Տնտեսական

07.05.2021 10:13


Գնաճն անցնում է սահմանները․ սնունդը թանկանում է երկնիշ տոկոսներով (տեսանյութ)

Գնաճն անցնում է սահմանները․ սնունդը թանկանում է երկնիշ տոկոսներով (տեսանյութ)

Հայաստանում ապրիլին գրանցվել է 6,2 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հայաստանում սննդամթերքը ապրիլին թանկացել է 8,3 տոկոսով։ Ապրիլին, անցած տարվա նույն ամսվա համեմատ, 10,4 տոկոսով թանկացել է միրգը, 73,5 տոկոսով՝ ձեթը, 41 տոկոսով՝ շաքարավազը։ Հացաբուլկեղենն ու ձավարեղենը թանկացել են 7,5 տոկոսով։ Աշխատավարձերում և կենսաթոշակներում էական փոփոխություններ չեն եղել։

Նախօրեին էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց․ «Այդ թվերը ասում են, որ մեր գնաճը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ 6,2 տոկոսով է ավելի, որը երկնիշ չէ, բայց միջակայքից ավելի բարձր է»։ Քերոբյանն ասաց՝ գնաճի պատկերը միայն Հայաստանում չէ, որ բարձր է․ այսպիսի պատկեր է նաև համաշխարհային շուկայում։

ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Yerkir.am-ին հայտնեց՝ գնաճ, այո, կա ամբողջ աշխարհում, բայց Հայաստանում այն անհամեմատ բարձր է։ Այն պայմանավորված է տնտեսական անկմամբ, ներդրումների բացակայությամբ և եկամուտների կրճատումներով։ «Մեր ապրանքների գնաճը ոչ միայն օբյեկտիվ, այլև սուբյեկտիվ գործոններով է պայմանավորված։ Գնաճի վրա ազդում է տնտեսական անկումը․ քիչ ապրանքներ են արտադրվում։ Օրինակ կաթնամթերքի դեպքում․ արտադրության ծավալները նվազել են այս տարի, ցորենի հետ կապված խնդիր ունենք, ընդհանուր առմամբ՝ գյուղատնտեսությունը ավելի քիչ արտադրանք է տվել»։

Սուրեն Պարսյանի խոսքով՝ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները օգտվում են այս վիճակից և ավելացնում գները ոչ թե օբյեկտիվ չափով, այլ՝ կրկնակի կամ եռակի։ «Այստեղ մեծ անելիք ունեն էկոնոմիկայի նախարարությունը և ՏՄՊՊՀ-ն, բայց, կարծես թե, նրանք անգործության են մատնվել։ Ուղղակի մատնանշելով գնաճը՝ նրանք մոռանում են իրենց հիմնական անելիքները՝ առողջ մրցակցային միջավայրի ապահովումը, տնտեսական աճի զարգացումը»։

Արցախի 70 տոկոսից ավելին կապիտուլյացիայի փաստաթղթով և պատերազմի պատճառով թշնամու ձեռքում է, և Արցախի բերրի հողը, որտեղ հազարավոր տոննաներով հացահատիկ ու գյուղմթերք էր արտադրվում, Հայաստանը կորցրեց։ «Ինչու՞ ենք մենք այսօր առաջին անհրաժեշտության ապրանքները ներկրում, ոչ թե արտադրում։ Ավելին, առանձին ապրանքների դեպքում ավելացել է մեր ներկրման ծավալը, որը ճիշտ չէ․ մենք կրճատում ենք արտադրությունը և այն ներկրում։ Ցորենի դեպքում ունենք լուրջ խնդիր․ տարեկան 60-70 տոննա ցորեն էինք ներկրում Արցախից, ինչը հիմա չկա, չեն էլ մտածում այդ ուղղությամբ։ Նրանց համար հեշտ է այս կամ այն օլիգարխին դիմել՝ լրացուցիչ ցորեն ներկրելու համար։ Մենք խնդիր ունենք տնտեսական համակարգը դիտել ամբողջության մեջ․ պետք է ամեն օղակ ճիշտ աշխատի»։

Հայաստանի տնտեսական տեղաշարժը, Սուրեն Պարսյանի խոսքով, պետք է տանել հյուսիս-հարավ ուղղությամբ՝ Իրան, ԵԱՏՄ, որովհետև այս ճգնաժամից միայնակ դուրս գալն անհնար է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը