Հարցազրույց

07.06.2011 13:52


Էմմա Պետրոսյան.

Էմմա Պետրոսյան.

Հարցազրույց երգչուհի Էմմա Պետրոսյանի հետ

–Ինչո՞վ է պայմանավորված մեր հասարակության մեջ այսօր առկա այդքան չարությունը։

–Նախ և առաջ մենք ժողովուրդ ենք, որն իսկապես նման բնավորություն ունի։ Երբ ասում եմ մենք, ես այդքան էլ չեմ ուզում դրա մեջ մտնել, բայց չեմ կարող չմտնել, որովհետև իմ ազգանունն էլ է յան–ով, բայց յան–ով են նաև շատ մարդկանց ազգանուններ, ովքեր իրավունք չունեն հայ կոչվելու։ Ամեն դեպքում, եթե ամբողջացնեմ Հայաստան, Հայաստանում ապրողներ, ուրեմն ես էլ եմ այդ մենք–ի մեջ մտնում, որվհետև այդ մենք–ը և՛ ես եմ, և՛ դուք եք, և՛ մեր երկրի հարգարժան նախագահն է, և՛ շատ մարդիկ, ովքեր  Հայաստանի անունն են, և՛ շատ մարդիկ, ովքեր հայ կոչվելու իրավունք չունեն։ Ու ես խոսում եմ այդ մենք–ի անունից։ Այո՛, մենք մեր գենետիկայի մեջ ունենք այդպիսի բնավորություն։ Մեր խնդիրը թողած՝ ապրում ենք ուրիշի խնդրով ու նույնիսկ լիարժեք ինֆորմացիա չունենալով՝ սկսում ենք փնովել, վերլուծել։ Սա գուցե նաև մի քիչ ազգային բնավորություն է։

–Բայց ինչո՞ւ հասարակ մի երևույթից, ասենք, օրինակ, «Տաշիր» մրցանակաբաշխությունից, «Եվրատեսիլից» մի ամբողջ  պատմություն է ստեղծվում, ու ինչքան չարություն կա, թափում են մեկը մյուսի վրա։

–Բաներ կան, որոնց մասին պետք չէ բարձրաձայնել։ Հենց նույն լրագրողները։ Ես նրանց կխնդրեի, որ այդքան չբարձրաձայնեն բաներ, որ աղմուկ են առաջացնում։ Չէ՞ որ իրենք են տարածում։ Որտեղի՞ց է ինֆորմացիան դուրս գալիս. լրագրողներն են տարածում։ Այսինքն, նյութեր պատրաստելիս պետք է ուշադրություն դարձնել, որ եթե ինչ–որ  մեկի  խոսքը կարող է դառնալ  ազգային կրքերի բորբոքման աղբյուր, ապա պետք չէ տպել։ Եթե ես լինեի լրագրող, ես դա չէի տպի միայն մի բանի համար, որովհետև եթե բոլորս իրար այսքան չսիրենք, մենք ոչ մի լավ բան չենք ունենա։ Սա՛ է կարևորը։ Մենք ունենք բնավորության այդ գիծը։ Ես բազմաթիվ անգամ ներկա եմ եղել ինչ–որ երեկոյի, համերգի, ֆիլմի ցուցադրության, ներկայացման և տեսել եմ, որ այդ ընթացքում դիտող մադիկ խոսում են ու հետո ինչ–որ քննադատություններ անում, այսինքն՝ այդ մարդու կարծիքն ի՞նչ բարձրաձայնես, եթե ինքը չի լսել, չգիտի՝ ինչի մասին է, բայց քննադատում է։ Սա՛ է խնդիրը։ Փնովելուց է գալիս այս ամենը։ Մի քիչ պետք է սուր անկյունները ցույց չտալ։ Հասկանալի է, որ դա էլ աշխատանք է, բայց սկանդալային այդ նյութերը բերում են նաև չարություն, որը ես չեմ ուզում տեսնել։ Ես չէի ուզի տեսնել Էմմիի շուրջ առաջացած այս աղմուկ–աղաղակը։ Չե՛մ ուզում տեսնել։ Աղջկան պետք է մի քիչ հանգիստ թողնել, որ իր կյանքով  ապրի։ Եվ ընդհանրապես, շատ մարդկանց պետք է ասել, որ հանգիստ ամեն մեկն իր կյանքով ապրի։ Հերի՛ք է։ Ամեն մեկն իրեն չգիտես՝ ում տեղն է դրել. բոլորը կարծիք են հայտնում, բոլորը բղավում են։ Այդպես չեղավ։ Մենք պետք է հարգենք անհատին, մեր ղեկավարին։ Բաներ կան, երբ մենք էլ պետք է օգնենք, որ ճիշտ շարժվի։ Միայն ասել, որ մի կողմն է մեղավոր, չի՛ լինի։ Յուրաքանչյուր մարդ իր գործողության մեջ պետք է ճիշտ լինի։

–Հասկանալի է Ձեր տեսդակետը, թե մենք ունենք այսպիսի բնավորություն։ Որտեղի՞ց է այն գալիս՝ շատ հաճախ զուգորդվելով ստրկամտության հետ։

–Չեմ կարող ասել՝ որտեղից, բայց կարծում եմ, որ շատ բաներ սոցիալական անարդարության հետևանքով են առաջանում, և մարդը, ով չի աշխատում իր բանականության վրա, ապրում է «Ինչո՞ւ ես դա չունեմ» վերնագրի տակ։ «Ինչո՞ւ ինքը ունի, ես չունեմ», «Ինչի ինքը ինձանից լա՞վն ա, որ ունի, ես չունեմ» մտածողությունն է տիրում։  Չեն մտածում՝ ես չունեմ, բայց մտածեմ՝ ոնց ունենամ, միանգամից մտածում են՝ ինքը ունի, ուրեմն վատն ա, որ ունի։ Այս բնավորության վրա պետք է շատ աշխատանք տարվի տարբեր հաղորդաշարերի, ֆիլմերի և այլ միջոցներով, որովհետև  հեռուստատեսությունը, գրականությունը և ռադիոն կրթական շարժիչներն են, ու եթե այսպես թողնենք, իրենք իրենց չեն կարող փոխվել. անպայման ինչ–որ  շարժիչ ուժեր պետք է լինեն, որ ճիշտ ուղու վրա դրվեն։

–Իսկ կյանքը բարելավվե՞լ է։ 2008–ի մարտի մեկի ճգնաժամից հետո, երբ ունեցանք նոր  նախագահ, ինչ–որ բան փոխվե՞ց դեպի լավը։

–Եթե ես հիմա ասեմ, որ մենք փոփոխություններ չենք ունեցել, դա շատ աբսուրդային կհնչի։ Ե՛վ երկրում տարված  աշխատանքների, և՛ միջազգային հարթակներում մեր դիրքերի առումով շատ բաներ փոխվել են, շատ աշխատանք է տարվել։ Բայց պետք է հասկանալ, որ ամեն ինչ չի կարող մեկ–երկու տարում կարգավորվել։ Մարդն անկուշտ է. հենց հիմա էլ շատ մարդիկ կան, որ ուզում են ոչինչ չանել, բայց ամեն ինչ ունենալ։ Այդպես չի լինում։ Մենք  միասի՛ն, իրար հետ պետք է առաջ գնանք։ Ինչպե՞ս Գերմանիան երկրորդ համաշխարհայինից հետո միավորվեց ու դարձավ աշխարհում հզոր պետություններից մեկը։ Դա միայն նրանից չէր, որ նրանց ղեկավարը ձեռքն ամուր խփեց սեղանին  ու ասաց՝ բոլորդ աշխատանքի՛։ Միայն դա չէր։ Շատ պետություններ իրենց անցումային փուլերը, հետպատերազմյան տարիները, հետհեղափոխական շրջանը հաղթահարեցին միասնաբար։ Այ դա միայն ղեկավարից չի գալիս։ Այո՛, ղեկավարը շատ կարևոր է, բայց միայն նրանով չի պայմանավորված։ Մենք  բոլորս պետք է ինչքան հնարավոր է՝ ճշգրիտ աշխատանք տանենք։ Ես շատ հաճախ նկատում եմ, որ մեր հասարակության մեջ, բացի Ձեր նշած չարությունից, կա նաև կեղծիքի ճանապարհով ինչ–որ բանի հասնելու երևույթ։ Ես դա չեմ գնահատում ու չեմ ընդունում։ Ես սիրում եմ հարգել ղեկավարին, կոլեգային, այն աշխատանքը, որ ունեմ։ Ինձ համար շատ սարսափելի է, երբ ես հանկարծ հայտնաբերում եմ, որ խաբված եմ։ Դիմացինին թվում է՝ ինքն այնքան խելացի էր, որ խաբեց ինձ, բայց ո՛չ, դա այդպես չէ։ Միջակությունը, որ տարածվեց, ու նման մարդիկ դարձան շատ–շատ դիրքերում շարժիչներ, նրանց թվաց, թե ձևն այդպես է։ Ո՛չ, ձևն այդպես չէ։ Այսօր շատ մարդիկ լռում են, ինչո՞ւ... որովհետև պետք է լռեն, բա ի՞նչ անեն։ Իսկ այն, որ մեր երկրում շատ բան արվել է, արվում է ու դեռ արվելու է, անհերքելի փաստ է։ Եվ, իհարկե, կան բաներ, որոնց հետ ես ուղղակի  համաձայն չեմ։

Զրույցը  վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը