Լրահոս

26.04.2021 10:45


Մեր իրավապահները մոռացել են, որ իրենք ներկայացնում են պետություն, և դարձել են մեկ մարդու շահերի սպասարկու․ Էլինար Վարդանյան

Մեր իրավապահները մոռացել են, որ իրենք ներկայացնում են պետություն, և դարձել են մեկ մարդու շահերի սպասարկու․ Էլինար Վարդանյան

Ակնհայտ է, որ ոստիկանությունը, և ընդհանրապես իրավապահ համակարգը լծված է մեկ մարդու ցուցումներն ու հրահանգները կատարելու գործին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով իրավապահ համակարգի աշխատանքին։

«Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաներին հաջորդած «մասկի շոուները», զանգվածային ձերբակալությունները, մարդկանց արժանապատվությունը նսեմացնելով, ձեռնաշղթաներով, ձեռքերը ոլորելով, խոշտանգելով քննչականի մի սենյակից մյուսը տեղափոխելը, իսկ կողքից հրահանգ տվողին դուր գալու համար տեսանկարահանելը փողոցային «ռազբորկա» էր հիշեցնում։ Դուք հայհոյել եք վարչապետին, մենք էլ ձեր հանդեպ բռնություն կկիրառենք տրամաբանությամբ»,-ասաց նա։

Նա հարց բարձրացրեց, թե այդ ոստիկանները, սպաները իրենք իրենց հարց չե՞ն տալիս, թե ինչու են իրենց վարչապետին համայնքում վատ ընդունում։ «Ինչ են մտածում, երբ սյունեցին ասում է իմ պատուհանի տակ թշնամու դիրքեր ես բերել, ինչ են մտածում, երբ բերման են ենթարկում թշնամուն չհանձնելու համար իր ձեռքերով իր տունը այրած սյունեցուն, ինչ են մտածում, երբ գլխիկոր կատարում են անօրինական ցուցումներն ու հրահանգները։

Ընդ որում` այդ ցուցումների կատարումը զուգորդվում էր բազմաթիվ խախտումներով՝ բերման ենթարկվողներին չէին տեղեկացրել ուր են տանում, բերման ենթարկելիս հաշվի չէին առել մարդու առողջական վիճակը, ըստ էության քովիդով վարակված լինելը, բերման էին ենթարկել ձեռնաշղթաներով, ենթարկել էին խոշտանգման։ Եվ այս ամենը հրահանգ տվողի սպասելիքները արդարացնելու համար։ Ցավով եմ ասում, բայց մեր իրավապահները մոռացել են, որ իրենք ներկայացնում են պետություն, և դարձել են մեկ մարդու շահերի սպասարկու»,-ասա նա։

Էլինար Վարդանյանը նկատեց, որ այսքան ոստիկանական ուժերով Հայաստանում երբեք որևէ ղեկավար իրեն չի շրջապատել։ «Փաշինյանը նույնիսկ շենքից շենք է շրջում դիպուկահարների նշանառության ներքո։ Նա լավ հասկանում է, որ երկիրը պատերազմին հասցնելը, խայտառակ կապիտուլյացիան, հազարավոր զոհերը նրան չեն ներելու։ Նա լավ հասկանում է, որ Սյունիքում իր հանդեպ վերաբերմունքը Հայաստանի հավաքական վերաբերմունքն է, և Արմավիրում բեմականացված հանդիպումները և մոնոլոգները, գերեզմանների մոտ ֆոտոսեսիաները չեն արտահայտում այն իրական պատկերը, իրական մթնոլորտը, որ կա տարբեր համայնքներում, քաղաքներում և տներում։ Նրան մնում է հենվել Ոստիկանության, ԱԱԾ-ի և Դատախազության վրա»,-ասաց նա և ավելացրեց, որ Փաշինյանն այլևս չի էլ թաքցնում իրավապահ համակարգի աշխատանքներում ակտիվ մասնակցությունը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը իր խորհրդականի միջոցով խմբագրում է քննիչների որոշումները, ԲԴԽ իր ներկայացուցիչների միջոցով փորձում է ազդել դատավորների վրա, ի վերջո բաց խորհրդակցության ժամանակ պատժելու, հատուկ օպերացիա անելու, գործ հարուցելու հրահանգներ ու ցուցումներ է տալիս։

«Խորհրդակցության ժամանակ նա ինքն է մարդկանց գործողությունները որակում որպես օրենքի խախտում և բարձրացնում է այդ կոնկրետ գործով իրավապահ մարմինների «կոշտ», «կտրուկ և հատուկ գործողություններով» արձագանքելու հարցը։ Այս ցուցումներն էին նաև իրավապահների ոչ իրավաչափ գործողությունների և դրանք նկարահանելու պատճառը, որ ցույց տան, թե որքան կոշտ էին և կտրուկ։ Բայց իրավապահները պետք է հասկանան, որ վաղը իրենց գործողությունների համար պատասխան են տալու։ «Հրահանգ էինք կատարում» արդարացումը չի գործելու։ Վաղը նոր իշխանություններ են գալու, և նրանք չեն կարողանալու աչք փակել այսօրվա գործողությունների վրա։ Ծագելու են հարցեր՝ շատ «կոշտ և կտրուկ», հստակ հարցեր»,-ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը