Աշխարհ

27.04.2021 20:50


Թուրք պատգամավորը Թալեաթ փաշայի եղեռնագործությամբ է սպառնացել Կարո Փայլանին

Թուրք պատգամավորը Թալեաթ փաշայի եղեռնագործությամբ է սպառնացել Կարո Փայլանին

Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Ումիթ Օզդաղը թիրախավորել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանին՝ սպառնալիքներ հնչեցնելով նրա հասցեին: Պատճառը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Փայլանի թվիթերյան գրառումն էր:

Օզդաղը Փայլանի հայտարարությանը հետևյալ կերպ է արձագանքել.

«Անդաստիարակ, սադրիչ անձավորություն: Եթե շատ գոհ չես, գնա գրողի ծոցը: Թալեաթ փաշան աքսորել է ոչ թե հայրենասեր հայերին, այլ քո նման թիկունքից հարվածողներին: Երբ գա ժամանակը քեզ հետ էլ նույնը կպատահի և պետք է պատահի»:

Նշենք, որ Փայլանը ապրիլի 24-ին գրել էր. «106 տարի անց քայլում ենք Ցեղասպանության ճարտարապետ Թալյաթ փաշայի անունը կրող փողոցներով: Մեր երեխաներին կրթում ենք Թալյաթ փաշայի անվան դպրոցներում: Եթե այսօր Գերմանիայում Հիտլերի անվամբ փողոցներ լինեին և երեխաները սովորեին վերջինիս անվան դպրոցներում, ապա Գերմանիան կլիներ ճիշտ այդպիսին, ինչպիսին հիմա Թուրքիան է»:

Հայ պատգամավորը շարունակելով գրառումը, գրել էր. «Քանի որ 106 տարի շարունակ հերքվում է Հայոց ցեղասպանությունը, այս հարցը շարունակում է մնալ այլ խորհրդարանների և այլ պետությունների ղեկավարների քննարկման առարկա: Հայ ժողովրդի ցավը պետք է տեղափոխենք Թուրքիա»:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը