Լրահոս

06.06.2011 08:44


ԵԱՀԿ–ում չեն կարողանում որոշել գլխավոր քարտուղարին. Հայաստանն ու Կիպրոսը օգտվելու են «վետո»–ի իրավունքից

ԵԱՀԿ–ում չեն կարողանում որոշել գլխավոր քարտուղարին. Հայաստանն ու Կիպրոսը օգտվելու են «վետո»–ի իրավունքից

ԵԱՀԿ անդամ պետությունները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների հարցում։

Ըստ թուրքական «Զաման» օրաթերթի՝ Հայաստանն ու Կիպրոսը օգտվելու են «վետո»–ի իրավունքից ու դեմ են քվեարկելու կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրված թուրք դիվանագետ Էրսին Էլչինի թեկնածությանը։ Իսկ Թուրքիան, իր հերթին, հայտարարել է, թե դեմ է քվեարկելու նույն պաշտոնի համար առաջադրված Ավստրիայի նախկին արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկի թեկնածությանը։

Այս առթիվ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն պարզաբանել է, որ Ուրսուլա Պլասնիկին ժամանակին հակաթուրքական հայտարարություններով է հանդես եկել։ Թուրքիայի նման մոտեցումը դժգոհություն է առաջացրել պաշտոնական Վիեննայում։ Մի քանի հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների ԱԳՆ ղեկավարների միջև, որոնցում Ավստրիան Թուրքիային նախազգուշացրել է, որ նման վարքագիծը իր դեմ ուղղված է քայլ է ընկալում։

Դավութօղլուն բացատրել է, որ նման քայլն ուղղված է ոչ թե Ավստրիայի, այլ հենց Ուրսուլա Պլասնիկի դեմ ու հավելել, որ եթե Ավստրիան նոր թեկնածու առաջ քաշի, ապա Թուրքիան, հնարավոր է, նրան աջակցի։

Թուրքական մեկ այլ՝ «Սաբահ» պարբերականի փոխանցմամբ՝ կազմակերպության 56 անդամ երկրներից  Թուրքիային ամենամեծ աջակցությունը ցուցաբերում է Ռուսաստանը։ Միևնույն ժամանակ, Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն խոստացել է նույնպես քվեարկել թուրք դիվանագետի թեկանծության օգտին։

Տեղեկացնենք, որ ներկայումս ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Մարկ Պերեն դե Բրիշամբոն, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսի 30-ին։

Այս խորագրի վերջին նյութերը