Լրահոս

03.06.2011 11:57


ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի հրաժեշտի նամակը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի պաշտոնավարման ժամկետը ավարտվում է, և նա հեռանալուց առաջ հանդես է եկել բաց նամակով:

«Հարգելի բարեկամներ, Երեք տարի որպես ԱՄՆ դեսպան պաշտոնավարելուց հետո այս ամռանը ես մեկնում եմ Հայաստանից: Ինձ համար պատիվ էր ներկայացնել իմ երկիրն ու աշխատել այսքան տաղանդաշատ մարդկանց հետ Հայաստանում: Ես հեռանում եմ խառը զգացողություններով. մի կողմից ուրախ եմ վերադառնալ ԱՄՆ` դեպի ընտանիք և ընկերներ, մյուս կողմից տխուր եմ հեռանալ այս գեղեցիկ երկրից այս պատմական պահին: Հավատացած եմ, որ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը հպարտանալու շատ բան ունեն: Հայ-ամերիկյան հարաբերությունները խարսխված են ժողովրդավարության, բարեկեցության ու խաղաղության ընդհանուր համոզմունքի շուրջ, և այս երկրում ուր էլ գնայի, ամենուր կային մեր հաջող համագործակցության օրինակներ: Ես խոսել եմ քաղաքացիների շահերի պաշտպանությունն իրականացնող իրավաբանների հետ Արմավիրում, ովքեր օգնում էին մարդկանց կենսաթոշակային իրավունքների ապահովման հարցում, տեսել եմ հանրային առողջապահության ոլորտի բարելավմանն ուղղված մեր համատեղ ջանքերի պտուղները Վանաձորի ծննդատանը և հիացմունք եմ ապրել տեսնելով Կապանի կամավորների նվիրվածությունը բնապահպանական հարցերին: Հայաստանում գտնվելու երեք տարիների ընթացքում ես ականատեսն եմ եղել մի շարք զարգացումների, որոնք ընդգծում են մեր ամուր կապերն ու միասին պայծառ ապագա կերտելու մեր հանձնառությունը: Մեկ տարի առաջ նախագահ Օբաման հրավիրեց նախագահ Սարգսյանին մասնակցելու Միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին Վաշինգտոնում`ցույց տալով, որ Միացյալ Նահանգները Հայաստանին համարում է լավ գործընկեր զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը կանգնեցնելու ճանապարհին: Անցյալ տարի, Հայաստանի Հանրապետության սահմանադրության օրը այստեղ էր գտնվում պետքարտուղար Քլինթոնը, ով 18 տարվա ընթացքում առաջին պետքարտուղարն էր, որ եղավ Երևանում: Այդ գեղեցիկ ամառային օրը պետքարտուղար Քլինթոնի երեկոյան զբոսանքը Հյուսիսային պողոտայով խորհրդանշեց բաց ու ինքնաբուխ փոխանակումը, որ պետք է տեղի ունենա ժողովրդի և իր կառավարության միջև: ԱՄՆ կառավարության ծրագրերը Հայաստանում օժանդակել են երկրի կայուն զարգացմանը` մրցունակությունը բարձրացնելու, հաստատությունները ամրապնդելու, սոցիալ-առողջապահական ծառայությունների որակը բարելավելու, քաղաքացիական հասարակությանն ավելի մեծ իրավասություններով օժտելու ճանապարհով: ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ վերանորոգվել են Հայաստանի առավել կարիքավոր գյուղական բնակավայրերի բժշկական կետերի ու ամբուլատորիաների երկու երրորդը, մոբիլիզացվել են քաղաքացիական հասարակության խմբերի ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում: Ավարտին է մոտենում Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի 180 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրերի իրականացումը ուղղված երկրի հիմնական ջրանցքների ու ոռոգման համակարգերի բարելավմանը, որի շահառուներն են 350 գյուղական համայնքների 420000 բնակիչներ: Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը գովելի առաջընթաց է գրանցել է մարդկանց թրաֆիկինգ հանցագործության դեմ պայքարում: Հայաստանը ի ցույց է դրել, որ հավատարիմ է գլոբալ անվտանգության ապահովման իր հանձնառությանը` հայկական զորախմբեր ուղարկելով Աֆղանստան և ուժեղացնելով Հայաստանի արտահանման վերահսկողության ռեժիմը: Թուլացել են հանրահավաքների ազատության նկատմամբ սահմանափակումները: 2008թ. մարտի 1-ի հետընտրական դեպքերին առնչվող գործողությունների համար անազատության մեջ հայտնված քաղաքացիների նկատմամբ կիրառվել է համաներում, կամ նրանք վաղաժամկետ ազատ են արձակվել: Այնուամենայնիվ առջևում դեռ շատ մարտահրավերներ կան և Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանին իր առավելագույն ներուժին հասնելու հարցում: Միացյալ Նահանգները վճռականորեն պատրաստ է օժանդակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք շարունակում ենք օժանդակել հայ-թուրքական հաշտեցմանը թե՛ այստեղ, թե՛ Անկարայում: Նորություն չի լինի թերևս այն, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել ժողովրդավարության կայացմանը, որը Ամերիկայի հիմնադիր սկզբունքն է և հիմնարար գործոն է Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացման համար: Մենք աշխատում ենք կառավարության և տեղական գործընկերների հետ օգնելու Հայաստանում ժողովրդավարության կայացմանը` օրենքի գերիշխանության, արդյունավետ կառավարման և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի խթանման ճանապարհով: Առաջիկա ընտրությունները հնարավորություններ են ընձեռում Հայաստանի ժողովրդավարության հանդեպ վստահությունը լայնորեն վերականգնելու համար: Իրենց ժողովրդավարական ձգտումները կյանքի կոչելու համար քայլեր պետք է ձեռնարկեն հենց հայաստանցիները, իսկ ամերիկյան ժողովուրդը պատրաստ է օգնել Հայաստանի ժողովրդին այս պահը հանուն առաջընթացի օգտագործելու հարցում: Բնական է, որ մեր երկու երկրները չեն կարող համակարծիք լինել բոլոր հարցերում, սակայն ժողովրդավարության, բարեկեցության և խաղաղության մեր ընդհանուր համոզմունքը ուղենիշ կծառայի մեր հետագա համագործակցության համար: Ես հեռանում եմ Հայաստանից վստահ լինելով, որ մեր հարաբերությունները կշարունակեն խորանալ, և մենք միասին կգտնեք նոր ուղիներ կերտելու ապագա, որ շահավետ կլինի բոլորիս: Հարգանքով` Մարի Լ. Յովանովիչ»:

Այս խորագրի վերջին նյութերը