Տնտեսական

11.05.2021 10:48


Որքան են կազմում առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները․ կտրուկ աճ․ «Ժողովուրդ»

Որքան են կազմում առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները․ կտրուկ աճ․ «Ժողովուրդ»

«Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, այս տարվա առաջին եռամսյակի միջին ընթացիկ գներով, կազմել է 66 հազար 568 դրամ` ամսական կտրվածքով: Պարենային զամբյուղի արժեքը կազմել է 35 հազար 983 դրամ` ամսական կտրվածքով: Նշենք, որ պարենային և սպառողական զամբյուղների արժեքները հաշվարկել և հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն` ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված՝ սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի:

Իսկ պարենային զամբյուղը սննդի նվազագույն քանակը, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին, օրական 2412.1 կկալ է, բայց անցյալ տարի Հայաստանի բնակչության կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան 1 շնչի հաշվով կազմել է 2232 կկալ: Մի շարք մասնագետներ համոզված են, որ Հայաստանում յուրաքանչյուր 3 հոգուց 2-ը թերսնված են: «Ժողովուրդ» օրաթերթը հաշվարկեց, թե որքան են կազմում առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները:

Օրինակ՝ ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մեկ ամսում սպառված սննդամթերքի արժեքը՝ 1 մեծահասակի հաշվով, կազմել է ընդամենը 35 հազար 983 դրամ: Այս գումարին համարժեք ցանկում ներառված են հացամթերքը, մսամթերքը, ձկնամթերքը, կաթնամթերքը, ձուն, յուղն ու ճարպը, միրգը, բանջարեղենը, կարտոֆիլը, շաքարը, ոչ ալկոհոլային խմիչքը և այլ սննդամթերք: Օրինակ՝ օրական փաստացի սպառումը՝ 1 շնչի հաշվով, 461 գրամ կազմել է հացամթերքը, 48.3 գրամ կազմել է մսամթերքը, 18․6 գրամ ձու և այլն: Օրինակ՝ տավարի մսի 100 գրամը երևանյան սուպերմարկետներում, խանութներում շուրջ 270-280 դրամ է կազմում: Ձկնամթերքի՝ «Իշխան» ձկնատեսակի 100 գրամը 200-220 դրամ է կազմում: Երկու հատ ձուն 80-85 դրամ է, իսկ, ահա, 90-100 գրամ հացը տատանվում է 140 դրամի սահմաններում:

Սրան զուգահեռ նկատենք, որ մեր հանրապետությունում կենսաթոշակի միջին չափը կազմում է 43 հազար 590 դրամ, նվազագույն աշխատավարձը՝ 68 հազար դրամ. այս դեպքում մարդիկ անգամ սննդի այդ նվազագույնն էլ չեն կարող ձեռք բերել։ Կոմունալ վճարների, հագուստի, կոշիկի և խիստ անհրաժեշտ դեղորայքի մասին ուղղակի լռում ենք: Դե արի, պատշաճ սնվիր ու ապրիր»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը