Հարցազրույց

06.06.2011 17:47


Սուրեն Սուրենյանց.

Սուրեն Սուրենյանց.

Հարցազրույց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ

Ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը։

–Երկխոսությանը շատ դրական եմ վերաբերվում։ Դա միակ ճանապարհն է, որը թույլ կտա երկրում իրականացնել որակական փոփոխություններ։ Ես հստակ շանս եմ տեսնում, որ  Հայաստանում ձևավորված հակադրության ռեժիմը փոխակերպվի մրցակցային միջավայրով, և քաղաքական ուժերը (խոսքս թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մասին է) առաջնորդվեն ոչ թե իրար ոչնչացնելու ուղով, այլ մրցակցության սկզբունքով։ Իմ պատկերացրած երկխոսության գլխավոր մոտիվը պետք է լինեն որակական փոփոխությունները, այսինքն՝ պետք է խթանեն համակարգային բարեփոխումների իրականացմանը, իշխանության որակի  փոփոխությանը և հող ստեղծեն նոր որակի ընտրությունների անցկացման համար։

Այսօր ՀԱԿ–ն ասում է, թե իշխանությունների հետ երկխոսության թեման արտահերթ ընտրություններն են, իսկ իշխանություններն էլ  պնդում են, որ նման օրակարգ չկա։ Արդյոք ի՞նչ է սա նշանակում։

–Ցավալի է, որ երկու կողմերը տրամագծորեն տարբեր տեսակետներ ունեն ինչպես երկխոսության ձևաչափի, այնպես էլ բովանդակության մասին։ Եթե ՀԱԿ–ը գնում է ֆորմալիզացման, այսինքն՝ խնդիր է դնում, որ երկխոսություն տեղի  ունենա պատվիրակությունների մակարդակով, ապա իշխանությունները փորձում են դուրս գալ ֆորմալ դաշտից, և այնպիսի տպավորություն է, որ ժամանակ ձգձգելու նպատակ ունեն, որովհետև իշխանությունը, ըստ  էության, մերժում է բանակցությունների անցկացման այն ձևաչափը, որը ՀԱԿ–ն է առաջարկում։ Մյուս կողմից ՀԱԿ–ը բովանդակային առումով առաջարկում է ընդամենը մեկ խնդիր, այն է՝ անցկացնել արտահերթ ընտրություններ, իսկ  իշխանություններն էլ ասում են, որ  այդ խնդրի շուրջ իրենք պատրաստ չեն որևէ երկխոսության։ Ցավալի  իրողություն է, և երկխոսությունը չսկսված կարող է իսկապես վտանգվել դրա անցկացումն առհասարակ։ Կողմերը պետք է հասկանան, որ  երկխոսությունն առաջին հերթին կոմպրոմիսների միջավայր է, և երկխոսության օրակարգում չեն կարող լինել ինտերակտիվ պահանջներ թե՛ այս կողմից, թե՛ այն կողմից։ Այսինքն, իշխանությունը պետք է հասկանա, որ արտահերթ ընտրության խնդիր կարող է քննարկվել, ընդդիմությունն էլ իր հերթին պետք է հասկանա, որ  խնդիրը կարող է քննարկվել, բայց պարտադիր չէ, որ այն անպայման ընդունվի իշխանությունների կողմից։ Եթե կողմերը գնալու են երկխոսության իրար հակադրվելու  համար, այդ երկխոսությունը որևէ արդյունք չի  տա։ Առայժմ չեմ տեսնում, որ  իշխանությունն ու ՀԱԿ–ը պատրաստ են ընդառաջ կոմպրոմիսային քայլեր անել։

–Այսինքն, սա իմիտացիա՞ էր։

–Չէ՛, իմիտացիա չէր։ Բավական լուրջ պրոցեսներ տեղի ունեցան։ Հիշե՛ք, թե անցած մեկ ու կես ամսվա ընթացքում իշխանությունն ու ընդդիմությունն ինչքան իրար ընդառաջ քայլեր արեցին։ Դա իմիտացիա համարել սխալ կլինի, որովհետև այդ պրոցեսին հասարակությունն ուղղակի կամ անուղղակի  մասնակցություն ունեցավ։ Այսինքն, ընդդիմության կողմից հրապարակավ, հասարակության ներկայությամբ հնչեցվում էին պահանջներ, իշխանությունն էլ դարձյալ հրապարակավ, նաև հասարակության համար  պատասխանում էր  այդ պահանջներին։ Դա չի կարելի  իմիտացիա անվանել։ Մյուս կողմից քաղաքական ուժերը՝ թե՛ իշխանությունը, թե՛ ՀԱԿ–ը պետք է հասկանան, որ երկխոսության ֆորմատը պահանջում է փոխզիջումներ։ Եթե չլինեն այդ զիջումները, ապա ոչ թե իմիտացիա կլինի, այլ ուղղակի երկխոսությունը կտապալվի։

–Իսկ, ըստ  Ձեզ, ո՞ւր է տանում այս ամենը։

–Ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ինչ–որ  առաջընթաց կլինի, բայց  նման պնդում վստահ անել չեմ կարող։ Ամեն ինչ ցույց կտա ժամանակը։ Կողմերը կփորձեն, այնուամենայնիվ, մեկ սեղանի շուրջ ինչ–որ քննարկումներ անել, բայց ես գրեթե վստահ եմ, որ եթե գործընթացին ուղղակիորեն չմիջամտեն երկու կողմերի առաջին դեմքերը՝ Լևոն Տեր–Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը, ապա այս բանավեճերը՝ երկխոսության բովանդակության և ֆորմատի շուրջ, շարունակվելու են։

–Իսկ այս երկխոսությունը հասարակությունն ինչպե՞ս է ընդունում։ Շատերը հիասթափված են՝ մտածելով, որ  այս ամենը գործարք է։

–Ես չեմ համարում, որ սա գործարք է։ Սա փորձ է՝ անցնցում ճանապարհով հասնելու երկրի առջև ծառացած  խնդիրների  լուծմանը։ Հասարակության մի մասը դա չի ընդունում, մի մասը  հիասթափված է ընդդիմությունից, հավանաբար, իշխանության էլեկտորատի մի մասն էլ հիասթափված է իշխանություններից, և դա ունի մեկ պատճառ՝ իշխանության և ՀԱԿ առաջին դեմքերն անկեղծ չեն հասարակության  հետ։ Եթե նրանք ոչ թե իրենց դիրքերից, այլ ըստ էության ձևակերպեն երկխոսության նշանակությունն ու  իմաստը, ես վստահ եմ, որ մեր  հասարակությունը,  խաղաղ զարգացումների  կողմնակից լինելով, իր մեծամասնությամբ կընդունի երկխոսության փաստը։ Բայց քանի որ երկուսն էլ իրենց էլեկտորատը մոբիլիզացնելու խնդիր ունեն և նրանց ուզում են ասել, որ զիջումների  չեն գնալու, հասարակության մի զգալի մասն իրեն օտարված է զգում պրոցեսներից և որոշակի  հիասթափություն է ապրում։ Այո՛, այդ միտումը կա։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը