Աշխարհ

04.05.2021 15:40


Բայդենը թույլատրել է Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերումը

Բայդենը թույլատրել է Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է, որ իր վարչակազմը երկարացնում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, որի արդյունքում թույլատրվում է ԱՄՆ-ի կողմից ուղիղ ռազմական օգնությունն Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ պետքարտուղարը հավաստում է, որ նման օգնությունը չի նպաստում Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմանը, գրում է The Hill-ը։

Ինչպես նշում է պարբերականը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ապրիլի 26-ին Կոնգրեսին ուղարկված ծանուցման մեջ հավաստիացրել է, որ Ադրբեջանին նման օգնությունը «չի խաթարի կամ խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների շարունակական ջանքերին կամ չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»։

Բլինկենը նաև հաստատել է, որ ամերիկյան օգնության տրամադրումը «անհրաժեշտ է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի ջանքերին, Միացյալ Նահանգների Զինված ուժերի կամ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիայի գործընկերների օպերատիվ պատրաստությանն աջակցելու, ինչպես նաև կարևոր է Ադրբեջանի սահմանների անվտանգության համար»։

Պարբերականը նաև հիշեցնում է, որ ապրիլի 28-ին Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ նա հիշատակել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն քաղաքական կարգավորման շուրջ բանակցություններին ուղղված միջազգային ջանքերը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»։

Պարբերականն արձանագրում է, որ հայ համայնքը դատապարտել է Բայդենի վարչակազմի այս որոշումը՝ այն որակելով դավաճանություն՝ մեջբերելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համպարյանի խոսքերը։

«ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ենթադրում է պատասխանատվություն, այդ թվում՝ չզինելու և չսատարելու Ադրբեջանին։ Նախագահ Բայդենի ցանկացած գործողություն, որը կանաչ լույս կվառի Ալիևի ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրման համար, կհակասի քարոզարշավի ժամանակ նրա հստակ դիրքորոշմանը և, որ ավելի վատ է, Հայոց ցեղասպանության վերջերս նրա ճանաչման ոգուն»,-ասել է Համպարյանը:

Որպես դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու՝ Բայդենը Հայաստանի հետ ռազմական գործողությունների սկզբում քննադատել է Ադրբեջանին՝ հայտարարելով, որ Բաքուն է հրահրել ռազմական գործողությունները և կոչ է արել նախկին նախագահ Թրամփին արգելափակել Ադրբեջանին ռազմական օգնությունը, մասնավորապես, չհրաժարվել «Ազատության աջակցության ակտի» պահանջներից, հիշեցնում է պարբերականը։

«Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով և նախատեսում է Ադրբեջանին միայն մարդասիրական օգնության տրամադրում: Ըստ այդ ուղղման ԱՄՆ կառավարությանն արգելվում է օգնություն ցուցաբերել Արդբեջանի պաշտոնական կառույցներին, քանի դեռ այդ երկիրը «ակնհայտ քայլեր չի ձեռնարկել ՀՀ և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր տեսակի շրջափակումների և ուժի կիրառման այդ հարձակողական ձևերի վերացման ուղղությամբ»։ Սակայն 2002թ․Կոնգրեսն ուղղում կատարեց 907-րդ բաժնում, որով թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ինչն էլ ամեն տարի անում է ԱՄՆ նախագահը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը