Լրահոս

07.06.2011 14:04


ՀՌԱԿ ատենապետ. «Իշխանությունը Լևոն Տեր–Պետրոսյանին մանկական մատ արեց»

ՀՌԱԿ ատենապետ. «Իշխանությունը Լևոն Տեր–Պետրոսյանին մանկական մատ արեց»

Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Էդվարդ Անտինյանը «Հայացք» ակումբում հայտարարել է, որ իշխանությունը Լևոն Տեր–Պետրոսյանին մանկական մատ արեց։

–Մատը չորս քայլից է։ Երեք քայլ անելուց հետո ասաց. «Այդ ի՞նչ ձևաչափ եք կազմում, այդ ի՞նչ մարդկանց եք պատվիրակությունների մեջ ընդգրկում, ո՞նց եք դուք միակ ընդդիմությունը և ի՞նչ եք անում»,–այսինքն, շախմատում, որը լուրջ խաղ է, երբեք հաղթողը պարտվողին չի ծաղրում։ Սոլիդ խաղում պարտվողին չեն ծաղրում։ Մի դեպք կա, երբ հաղթողը պարտվողին ծաղրում է՝ երբ նրան մանկական մատ է անում և ասում՝ ես այլևս քո հետ խաղալու բան չունեմ։ Այսինքն, շախմատն այլևս ավարտված համարենք։ Եվ այս ծաղրով, որ սկսվեց Հայ ազգային կոնգրեսի նկատմամբ, իշխանությունը վայելում է իր հաղթանակը, որից հետո ինչ էլ կատարվի մեր երկրում, այլևս ժողովուրդը, որին ասել են՝ մե՛նք թույլ չենք տալիս հեղափոխություն անել, չի վստահի այն լիդերին, որը կարող է այդպիսի վիճակի մեջ հայտնվել։ Այնպես որ, մտածել՝ Լևոն Տեր–Պետրոսյանը հետագայում կկարողանա իրավիճակից ուշքի գալ և իշխանությանն ինչ–որ բաներ պարտադրել, քիչ հավանական է,–ասել է Է. Անտինյանը։

ՀՌԱԿ ատենապետն ավելացրել է, որ իշխանությունը Լևոն Տեր–Պետրոսյանի ձեռքով կոտրեց ժողովրդի ըմբոստանալու հնարավորությունը, որից հետո ասաց. «Դու միակ ընդդիմությունը չես, կարողանայիր մարդ փողոց հանել, կհանեիր։ Ո՞վ է քեզ խնդրում զսպել ժողովրդին. եթե ուզում ես հանդիպման գալ, ընտանիքիդ անդամներին էլ բեր»,– և դա վերագրում են տունտունիկի։

–Այսինքն, սա ծաղր է արդեն։ Եթե սկսում են դիմացինին ծաղրել, մոռացե՛ք բանակցությունը,–ընդգծել է ՀՌԱԿ ատենապետը՝ ավելացնելով, որ, այսպիսով, ցույց տրվեց, որ 2008–ին կամ դրանից առաջ ժողովուրդն այդքան ագրեսիվ էր դարձել, որովհետև նրան սրել էին, Լևոն Տեր–Պետրոսյանն էլ խոստովանեց, որ այն ժամանակ սրողներն էլ էին իրենք, մեղմացնողներն էլ։

–Այդ մարդկանց հարցքաննել պետք չի. իրենք լավ էլ խոստովանում են,–հայտարարել է Է. Անտինյանը։

Նրա խոսքերով՝ Լևոն Տեր–Պետրոսյանն արդեն համակերպվել է նաև այն մտքի հետ, որ հաջորդ նախագահը կրկին Սերժ Սարգսյանն է լինելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը