Կարծիք

17.05.2021 10:39


Սահման քաջաց՝ զէնն իւրեանց

Սահման քաջաց՝ զէնն իւրեանց

այ-ադրբեջանական պետական սահմանը, որպես այդպիսին, երբեք չի գծվել: 1918-ի մայիսից, անկախություն հռչակելուց հետո, երկու երկրների միջև բախումներ սկսեցին: Արհեստածին Ադրբեջանը, իր ստեղծման առաջին օրվանից, ձգտելով նորահայտ ազգի համար կենսական տարածքներ ապահովել, իր ապօրինի պահանջներն էր ներկայացնում հայոց պատմական հողերի նկատմամբ, որոնք հայոց թագավորության մաս են կազմել, երբ հայերս անկախ ենք եղել, և որտեղ հայերս շարունակել ենք ապրել, նույնիսկ պետականությունը կորցնելուց հետո: Սահմանային բախումները և տարածքային վեճերը շարունակվեցին մինչև 1920-21 թթ., երբ երկու երկրներում նախ հաստատվեց սովետական իշխանությունը, իսկ հետո երկրները կորցրեցին իրենց անկախությունը: «Ժողովուրդների կամքով ստեղծված միասնական և հզոր Սովետական Միությունում» հանրապետությունների միջև սահմանները պետական կոչել որևէ կերպ չէր կարելի: ՍՍԽՄ ձևավորման պահին հանրապետությունների սահմանները որոշվում էին փաստացի ինքնիշխանության, էթնիկ, պատմական, աշխարհագրական, տնտեսական և քաղաքական հիմքերով: Վերջին հիմքը շաղախն էր, որը դատապարտում էր հանրապետություններին ապրել իրար հետ: Օրինակ՝ եթե հայերը որոշեին դուրս գալ ՍՍՀՄ-ից, նրանք Արցախի հետ վարամիավորման հնարավորությունը: Նույն սկզբունքով գծվեցին միջինասիական հանրապետությունների սահմանների որոշ տեղամասեր:

Սովետական Միության փլուզումից հետո նախկին եղբայրական հանրապետությունները «ժառանգեցին» իրենց սովետական սահմանները: Աշխարհը, կարծես թե ապահարզանի այդ տարբերակին դեմ չէր: Լուրջ տարաձայնություններ, որոշ բացառություններով, կարծես թե, չկային: Հայաստանի պարագան այլ էր: Ի տարբերություն այլ հանրապետությունների, մեր անկախության պայքարն արցախյան ազատամարտն էր: Մենք ոչ միայն պայքարում էինք անկախության վերականգնման, այլև միասնական հայրենիքում ապրելու հայերի անօտարելի և անժամանցելի իրավունքների համաւ: Չմոռանանք, որ արցախյան պայքարի կարգախոսը միացումն էր՝ Միացում, ազգերի ազատ ինքնորոշման հիմքով: Արդեն հետո, 1991-ի օգոստոսյան հեղաշրջման ձախողումից հետո, արցախցիք (ԼՂԻՄ + Շահումյանի շրջան), տվյալ պահին գործող ՍՍՀՄ սահմանադրության տառին և ոգուն համաձայն, հռչակեցին իրենց անկախությունը և ինքնիշխան պետության ստեղծումը: Դա 1991-ին, բայց մինչև այդ, դեռևս 1988-ին սկիզբ առած խաղաղ պայքարը, շատ շուտով հրապարակներից տեղափոխվեց ռազմադաշտ: Զինյալ պայքար բռնկվեց Արցախում և հայ-ադրբեջանական «սահմանի» երկայնքով:

Ինչևէ, պատմական էքսկուրսը չի հանդիսանում սույն ակնարկի բուն նպատակը: Սակայն այս էքսկուրսը կօգնի հասկանալ, թե ինչու՞ ադրբեջանցիք հիմա և հենց Սև լճերի շրջանից հարձակում գործեցին Հայաստանի Հանրապետության վրա: Ի՞նչ նպատակ են նրանք հետապնդում: Ադրբեջանցիք ուզում են գծել հայ-ադրբեջանական սահմանը, որի մեկնարկային կետ է հանդիսանալու նախկին սովետական հանրապետությունների միջև վարչական սահմանը: Հղում կատարելով նախկին սովետական քարտեզներին ու GPS համակարգին, նրանք զինվորական ներկայություն հաստատեցին Սյունիքի մարզի արևելյան սահմաններին՝ Գորիսից հարավ, մինչև Կապան քաղաքը, Եղվարդ ու Ճակատեն գյուղերը: Հայաստանը դա կուլ տվեց: Կապիտուլյանտը հայտարարեց, որ ադրբեջանական առաջխաղացումը «բանավոր ըմբռնման» արդյունք է: Հետո ի հայտ եկան արձանագրություններ, որոնք փաստեցին, որ կա բանավոր ըմբռնումը փաստաթղթի վերածած գրավոր փաստաթուղթ:

Սրանով կարելի է բացատրել, թե ինչու ադրբեջանցիք ներխուժման համար ընտրեցին հենց Սև լիճը: Լճափի մի մասը, համաձայն նախկին Սովետական քարտեզների, պատկանում էր Ադրբեջանական ՍՍՀ-ին: Եթե ադրբեջանցիները «բանավոր ըմբռնման արդյունքում» դրոշ պարզեցին Շուռնուխում, ապա ինչու՞ չեն կարող նույնն անել Սև լճի հյուսիսային ափին: Ամենայն հավանականությամբ, «բանավոր ըմբռնումը» վերաբերվել է սահմանազատման սկզբունքներին այլ ոչ թե կոնկրետ բնակավայրերին: Զարմանալի չէ, որ ռուսական կողմը կոչ արեց հարգել նախկին պայմանավորվածությունները, իսկ ամերիկացիք խոսեցին «վիճելի տարածքների» մասին: Իշխանական և իշխանամերձ ուժերը ետ չմնացին: Զորակոչից խուսափած և սեփական մոր դեմ ցուցմունք տված, «Լուսավոր Հայաստանի» ցանկով պատգամավոր ընտրված Արման Բաբաջանյանը Հ1-ի եթերով խոսեց «չեզոք գոտու մասին»: «Կայսերը մոտ կանգնած» նախկին ՀՀՇական Անդրանիկ Քոչարյանն էլ, իր հերթին, հայտարարեց, որ սահմանային խնդիրները դեռ հստակեցված չեն: Այս հայտարարությունները չեն կարող հարցեր ու մտահոգություններ չառաջացնել: Ի՞նչ պայմանավորվածություններ, ի՞նչ վիճելի տարածք, ի՞նչ չեզոք գոտի, ի՞նչ սահմանային խնդիրներ: Նման հարցեր Հայաստանի քաղաքական օրակարգում չէին եղել, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտն էլ սահմանային խնդիրների մասին ոչ մի դրույթ չի պարունակում… Ուրեմն էլ ի՞նչ փաստաթուղթ են ստորագրել կապիտուլյանտն ու իր ադրբեջանցի բարեկամը: էլ ի՞նչ անակնկալներ են մեզ սպասում:

Հարց է առաջանում, թե ինչու ադրբեջանցիները որոշեցին հենց հիմա իրենց սանձարձակ քայլը կատարել՝ անտեսելով կապիտուլյանտի հերթական հոխորտանքը, թե սահմանները կահավորված են, ընդ որում, այնքան լավ, որ ադրբեջանցիների դա նույնիսկ չեն տեսնում: Պատասխանն ակներև է. ընտրություններ: Ադրբեջանցիք միամիտ չեն, հասկանում են, որ հունիսի 20-ից հետո Հայաստանում կարող է իրավիճակ փոխվել և ոչ իրենց օգտին: Նրանք շտապում են: Գիտակցում են, որ կապիտուլյատնից հեշտորեն կարելի է զիջումներ կորզել, մյուսներից՝ ոչ: Փաշինյանն իրեն դիրքավորում է որպես խաղաղարար, ով դադարեցրեց 44-օրյա պատերազմը, որպեսզի տասնյակ հազարավոր զինվորներ շրջափակման մեջ չհայտնվեն և չզոհվեն: Չէ, նա հազարավորներին չզոհեց, նա տասնյակ հազարների փրկեց: Փրկիչը հիմա էլ կփրկի: Իշխանությունները և իշխանական քարոզչամեքենան, որոնք որ մայիսի 12-ին, արծրունաբար, ժխտում էին ադրբեջանական ներխուժման փաստը, հիմա կոչ են անում պատրաստվել վատագույնին: Երբ հպարտ ժողովուրդը պատրաստ կլինի վատագույնին, սպիտակ ձիու վրա նստած կհայտնվի կապիտուլյանտն ու հարցը խաղաղ կերպով կլուծի. կսկսի սահմանազատման գործընթաց, որը հիմնված կլինի նախկին Սովետական Միության ներքին վարչա-տարածքային սահմանների վրա: Նիկոլն ի՞նչ մեղք ունի, կոմունիստներն են սահմաններն այդպես գծել: Ընտրությունների նախաշեմին կհիշեն նաև ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքը: Կապիտուլյանտը մեղք չունի, նա թույլ չտվեց որ կռիվ բռնկվի, մեղավոր են նախկինները:

Պետք չէ մոռանալ նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին: Կապիտուլյանտը միշտ էլ կկարողանա համոզել, որ ոչ մի վատ բան չի լինի, եթե ադրբեջանական մեքենաները երթևեկեն Հայաստանի մայրուղիներով, իսկ մենք Նախիջևանով հասնենք Մեղրի, կամ Ղազախով Թբիլիսի: Ի դեպ նշեմ, որ Սև լճի հատվածում Հայաստանի «լայնությունն» ամենափոքրն է՝ 40 կմ կարգի:

Ամփոփենք: Առանց լուրջ ջանքերի ադրբեջանցիները կարող են վերադառնալ նախկին սահմաններին: Հայաստանը դրանք կճանաչի, քանի որ կապիտույլանտը չի կարող դուրս գալ խաղաղարարի իր ամպլուայից: Ճանաչելով Սովետի թվին գծված Ադրբեջանի պետական սահմանները, Հայաստանը վերջնականապես կփակի Արցախի հարցը: Ավելին, ադրբեջանցիք կկարողանան վերադառնալ Տավուշում և Արարատում գտնվող իրենց նախկին անկլավներին: Պատկերացրեք ի՞նչ կլինի Տավուշի հետ, եթե ադրբեջանցիք հայտնվեն Ազատամուտի մոտակայքում՝ փակելով դեպի Բերդ տանող ճանապարևը, իսկ Ոսկեպարում փակեն Նոյեմբերյան տանող ճանապարհը: Իհարկե, կարող է հարց առաջանալ, թե ադրբեջանցիք ինչու՞ հենց Տավուշի կողմից հարձակում չնախաձեռնեցին: Պատասխանը պարզ է. նախկինները կահավորել էին հայ-ադրբեջանական շփման գծի տավուշյան հատվածը, իսկ կապիտուլյանտը Սյունիքում ձևավորված նոր շփման գիծն անպաշտպան էր թողել: Ավելի կարևոր գործեր ուներ. ուժեցաղում էր իր սեփական պաշտպանությունը:

Միգուցե Քյարքին վերադարձնելուն կապիտույլանտը չհամաձայնվի, փոխարենն առաջարկելով… Այ հիմա հասկանալի է, թե ինչու ադրբեջանցիք Հայաստան ներխուժեցին նաև Գեղարքունիքից: Չէ որ Ալիևը երբեք չի թաքցրել Սևանի ափ դուրս գալու իր մտադրությունը….

Լուծումը՞: Հայաստանը չպետք է տրվի ադրբեջանական սադրանքին: Զիջելով Շուռնուխում հարվածի տակ հայտնվեց Սև լիճը: Զիջելով Սև լիճը, կկորցնենք ամբողջ երկիրը:

Արթուր Խաչատրյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

Այս խորագրի վերջին նյութերը