Լրահոս

06.06.2011 14:04


ՀՀԿ խմբակցության ղեկավար. «Ուզում՝ են թող տնով–տեղով գան, ուզում են խոսել, մենք պատրաստ ենք»

ՀՀԿ խմբակցության ղեկավար. «Ուզում՝ են թող տնով–տեղով գան, ուզում են խոսել, մենք պատրաստ ենք»

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր լրագրողներին ասել է, թե իրենք պատրաստ են ցանկացած ուժի հետ տարբեր հարցեր քննարկել, սակայն ծիծաղելի է և տուն–տունիկի նման, որ Հայ ազգային կոնգրեսը 5 հոգուց բաղկացած բանագնացների խումբ է ստեղծել, ովքեր պետք է մի ամբողջ իշխանության հետ վերլուծություններ կատարեն։

–Սա ծիծաղելի է,–ասել է Գալուստ Սահակյանը,–կառույցի գերագույն մարմինները թողել են, աշխատակազմի մարդիկ են ընդգրկել՝ 5 հոգի, և ասում են՝ դրանց հետ պիտի բանակցեք։ Աշխատակազմում գտնվող մարդիկ պարզապես կարող են ինֆորմացիա ստանալ, հետո գնալ–ասել՝ էս ենք ասել, ի՞նչ եք ասում, գնանք խաբար տանք էնտեղ, ընդունենք, թե չընդունենք։ Մենք էլ ասում ենք՝ ինչի՞ համար, կառույցներն ունեն իրենց գերագույն մարմինները, այդ մարմինները թող զրուցեն–խոսեն՝ ով կմասնակցի, ով չի մասնակցի՝ 5 հոգի, թե՞ 10 գոհի։ Հետո, բացի դրանից, մոնոպոլ կարգավիճակ չի կարելի ստեղծել։ Եթե ընդդիմադիր ենք ասում, արտախորհրդարանական և խորհրդարանական ուրիշ ուժեր էլ կան։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք ասում՝ չէ՛, «Ժառանգությո՛ւն», դու արդեն երկրորդական ես, Դաշնակցությո՛ւն, դու երկրոդական ես, մյո՛ւս ուժեր, դուք երկրոդական եք։ ՀԱԿ–ը ինչ ասի՝ միջպետական պայմանագրի պես բա՞ն է, մենք պետք է դրանո՞վ առաջնորդվենք։

ՀՀԿ խմբակցության ղեկավարն ավելացրել է, թե իրենք երեխաներ չեն, որ առաջնորդվեն ՀԱԿ–ի առաջարկած այդ ձևաչափով, իսկ երկխոսել կարող են դասական ձևով՝ մամուլով, հեռուստատեսությամբ, կլոր սեղաններով, առանձին քննարկումներով, սեմինարներով։

–Պաշտոնապես ասում եմ՝ ՀՀԿ–ն իր օրակարգում քննարկման չունի պատվիրակություն ստեղծելու հարցը, առավել ևս՝ նույնիսկ քննարկելի չէ մեզ համար։ ՀՀԿ–ն պատրաստ է, և նաև կարծում եմ՝ քաղաքական կոալիցիոն ուժերը, ցանկացած պայմաններում հանդիպել, խոսել, բանավիճել, լսել, պատասխանել, ինչպես դասական քաղաքական գործընթացներն են։ Ուզում են՝ թող տնով–տեղով գան, ուզում են խոսել, մենք պատրաստ ենք, պետք է կարողանանք օրը, ժամը, տեղը որոշել։ Ես կարծում եմ՝ քաղաքական երկխոսությունն արդեն տեղի է ունենում,–ընդգծել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ ավելացնելով՝ լրիվ փողոցայի՞ն են դարձել, թող գան, խոսեն։

Ինչ վերաբերում է երկխոսության ժամկետներին և դրա ձգձգման պարագայում այն կասեցնելուն, ինչպես նաև մասնավորապես «7օր»–ին տված հարցազրույցում ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանի նշած ժամկետին՝ մոտ 40 օր, Գալուստ Սահակյանն ասել է.

Ներքաղաքական դաշտին յուրահատուկ բան է՝ ի սկզբանե անընդհատ օրեր են որոշում, ամիսներ են որոշում՝ հեսա գարունն ինչ ենք անելու, ձմեռը ոնց ենք ձմեռելու։ Դրանք քաղաքական մոտեցումներ են, որպեսզի զգոն պահեն այն ընտրազանգվածին, որն ունի տվյալ քաղաքական ուժը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը