Կարծիք

16.05.2021 13:07


Պետության ավարտը սկսում է բանակի ապալեգիտիմացումից

Պետության ավարտը սկսում է բանակի ապալեգիտիմացումից

44–օրյա պատերազմը ոչ միայն պետական ու մարդկային ողբերգություն էր, այլ նաև 44–օրյա ինտենսիվ ստերի մատուցման դիվերսիոն գործընթաց։

Սրանք այնքան են ստել, որ պաշտոնական բոլոր հաղորդագրություններն այլևս հակառակ իմաստով են ընկալվում գիտակից մարդկանց կողմից։

Հետանկախական շրջանում թերևս միակ պետական կառույցը, որի լեգիտիմությունը կասկածի տակ չէր դրվում, բանակն էր (թեև թուրքական 5–րդ շարասյունը տարիների ընթացքում ահագին վարկաբեկել էր այն)։

44 օրում Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան-Արծրուն Հովհաննիսյան եռյակը հողին հավասարեցրեց բանակի և ի վերջո՝ պետության լեգիտիմությունը․ պաշտոնյաների խոսքը զրո վստահություն ունի։ Դա է պատճառը, որ ՀՀ պաշտպանության նախարարության և ընդհանրապես բոլոր պետական մարմինների տարածած հաղորդագրություններին որևէ մեկը չի հավատում։

Երբ մարդիկ պաշտոնյաներից լսում են, որ ամեն ինչ կարգին է, անմիջապես խուճապի են մատնվում, քանզի տեսել են, թե ինչ է տեղի ունեցել «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո։

Հիմա մեր ՊՆ-ը հաղորդագրություն է տարածում Սյունիքում ու Գեղարքունիքում տիրող վիճակի կապակցությամբ, իսկ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մարտական լուսանկար է հրապարակում լճերից մեկի մոտից՝ ցույց տալու համար, թե իբր ամեն ինչ կարգին է, բայց որևէ նորմալ մարդ չի հավատում սրանց ասածներին կամ արածներին։

Ժողովրդական խոսք կա․ սուտասանի տանը հրդեհ է բռնկվում, կանչում է օգնության, որևէ մեկը չի արձագանքում, քանզի մտածում են, որ հերթական «փչոցն» է։ Այսինքն՝ եթե անգամ հազվադեպ ճիշտ բան ասեն սրանք, միևնույն է հավատացող չկա։

Հ․Գ․ Սովետական միությունը փլուզվեց, երբ կորավ հավատն իշխող գաղափարախոսության ու քարոզչական մեքենայի նկատմամբ։ Բազմաթիվ այլ պատճառներ էլ կային, իհարկե, սակայն գլխավորն այն էր, որ ինչ-որ պահից սկսած ԽՍՀՄ–ն արդեն լեգիտիմ չէր սովետական քաղաքացիների մտքերում և սրտերում։

Երբ «Վրեմյա» լրատվական ծրագիրը լսում ու հակառակն էին ընկալում, արդեն վերջն էր։ ԽՍՀՄ–ի վերջը։ Սարսափելի զուգահեռներ եմ անցկացնում, բայց ստիպված եմ։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը