Լրահոս

03.06.2011 15:03


Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` վերջին օրերին Գերմանիայում արձանագրվել է ախտածին աղիքային ցուպիկով հարուցված սուր աղիքային վարակի 1534 դեպք, որից` 15-ը մահվան ելքով: Արձանագրված դեպքերից 470-ը եղել է հեմոռագիկ ուռեմիկ համախտանիշով, որից 9-ը` մահվան ելքով: Հիվանդության դեպքերի 86%-ը արձանագրվել է 20 և բարձր տարիքով անձանց մոտ: Սույն աղիքային վարակն ընթանում է որովայնային ցավի և արյունային լուծի երևույթներով, իսկ հեմոռագիկ ուռեմիկ համախտանիշը` սուր երիկամային անբավարարությամբ, սակավարյունությամբ: Վարակը կարող է փոխանցվել մարդուն սննդամթերքի, ջրի և այլնի միջոցով: Գերմանիայում արձանագրված բռնկման հետ կապված իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում վարակի աղբյուրը դեռևս չի պարզվել:

Հայաստանի Հանրապետությունում վերը նշված հիվանդության առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացնում են բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացումը և տարածումը կանխելու համար:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կոչ է անում բնակչությանը.

• չգնել անհայտ ծագման, ոչ սահմանված վայրերում և առանց պատշաճ ջերմաստիճանային և հիգիենիկ պայմանների վաճառվող, հատկապես` արագ փչացող սննդամթերք,

• սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ և այլն) օգտագործելուց առաջ լավ լվանալ միայն հոսող խմելու ջրով (չօգտագործել առուների, գետերի ջրերը),

• հետևել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվացվել օճառով, հատկապես սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ,

• սննդամթերքը պահել փակ տարաներում` ճանճերի աղտոտումը կանխարգելելու նպատակով,

• չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում, ոռոգման ջրանցքերում,

• խմելու ջրի համային և գունային հատկությունների փոփոխությունների, տեսանելի նստվածքների առկայության դեպքերում այն օգտագործել միայն եռացնելուց հետո և անհապաղ ահազանգել ջրամատակարարման համակարգը սպասարկող և վերահսկող մարմիններին,

• ջրանջատումներից հետո ծորակից ջուրն օգտագործել որոշ ժամանակահատված հոսելուց հետո,

• աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (լուծ, որովայնի շրջանում ցավ, տենդ, փսխում) առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի։

Այս խորագրի վերջին նյութերը