժամանակների ամենամեծ խարդավանքչի Լևոն Տեր-Պետրոսյանը հավատարիմ մնաց ինքն իրեն. մինչ ոմանք շարունակում են գովերգել պարտվողականության գաղափարախոսին իր «իմաստուն» նախաձեռնության համար` համախմբվել պետակակործան պատուհասի դեմ և ընտրություններին մասնակցել «եռանախագահության» ձևաչափով, սա համագումար արեց ու բացատրեց իր «միավորիչ ջանքերի» իրական շարժառիթը։ Այն է` ամեն գնով կանխել Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը առաջիկա ընտրություններում։
Ասել է թե` գիտի, շատ լավ հասկանում է, իսկ «Հայաստան» դաշինքի տպավորիչ «նորամուտից» հետո մեկին մեկ համոզված է, որ չարիքի դեմն առնելու`ազգակործան պատուհասի նկատմամբ եթե ոչ բացարձակ, ապա հարաբերական առավելության հասնելու ռեալ հնարավորություն ունեցող ընդդիմադիր միակ գործիչը հե՛նց Ռոբերտ Քոչարյանն է։ Ավելին, հրաշալի գիտի, չի կարող չիմանալ` Ռոբերտ Քոչարյանն է այն եզակի պետական գործիչը, որ իշխանության գալու դեպքում ի վիճակի է դուրս բերել երկիրը անդնդախոր փոսից, որի մեջ հայտնվել ենք իր հոգեզավակի եռամյա «շինիչ գործունեության» պատճառով։
Եվ ամենաքիչը երեք անգամ ցույց է տվել ճգնաժամային կառավարչի իր հմտությունները։
Առաջին անգամ`90-ականների սկզբներին` կազմակերպելով և համակարգելով Արցախյան ազատամարտը, որպես ՊՊԿ նախագահ։ Երկրորդ անգամ` 1997-2008թթ., նախ, որպես վարչապետ, ապա` նախագահի կարգավիճակում, վերագործարկելով և զարգացնելով Տեր-Պետրոսյանի ու իր մորեխակույտի թեթև ձեռքով ավերված, կաթվածահար վիճակում գտնվող տնտեսությունը (Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո ստեղծված բարոյահոգեբանական, քաղաքական ճգնաժամի հաղթահարումն էլ` Ձեզ նվեր)։ Երրորդ անգամ` հետ մղելով 2008-ին նույն Տեր-Պետրոսյանի ու իր հոգեզավակի համատեղ ջանքերով մեզ պարտադրված քաղաքացիական պատերազմը և 10 տարով հետաձգելով Արցախի հանձնումը, որպես Հայաստան պետության կազմաքանդման նախերգանք։
Ի՞նչ պիտի աներ Հայաստանի վաղվա օրով իրապես մտահոգ պետական, քաղաքական գործիչը, որպիսին փորձեց ներկայանալ Տեր-Պետրոսյանը` հրապարակայնացնելով փակ դռների հետևում տեղի ունեցած եռակողմ քննարկումների բովանդակությունը, մոլորեցնելով ընդդիմադիր դաշտի մի հատվածին, որ այսօր էլ ախուվախ է անում տապալված քվազիմիավորիչ նախաձեռնության համար և ափսոսանք հայտնում, որ չհաջողվեց ի մի բերել երեք նախկին նախագահներին պետականակործան պատուհասի վերարտադրությունը կանխելու «ազգափրկիչ» գաղափարի շուրջ։ Սա` այն դեպքում, երբ ի սկզբանե պարզ էր` դրա հիմնական թիրախը երկրորդ նախագահն է։
Ճի՛շտ է` պետք է մի կողմ դներ 1998-ից եկող իր վախերը և անառողջ ամբիցիաները, մոռանար աբիժնիկության բարդույթը և գոնե մի կողմ քաշվեր` չխանգարեր կապիտուլյանտին քշելու շանս ունեցող միակ թեկնածուին։ Իսկ ի՞նչ արեց Տեր-Պետրոսյանը. ի լուր աշխարհի հայտարարեց, որ պայքարելու է նրա դեմ։ Կամ, որ նույնն է, ամեն ինչ անելու է Հայաստանի` 2018-ին սկսված և 2020թ.նոյեմբերի 9-ին գրավոր ամրագրված կապիտույլացիան անշրջելի դարձնելու համար։
Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ Տեր-Պետրոսյանի նախընտրական տվայտանքների մասին...
Կարմիր կովը կաշին չի փոխում, հո զոռով չի...