Աշխարհ

16.05.2021 08:36


Իսրայելը վերջին 7 օրվա ընթացքում ամենաուժգին ավիահարվածներն է հասցրել Գազայի հատվածին, կան զոհեր ու բազմաթիվ վիրավորներ (տեսանյութ)

Իսրայելը վերջին 7 օրվա ընթացքում ամենաուժգին ավիահարվածներն է հասցրել Գազայի հատվածին, կան զոհեր ու բազմաթիվ վիրավորներ (տեսանյութ)

Իսրայելի օդուժը Գազայի հատվածի ուղղությամբ 150 ավիահարված է հասցրել վերջին ժամերին, որից 60-ը՝ միայն Գազա քաղաքին, հաղորդում է Al Jazeera-ի՝ Գազայում աշխատող թղթակիցը:

«Վերջին ժամերին Իսրայելի բանակը վերջին 7 օրվա մեջ ամենաուժգին ավիահարվածներն է հասցրել Գազայի հատվածին, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել»,-հայտնում է թղթակիցը:

Փրկարարները փլատակներից փորձում են ողջ մնացած մարդկանց դուրս բերել, եթե լինեն այդպիսիք:

Գազայի առողջապագության նախարարը հայտնել է, որ բազմաթիվ պաղեստինցիներ են ավիահարվածներից հետո բուժօգնության դիմում հոսպիտալներ:

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Յախ Սինվարի տանը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ տունը հարվածի հետևանքով փլուզվել է, թե որտեղ է այդ պահին գտնվել պաղեստինցի պաշտոնյան, հայտնի չէ:

Իսրայելը հրթիռային հարված էր հասցրել նաև Սինվարի տեղակալի՝ Հալիլ ալ-Հայիի տանը, որը ևս փլուզվել է:

Գազայի հատվածը վերահսկող «ՀԱՄԱՍ» խմբավորման ռազմական թևը ներկայացնող «Իզեդդին Ալ-Քասսամի բրիգադներ» խմբավորումը հայտնել է իսրայելական Աշկդոդ և Թել Ավիվ քաղաքների ուղղությամբ տասնյակ նոր հրթիռներ արձակելու մասին, հաղորդում է ТАСС-ը:

«Մենք սկսում ենք հրթիռային ուժգին հարվածներ հասցնել Թել Ավիվի և վերջինի արվարձանների ուղղությամբ, ինչպես նաև՝ տասնյակ հրթիռներ արձակել Աշդոդ քաղաքի ուղղությամբ՝ ի պատասխան «Ալ-Ջալյա» մզկիթի՝ հրթիռային հարվածից քանդմանն ու խաղաղ բնակիչների զոհվելուն»,-ասված է խմբավորման հաղորդագրությունում:

Ավելի վաղ պաղեստինյան կողմը հայտնել էր Թել Ավիվի հրթիռակոծումը երկու ժամով՝ մինչեւ կեսգիշեր դադարեցնելու մասին:

Իսրայելից դեպի Գազայի հատված և հակառակ ուղղությամբ փոխադարձ ինտենսիվ հրթիռակոծությունները չեն դադարում մայիսի 10-ից: Վերջին տվյալներով՝ իսրայելական կողմում կա առնվազն 10, պաղեստինյան կողմում՝ 146 զոհ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը