Լրահոս

06.06.2011 11:09


«Հայաստանն օր-օրի ծածկվում է նորանոր բացվող հանքերով ու միլիոնավոր տոննաներով լեցուն թունավոր նյութերի պոչամբարներով»

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն, «Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ oգտագործումը»: Հայաստանի Հանրապետությունը միացել է մի շարք բնապահպանական կոնվենցիաների և ընդունել շրջակա միջավայրի գործողությունների ազգային ծրագիր: Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում պետական կառույցները միջազգային ու օտարերկրյա կազմակերպություններից տարեցտարի ստանում են հարյուրավոր միլիոն դոլարների հասնող աջակցություն և նրանց ներկայացնում հաշվետվություններ երկրի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման մասին:

Այս քաղաքականությունն ու միջոցառումներն իրականացվում են նաև մեր պետության կողմից որդեգրած կայուն զարգացման հայեցակարգի համատեքստում, որի խնդիրն է ապահովել հավասարակշռված մոտեցում երկրի տնտեսական զարգացման գործում` որոշումների ընդունման գործընթացում հաշվի առնելով սոցիալական և էկոլոգիական հիմնախնդիրները: Հայեցակարգը միտված է բարձրացնել ողջ հասարակության և նրա անդամների բարեկեցությունը` երաշխավորելով նաև ապագա սերունդների կարիքների ապահովումը:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում տնտեսական զարգացումն ընթանում է ոչ կայուն եղանակով: Տնտեսական աճը և բնակչության բարեկեցությունը զգալի կախման մեջ են բնական ռեսուրսների շահագործումից: Համախառն ներքին արդյունքի աճ ապահովելու պատճառաբանությամբ, մի խումբ անձանց մասնավոր շահից ելնելով, անխնա և արագ տեմպերով շահագործվում են երկրի ընդերքի հանածոները, ջրային ռեսուրսները, հողերը, անտառները, կենդանական ու բուսական աշխարհը` խոչընդոտելով տնտեսության համար ազգային մրցունակության հեռանկար ունեցող այլ ճյուղերի զարգացումը:

Հայաստանն օր-օրի ծածկվում է նորանոր բացվող հանքերով ու միլիոնավոր տոննաներով լեցուն թունավոր նյութերի պոչամբարներով: Անտառահատումների արդյունքում արագանում են անապատացման գործընթացները և հաճախակի են դառնում սողանքները: Երկրի մակերևութային ու ստորերկրյա ջրերը զոհաբերվում են հիդրոէներգետիկայի ու ձկնարդյունաբերության ոչ խելամիտ զարգացմանը: Որսի ծավալման ու տնտեսական գործունեության արդյունքում աղքատանում է երկրի կենդանական ու բուսական աշխարհը: Քաղաքների ինտենսիվ կառուցապատման հետևանքով աճում են սեյսմիկ ռիսկերը և ավելանում է սթրեսը: Մարդիկ արտագաղթում են իրենց հայրենիքից`գիտակցելով, որ ընդամենը 1-2 տասնամյակ անց նրանց երեխաները չեն ունենալու ապրելու համար պատշաճ առողջ շրջակա միջավայր, երկիրը զարգացնելու ռեսուրսներ և ապահով ապագա:

Հայաստանի Հանրապետության իշխանությունը չի ձեռնարկում որևէ քայլ իրավիճակը բարելավելու ուղղությամբ: Հասարակայնության և մասնագետների կողմից բարձրացվող բողոքները մնում են անպատասխան և «ձայն բարբառոյ hանապատի»: Իսկ բնական ռեսուրսների հյուծումը Հայատանում տեղի է ունենում իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, իմացությամբ, թողտվությամբ և օրինականացմամբ, և նրանք որևէ կերպ պատասխանատվության չեն ենթարկվում կատարած անօրինականությունների համար: Երկրում տիրում է բացարձակ «բեսպրեդելը» և անպատժելիությունը:

Հիշեցնում ենք, որ բնական պաշարների կառավարումը` հանուն երկրի զարգացման ու քաղաքացիների բարեկեցության բարձրացման, ցանկացած երկրի իշխանության առաջնահերթ պարտականությունն է: Իշխանության կողմից իր տվյալ պարտականության ձախողումն ամրապնդում է երկրում տիրող սոցիալական անարդարության ու անհանդուրժողականության մթնոլորտը, և ծառայում կարևոր գործոն իշխանությունը փոխելու հասարակական պահանջարկի ձևավորման համար:

[email protected]

Այս խորագրի վերջին նյութերը