2011 թ. հունիսի 20-ին, ժամը 10.00-ին, Ճանապարհային ոստիկանության վարչական մասի դահլիճում կանցկացվի ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցներին հատկացվող՝ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի աճուրդ:
Աճուրդին կարող են մասնակցել Ճանապարհային ոստիկանությունում իրենց անվամբ հաշվառված կամ սեփականության իրավունքով տրանսպորտային միջոցներ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք կամ նրանց ներկայացուցիչները:
Հայտերն ընդունվում են 2011թ. հունիսի 7-ից մինչև 2011թ. հունիսի 17-ի ժամը 13.00-ն, ամեն օր՝ ժամը 10.00-18.00, բացի շաբաթ և կիրակի օրերից (ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության վարչական մասի շենք, 104 սենյակ):
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա) անձը հաստատող փաստաթուղթ (իրավաբանական անձանց, ինչպես նաև ֆիզիկական անձանց փոխարեն այլ անձի մասնակցության դեպքում՝ նաև ներկայացուցիչ հանդիսանալու լիազորությունները հաստատող փաստաթուղթ), իրավաբանական անձանց համար նաև պետ.ռեգիստրի վկայականի և ՀՎՀՀ պատճենները,
բ) տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր (տեխ. անձնագիր) կամ սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ,
գ) նախավճարի վճարման անդորրագիր:
Նախավճարը պետք է վճարված լինի մինչև հայտը ներկայացնելը՝ 900013150033 հաշվեհամարին:
Մեկից ավելի լոտի (համարանիշի) ձեռք բերման համար դիմած անձը պետք է ունենա համապատասխան թվով տրանսպորտային միջոցներ, յուրաքանչյուր լոտի համար վճարի համապատասխան թվով նախավճարներ և ստանա նույն քանակով վկայական:
Աճուրդն անցկացվելու է բաց հրապարակային սակարկությունների միջոցով, դասական եղանակով՝ լոտի մեկնարկային գնի բարձրացմամբ: Աճուրդի լոտ է հանդիսանում տրանսպորտային միջոցը տվյալ համարանիշով հաշվառելու իրավունքը:
Աճուրդում հաղթող է ճանաչվում տվյալ լոտի համար առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Մի քանի մասնակիցների կողմից միաժամանակ հավասար չափով գնային հայտ ներկայացնելու դեպքում, հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:
Աճուրդում հաղթող մասնակիցը լոտի գնման գինը կազմակերպչի դեպոզիտ հաշվին փոխանցում կամ դրամարկղ է մուծում աճուրդի ավարտից հետո երեք բանկային օրվա ընթացքում՝ հաշվանցելով նախավճարը:
Աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ լոտի ձեռքբերման գումարը չմուծելու դեպքում՝ լոտի աճուրդը համարվում է չկայացած, նախավճարը չի վերադարձվում, և նրանից գանձվում է տուժանք` լոտի ձեռքբերման համար իր առաջարկած գնի 20 տոկոսի չափով, իսկ լոտը հետագայում կրկին դրվում է աճուրդի: Տուժանքի գումարը կամավոր չվճարելու դեպքում այն ենթակա է բռնագանձման դատական կարգով:
Աճուրդը չկայանալու կամ աճուրդում չհաղթելու դեպքում, նախավճարը 5 բանկային օրվա ընթացքում վերադարձվում է մասնակցին:
Հաջորդ աճուրդը՝ հունիսի 20-ին