Քաղաքական

27.04.2021 15:39


Դավաճանի խամաճիկների բանդային եւ իրավապահներին զգուշացնում եմ՝ դուք ցմահ եք ազատազրկվելու. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Դավաճանի խամաճիկների բանդային եւ իրավապահներին զգուշացնում եմ՝ դուք ցմահ եք ազատազրկվելու. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Փորձ է արվում պայքարող երիտասարդներին, արժանապատվությունը հարգող անձանց դիտարկել խուլիգաններ կամ խուլիգանության մեջ կասկածվողներ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով իր քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին առաջադրված մեղադրանքին։

Նշենք, որ այսօր դատարանը քննում է Հեքիմյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։

«Դեռեւս ապրիլի 22-ին շուրջ 14 անձի բերման ենթարկելուց հետո հարուցված է աբսուրդի մակարդակի մի քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։ Հայկի պարագայում նաեւ բռնություն գործադրող անձի կերպար։ Հայրենիքը դավադիր պատերազմի ներքաշած, հայրենիքը հանձնած, զոհերի եւ հաշմանդամների բերած իշխանությունը, որ օր առաջ պետք է հեռանար, շարունակում է իր ազգադավ պահվածքը։ Երբ արժանապատիվը հայը պահանջում է՝ կոնկրետ պատասխանատվության ենթարկել այդ մարդկանց, պարզվում է, որ այդ մարդիկ հանկարծ դառնում են խուլիգաններ կամ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրող անձ։ Իրավապահ համակարգն այսօր խամաճիկ է դարձել քաղաքական ղեկավարության ձեռքին. ամեն գնով փորձել ճնշում գործադրել պայքարող մարդու նկատմամբ։ Սրանք չեն գիտակցում, որ ամեն մի նման ստահակ վարքագծին արժանանալու են տասնապատիկ ավելին։ Երիտասարդի դիմադրությունը կոտրելն անհնար է։ Հայ մարդու արժանապատվությունը ստորացնելուն ուղղվա գործողությունը պատասխան է տրվում, մեր հայ իրականության մեջ դա չմոռացվող է։ Չեն հասկանում, որ իջել են այն աստիճանի, որ մարդու արժանապատվությունը փորձում են բացահայտ վիրավորել, ճնշման տակ պահել»,-նշեց Մինասյանը։

Նրա դիտարկմամբ՝ Հեքիմյանին մեղադրանք առաջադրելու պատճառներից մեկն այն է, որ նա իր քրոջ որդին է. «Քանի որ Հայկն իմ քրոջ որդին է, բնականաբար նաեւ ստահակների խմբից ստացվել է հանձնարարական՝ ամեն գնով փորձել պատժել. դա իրենց չի հաջողվելու»։

Մինասյանը հույս հայտնեց, որ դատարանը կփորձի վեր կանգնել քաղաքական այդ պատվերից եւ կանգնել արդարության, իրավունքի եւ ազգային արժանապատվության կողքին. «Դավաճանի խամաճիկների բանդային եւ իրավապահներին զգուշացնում եմ՝ դուք ցմահ եք ազատազրկվելու»։

Հիշեցնենք, որ ի պաշտպանություն ձերբակալված սյունեցիների՝ ապրիլի 22-ին՝ ՀՀ դատախազության դիմաց տեղի ունեցած ակցիայի առնչությամբ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-ի հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։

Նշենք, որ Հայկ Հեքիմյանի ձերբակալումը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը