Լրահոս

06.06.2011 11:35


Էդուարդ Շարմազանով. «Արտահերթ ընտրությունների առաջարկը որքան անհիմն է, այնքան էլ վնասակար»

Էդուարդ Շարմազանով. «Արտահերթ ընտրությունների առաջարկը որքան անհիմն է, այնքան էլ վնասակար»

Մենք միշտ ողջունել ենք ու շարունակում ենք ողջունել առկա խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու ճանապարհով առաջ շարժվելու գործելաոճը: Անշուշտ գոհացուցիչ է, որ արդեն բավական ժամանակ է երկխոսություն է ընթանում նաև արտախորհրդարանական ընդդիմության հետ, ընթանում է բաց, հրապարակավ, բոլորի աչքի առջև, ինչի դրական արդյունքներն էլ ակնհայտ են: Եվ այսօր ունենք մի իրավիճակ, երբ մեր երկրում առկա ամենատարբեր խնդիրների լուծման գործընթացում լայնորեն կարող են հաշվի առնվել նաև արտախորհրդարանական ընդդիմության տեսակետներն ու առաջարկները: Կարծում եմ, որ նման դրական զարգացումներն ու ստեղծված միջավայրը պետք է կարողանանք պահպանել, ինչի համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր, բոլոր կողմերի ցանկություն:

Կողմերը պետք է կարողանան անընդհատ և ամեն քայլում կառուցողական լինել, իրենց քայլերով գործընթացը փակուղի չտանել: Արտահերթ ընտրությունների առաջարկը որքան անհիմն է, այնքան էլ վնասակար` սկսված դրական զարգացումներն արգելակելու տեսանկյունից: Ընդդիմադիր դաշտի մոնոպոլիստի դիքերից ոչ մի տեղ չտանող առաջարկություններով հանդես գալով` չեմ կարծում, թե ՀԱԿ-ը կկարողանա դրական ներդրում ունենալ մեր ժողովրդին հուզող խնդիրների լուծման գործում: Իշխանությունն իսկապես կառուցողական է տրամադրված և նույնն իրավունք ունի նաև ակնկալել ՀԱԿ-ից: Տնտեսական, սոցիալական, քաղաքական, աշխարհաքաղաքական կամ ցանկացած այլ ոլորտի` Հայ ազգային կոնգրեսի բոլոր առաջարկները, քանի հոգանոց խմբերով էլ ներկայացվեն, Հայաստանի համապատասխան պետական կառույցները, գերատեսչությունները պատրաստ են շահագրգիռ քննարկման և համատեղ լուծումների: Ավելին ասեմ, Հայ ազգային կոնգրեսի` որպես արտախորհրդարանական ընդդիմության բոլոր այն առաջարկները, որոնք, իրատեսական լինելով, կօգնեն մեր ժողովրդի հոգսերն օր առաջ թեթևացնելու գործին և կպահանջեն օրենսդրական լուծումներ, Հանրապետական կուսակցությունը պատրաստ է նրանց անունից դրանք հնչեցնելու ու պաշտպանելու Ազգային ժողովումե:

ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանով

Այս խորագրի վերջին նյութերը