Լրահոս

07.06.2011 14:04


Լյուդմիլա Սարգսյան. «Սերժ Սարգսյանը հիմա արբիտրի կարգավիճակով ուղղակի վերևից նայում է»

Լյուդմիլա Սարգսյան. «Սերժ Սարգսյանը հիմա արբիտրի կարգավիճակով ուղղակի վերևից նայում է»

Այսօր մենք սպասում ենք իշխանությունների արձագանքին,– լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Փաստարկ» ակումբում ասել է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։

Նա հիշեցրել է, որ ՀՀԿ մեծ ու փոքր անդամների կողմից տարբեր հայտարարություններ են հնչում, մասնավորապես որ պատվիրակություն կազմելու կարիք չկա, և արտահերթ ընտրություններին իշխանությունը երբեք չի գնա։

Կարծում եմ՝ այդ մոտեցումներին լուրջ վերաբերվելու որևէ հիմք չկա։ Մենք գործ չունենք ՀՀԿ–ի հետ. մենք խնդիրներ ենք վերհանել, ձևավորել ենք պատվիրակություն ու դրա հետ կապված արձագանքը սպասում ենք Սերժ Սարգսյանի կողմից,– ասել է Լ. Սարգսյանը։

Նրա կարծիքով, երբ խոսում է ՀՀԿ–ն ու ներկայացնում Սերժ Սարգսյանին որպես ՀՀԿ նախագահ,  իրենք էլ, չգիտակցելով, իջեցնում են Սերժ Սարգսյանի իրական ստատուսը։

Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով, բացի նրանից, որ առանձին հանրապետականներն ինքնագլուխ, առանց Սերժ Սարգսյանի իմացության են հայտարարություններ անում, ՀՀԿ–ի հետ նման խորհրդակցություն չի էլ վարվում, և նրանց այդ հայտարարությունները խուճապի դրսևորում են, ոչ թե բանականության.

Սերժ Սարգսյանը հիմա արբիտրի կարգավիճակով ուղղակի վերևից նայում է՝ ինչ է կատարվում թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական հատվածում։ Նա շատ լավ հասկանում է, որ իշխանական համակարգում խուճապը կարող է անվերահսկելի դառնալ, եթե ինքը շատ արագ արձագանքի, հետևաբար նա դեռ սպասում է։

Լյուդմիլա Սարգսյանը նաև ընդգծել է, որ Սերժ Սարգսյանն այնքան էլ հեշտ չի գնա զիջումների, բայց, ի վերջո, կգնա։

Պատասխանը, Լյուդմիլա Սարգսյանի խոսքերով, շատ ձգվել չի կարող, և ամեն ինչ պետք է լինի տրամաբանական ժամկետներում։ Իշխանության կողմից այդ ժամկետների չարաշահման դեպքում, նրա խոսքերով, հստակ է դառնում, որ դա ժամանակ շահելու նպատակ է հետապնդում, և ընդդիմությունը ստիպված կլինի կոշտացնել իր մարտավարությունը։

Հարկ է նշել, որ իշխանությունների պատասխանն  իրեն սպասեցնել չի տվել։  ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն  ասել է. «Ինչ վերաբերում է պատվիրակություն ձևավորելու և արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու առաջարկին, ապա այստեղ թե՛ առաջարկվող ձևաչափը, թե՛ դրվող հարցը, մեծ հաշվով, ուղղակի ինքնանպատակ են, և, ինչպես դժվար չէր կռահել, անընդունելի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը