Լրահոս

29.04.2021 19:15


Հայաստանում հին մեքենաները նորով փոխարինելու գործընթացը պարզեցվում է

Հայաստանում հին մեքենաները նորով փոխարինելու գործընթացը պարզեցվում է

Կառավարությունը հավանություն տվեց հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին, որը վերաբերում է ավտոմեքենաների ներկրմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ նախագծի նպատակը Հայաստանում ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայրի ձևավորումն է:

«Ներկայումս Trade-in համակարգի շրջանակներում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ավտոմեքենաներ ձեռքբերելու և հետագայում այլ անձանց վաճառելու դեպքում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները զրկվում են ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու հնարավորությունից, իսկ այդ գործարքից ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է ավտոմեքենայի վաճառքի ամբողջ արժեքից:

Մյուս կողմից, նշյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ առաջանում է ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից, որպես հարկային գործակալ, եկամտային հարկ հաշվարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն, որն ուղղակիորեն ազդում է հետագայում այդ ավտոմեքենայի վաճառքի գնի վրա՝ խոչընդոտելով համակարգի զարգացմանը»,-ասաց նա:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ`

-ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ համարվող և համապատասխան լիցենզիա ստացած ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ֆիզիկական անձից ձեռք բերված ավտոմեքենաների հետագա օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում տվյալ ավտոմեքենայի հետագա օտարման ժամանակ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի և նույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն կազմվող փաստաթղթով հիմնավորված՝ ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման գնի դրական տարբերությունը,

-սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օտարումից ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ համարվող և համապատասխան լիցենզիա ստացած՝ ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջից ստացվող եկամուտները եկամտային հարկով հարկման նպատակով համարվում են նվազեցվող եկամուտներ,

-Trade in համակարգով ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող՝ ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն՝ կանխելու համար վերոնշյալ հարկային արտոնյալ կարգավորումներից անհարկի օգտվելու հնարավորությունները:

Նախագծի կարգավորման առարկան Trade-in համակարգի շրջանակներում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման և վաճառքի ժամանակ ձևավորվող՝ եկամտային հարկով և ԱԱՀ-ով հարկման բազաների հաշվարկման առանձնահատկություններն են:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վերացնել Trade-in համակարգի զարգացմանը խոչընդոտող հարկային կարգավորումները:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ խոսքը օգտագործված ավտոմեքենաները նորերով փոխարինելու համակարգի մասին է: «Աշխարհում լայնորեն տարածված է, որ մարդիկ իրենց մեքենաները հանձնում են և որոշակի գործարքի արդյունքում ստանում են նոր ավտոմեքենաներ: Մենք եկել ենք եզրահանգման, որ մեր գործող հարկային համակարգը այս պրոցեսի համար նպաստավոր չէ: Մենք այս փոփոխություններով փորձում ենք նպաստել, որ ավտոմեքենաների պարկը մեր երկրում թարմանա, որ հեշտ լինի հին մեքենաները նորով փոխարինելը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այս խորագրի վերջին նյութերը