Տնտեսական

03.06.2011 09:41


Ազգին սննդով կործանումից փրկող քարոզիչն ու սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության աշխատակիցների հակադարձումը

Ազգին սննդով կործանումից փրկող քարոզիչն ու սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության աշխատակիցների հակադարձումը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանը «համարձակություն» է դրսևորել հարցազրույց տալ «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթին, ինչը հարուցել է հանրության` այդ թվում սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության աշխատակիցների և լրատվամիջոցների զարմանքը: Սննդամթերքի անվտանգության ծառայության պետի պաշտոնում նշանակվելուց հետո գլուխը կորցրած և աշխարհի ամենաբարձրաստիճան չինովնիկի դեր ստանձնած պետն իր կատարած անօրինականությունների և անգործության հետևանքով ստեղծված խառնաշփոթի մեղքը փորձում է բարդել սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության աշխատակիցների, պետական մարմինների  վրա` համարելով նրանց հանցագործներ, կեռուպցիոն մեքենա, թալանչիներ, մոռանալով նշել իր կողմից «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի դրույթների խախտմամբ ստեղծած իրավիճակի, տեսչության նախկին աշխատակիցներին հարկադիր պարապուրդի մատնելու իր գործելաոճի և աշխատողների, մարդկանց, հասարակական կազմակերպությունների, տարբեր լրատվամիջոցների,  ՀՀ պետական մարմինների կողմից պարզաբանումներ ստանալու օրինական պահանջից շարունակ /խիստ զբաղված է, հեռախոսազանգերին չի պատասխանում, աշխատաքի վայրում չի գտնվում, մարդկանց չի կարող ընդունել պատասխաններով/ <թռած ման գալու> պատճառները: Պաշտոնի նշանակվելու օրվանից ծառայության պետի անօրեն գործունեության հետևանքով առանց աշխատանքի մնացած մարդիկ, որոնց կարգավիճակը չի տեղավորվում որևէ տրամաբանության կամ իրավական շրջանակներում փաստորեն պետք է հարմարվեին և ընդունեին պետի գործելաոճը և շնորհակալություն հայտնեին: Շնորհակալություն պետք է հայտնել գոնե քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվելու հույս տալու համար, որը պետի <<բեսպրեդելի>> շնորհիվ ևս իչիք է դարձել. խախտվել են կադրերի ռեզերվում <<իբր կրճատված>> տեսչության աշխատակիցներին գրանցելու բոլոր հնարավոր և անհնար ժամկետները, որպես կրճատումների արդյունք տեսչության աշխատողները մինչ օրս գրանցված չեն քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում, մարդիկ առանց իրավական որևէ հիմքի հայտնվել են հարկադիր պարապուրդում և գույքի հանձնման-ընդունման աշխատանքները չկատարելու պատճառով չեն ստացել նույնիսկ գյուղատնտեսության նախարարությունից ազատվելուց հետո հասանելիք վերջնահաշվարկը, իսկ արդեն 1 ամիս աշխատանքի չգնացող տեսչության նախկին աշխատողները նույնիսկ չգիտեն էլ իրենց հանձնված գույքի ճակատագիրը: Ծառայության պետի առանց մեկնաբանության «գնում եք ռեզերվ» բանավոր խոսքով անորոշության մեջ են հայտնվել  տեսչության ապարատի 20 աշխատակիցներից 13-ը, Արագածոտնի մարզային կենտրոնի 10 աշխատակիցներից 5-ը, Արարատի մարզային կենտրոնի 8 աշխատակիցներից 4-ը, Արմավիրի մարզային կենտրոնի 9 աշխատակիցներից` 4-ը, Գեղարքունիքի մարզային կենտրոնի 11 աշխատակիցներից 6-ը, Լոռու մարզային կենտրոնի 12 աշխատակիցներից 8-ը, Կոտայքի մարզային կենտրոնի 6 աշխատակիցներից 4-ը, Շիրակի մարզային կենտրոնի 11 աշխատակիցներից 7-ը, Սյունիքի մարզային կենտրոնի 9 աշխատակիցներից 3-ը, Վայոց Ձորի մարզային կենտրոնի 5 աշխատակիցներից 2-ը, Տավուշի մարզային կենտրոնի 7 աշխատակիցներից 2-ը, Երևանի մարզային կենտրոնի 22 աշխատակիցներից 12-ը, որոնց պետը նունիսկ կրտսեր մասնագետի պաշտոն չի առաջարկել և չի էլ բարեհաճել որևէ պարզաբանում տալ: Տեսչության սահմանային հսկիչ կետերի և բաժնի 15 աշխատողներին ևս ծառայությունում աշխատելու առաջարկ չի արվել, նրանք անորոշ կարգավիճակով շարունակում են կատարել իրենց աշխատանքը: Կարիքն առաջանալու դեպքում կներկայացվի նաև ծառայության պետի կողմից տեսչության <<աշխատանքի չարժանացած և արժանացած>> աշխատակիցների քաղաքացիական ծառայության և մասնագիտական աշխատանքային ստաժի, քաղաքացիական ծառայության դասային աստիճանի, կրթական և մասնագիտական այլ չափորոշիչների համեմատականը:

Շաբաթաթերթին տված հարցազրույցի համաձայն «տեսչության աշխատակիցներին հեռացնելը նախապես մտածված և հատուկ կազմակերպված միջոցառում էր», այսինքն մարդկանց առանց բացատրության և հիմանվորման, օրենքի խախտմամբ աշխատանքից զրկելը չգիտես ում կողմից մտածված, զվարճալի միգուցե տխուր սցենարով ներկայացում է, որտեղ ռեժիսորի և գլխավոր դերերում փորձում է երևալ մեծն նորանշանակ պետը, ում դերակատարությունն ավելի շատ նման է կյանքից դժգոհ, խռոված պաշտոնյայի` խիստ հպարտ, բայց չգիտես ինչից, միգուցե ինքն իրենից խիստ զարմացած պահվածքով, ով հիանալի կատարում է միմիկայից զուրկ և անիմաստ հայացքով  շրջապատում ներկայանալու չինովնիկային դերը: Իր ներկայացմամբ պայքարում է մեծ ուժերի դեմ` տարակարծիք տպավորություն ստեղծելով իր  երևակայության նկատմամբ, մի գուցե ինքը հեքիաթներում չարի դեմ մահու կռիվ տվող թագավորական ծագման արքայազն է, իսկ չարը` պետական հափշտակող և զանցանքներ գործած մարմինները և տեսչության հասարակ ծագման ու «թալանչի» աշխատակիցներն են, որոնք անարժան են վայելել «նորին մեծություն» պետի ներկայությունը և իրավունք չունեն աշխատել մի կառույցում, որտեղ պետք է «թագավորի» ինքը:

Աշխատանքում գլխավորը երկրորդականից չտարբերակող պետը, ով երբևիցե չի աշխատել պետական որևէ մարմնում, չի զբաղեցրել որևէ պաշտոն և անգամ չի էլ հասկանում պետական մարմնում աշխատողի վարվելաձևի և ինքնադրսևորման նվազագույն պահանջները, հանկարծ խոսում է սննդի անվտանգության և երկար ժամանակ այդ ոլորտում տիրող բարձիթողի վիճակի մասին: Ստացվում է, որ մինչ օրս երկրի պետական այրերը` Նախագահը, կառավարությունը անտեղյակ էին այդ իրավիճակից կամ իմանալով այդ մասին, ոչինչ չեն ձեռնարկել և հանկարծ, կարծես երկնային պարգև, Գրիգորի հայտնությունից հետո կատարվել է հրաշք և «մարգարե» Գրիգորը այսուհետ զբաղվելու է սննդի անվտանգության հիմնահարցերով, երկրի նախագահին և վարչապետին իրազեկելու է նախկինում կատարվածի մասին:

Գրիգորյանը ծառայության ամենօրյա աշխատանքը կազմակերպելու և ծառայության գործունեությանը ծանոթանալու փոխարեն զբաղված է նախկին տեսչությունների «անօրինականությունների բացահայտմամբ և ծառայողական հետաքննության» անցկացումով: Արդեն 2 ամիս պաշտոնավարող պետը չի էլ կարդացել սննդամթերքի անվտանգության պետական ծառայության  ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կանոնադրությունը, ինչը հաստատում է իրեն հետաքննչական մարմի և դատախազի գործառույթներով օժտած մեծն պետի «ծառայողական հետաքննության» անցկացումը և «խելքին աշեցեք» իր ներկայացմամբ նախկին տեսչության աշխատողներին աշխատանքից հեռացնելը: Նշվածը ծիծաղելի է, քանի որ մինչ օրս ծառայության պետը չի էլ հասկանում, որ ՀՀ նախագահի հրամանագրով 2 տեսչությունների վերակազմակերպման հիմքով ստեղծված սննդի անվտանգության պետական ծառայությունում նախկին տեսչությունների աշխատողների «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան նշանակվելու իրավունքը իր կողմից կոպտորեն խախտվել է և փոխանակ դրա մասին մտածելու, խոսում է իր կողմից մարդկանց աշխատանքից հեռացնելու մասին այն դեպքում, երբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության և բուսասանիտարիայի պետական տեսչության բոլոր աշխատակիցները սույն թվականի ապրիլի 1-ից ազատված են ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմից, սակայն շարունակել են կատարել իրենց աշխատանքային պարտավորությունները դեռ իր ասպարեզ հայտնվելուց առաջ և իր աշխատանքի ընթացքում:  Ծառայության <<բանիմաց>> պետը փորձում է շղարշել իր անօրինական գործունեությունը և այդ մասին մարդկանց, նաև շարքային շատ քաղաքացիներին, պետական համապատասխան ատյաններին կամ հասարակական կառույցներին և լրատվամիջոցներին իրավական կամ հիմնավոր որևէ բացատրություն չտալու գործելաոճը պոռոտախոս հայտարարություններով և զազրախոսություններով, թե «իր կողմից հեռացված» մարդիկ տարիներ շարունակ օրենքներ են խախտել:

Հարցազրույցից պարզվում է որ պետն իրականացնում է հատուկ նախապատրաստված, մտածված ազգային անվտանգության մակարդակի միջոցառում` «օրենքների խախտումների, զանցանքների, թալանի և ռեկետի» բացահայտման ուղղությամբ և նույնիսկ չի էլ հասկանում, որ մարդկանց համբավը և արժանապատվությունը ոտնահարող և դրա համար պատասխանատվության ենթակա այդպիսի  հայտարարությունները կատարվում են արդյունքների ստացումից և համապատասխան մարմինների կողմից նման փաստերը ապացուցվելուց հետո:

Ինչ վերաբերվում է «մարգարե» Գրիգորի կողմից «հեռացված» տեսչությունների նախկին աշխատողներին, որոնց զգալի մասը լեզվաբաններ, հոգեբաններ կամ ֆիզիկոսներ էին, որոնք միայն «թալան» ու «զանցանք» են կատարել, ապա տեղին է նշել, որ տեսչության  աշխատողների մեծամասնությունը մասնագիտական, կրթվածության մակարդակով և աշխատանքային ստաժով մի քանի գլուխ գերազանցում են տարրական թվաբանություն չիմացող` մեկ տասնյակը չգերազանցող տեսչության ոչ մասնագետ կադրերին զգալի մաս համարող ծառայության պետին, ինչը ցանկացած ժամանակ կարող են ապացուցել ցանկացած զանգվածային լրատվամիջոցի մասնակցությամբ կազմակերպվող հրապարակային բանավեճի ընթացքում: Նախկին պետական վերահսկող կառույցը այդպիսի անպատասխանատու և ցինիկ կերպ վատաբանելը առնվազն տկարամտություն է, որովհետև տեսչության և գյուղատնտեսության նախարարության գործունեությունը հստակ երևում է վերջին տարիներին` 2005 թվականից ի վեր իրականացվող սննդամթերքի անվտանգության ոլորտի բարեփոխումների և վերահսկողության ուղղությամբ կատարված աշխատանքով:

Հետաքրքիր է լսել կառավարության, գյուղատնտեսության նախարարության, քաղաքացիական ծառայության խորհրդի տեսակետը սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի փայլատակող և «Հայաստանի զրուցակից» շաբաթաթերթին տված հարցազրույցում նշված այն մտքերին, որ  այդ ոչ մասնագետ, թալանչի, օրինախախտ աշխատողներին աշխատանքի ընդունելը հանցագործություն է,  և կոռուպցիոն մեքենան աշխատում է 15 և ավելի տարիներ. հարկ է նշել, որ տեսչությունում աշխատանքի են ընդունվել օրենքով սահմանված կարգով, մրցույթի  արդյունքներով և աշխատել են վերը նշված պետական կառույցների կողմից և գիտությամբ սահմանված քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով: Այս ամենից զատ, <<ամենագետ և բացահայտող>> ծառայության պետի մեկնաբանությունից հետևում է, որ նախարարությունը, տեսչությունը, քաղաքացիական ծառայության խորհուրդը հանցագործներ են, հանցագործների են աշխատանքի ընդունել, իսկ նշված մարմինների աշխատանքը գնահատող կառավարությունը, վարչապետի, նախագահի վերահսկողական ծառայությունները անտեղյակ են եղել կամ գիտենալով այդ ամենը <<չգիտես ինչու>> չեն տեղեկացրել նախագահին և վարչապետին` թույլ տալով այդ աններելի թողտվությունը:

Եվ ահա այս հույժ կարևոր, ազգին կործանումից փրկող սննդի անվտանգության պահպանման առաքելությունը «ի վերուստ» եկել է իրականացնելու Գրիգոր Գրիգորյանը, ինչի համար պետք է խորին շնորհակալություն հայտնի հանրապետության ողջ բնակչությունը, որովհետև մտավոր «բացառիկ» ունակությունների տեր և «իրենից բացի մասնագետ չկա» գործելաոճով մեծամիտ Գրիգորի շնորհիվ հանրապետությունը վերջապես ազատվել է <<սննդի միջոցով կործանելու գործունեություն իրականացրած>> տեսչությունից:

Առավել լավ կլիներ ծառայության պետը հարցազրույցում խոսեր ծառայության առջև դրված խնդիրներից բխող անելիքների, դրանց լուծումների, իր կողմից աշխատանքի ընդունված մասնագետ կադրերի պատրաստվածության և «աշխատանքային մաքուր կենսագրության», իր կադրային նշանակումների պատմության և սկզբունքների, իր շրջապատի մարդկանց նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի, ծառայությունում նոր մարդկանց աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու, նախկին աշխատակազմի ղեկավարի, իրավաբանի և մյուսների աշխատանքից հեռանալու, «Հանրապետական անասնաբուժական և հակահամաճարակային ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի, տնօրենի տեղակալի ազատման մասին` չմոռանալով ներկայացնել նաև իր «փայլուն» կենսագրականը:

Անդրադարձ Գրիգոր Գրիգորյանի ուսանողական և աշխատանքային կենսագրությանը.

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրեն «պապա»  կարգած Գրիգորի Վլադիմիրովիչը, ով դեռ դպրոցի և ուսանողության տարիներից  «կաչոկ և կարատիստ» Գրիշն է, գյուղատնտեսական ակադեմիայի` ներկայիս ագրարային համալսարանի անասնաբուժական ֆակուլտետը ավարտել է մի կերպ` ծանոթություններով ու այլ հնարավոր ձևերով 3 գնահատականը հայթայթելով, /ուսանողության ընթացքում որևէ քննություն կամ առարկայից դաս չի պատասխանել, գոնե ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը այդ մասին կարող է հավաստել/, «մասնագիտությամբ աշխատել է» վաղուց արդեն գոյություն չունեցող Երևանի անասնաբուժարանում` որպես միս ստուգող, սակայն աշխատանքային միջավայրի հավաստմամբ չի կարող օգտվել մանրադիտակից, երբևէ չեն տեսել մանրադիտակային հետազոտման համար անհրաժեշտ պրեպարատների պատրաստման կամ առնվազն միկրոբների ներկման ինքնուրույն աշխատանք կատարելիս, երբևէ կենդանու բուժում կամ նույնիսկ պատվաստում կան հասարակ այլ ներարկումներ չի կատարել, նույնիսկ ուսանողական պրակտիկաներին չի բարեհաճել հաճախել: Ֆակուլտետը ավարտելուց հետո, ինչը կհավաստեն «գերազանց գնահատականներով» ստուգման գրքույկը և դիպլոմը, հովանավորման միջոցով և արդեն հասկանալի  եղանակով որոշել է դառնալ գիտնական`  հարուցելով անասնաբուժական ֆակուլտետի ուսանողական և պրոֆեսորադասախոսական կազմի զարմանքը: Ուսանողությունը լսարաններից դուրս անցկացրած և նույնիսկ մասնագիտությանը վերաբերող առարկաների անվանումը չիմացող անասնաբուժական ֆակուլտետի «շրջանավարտ և պարծանք ծառայության պետ» ուսանողը ավարտելուց անմիջապես հետո, ի զարմանս բոլորի, հանկարծ դառնում է ասպիրանտ`  ընդունվելով ասպիրանտուրա անասնաբուժական փորձաքննություն ուղղվածությամբ և մինչ օրս դեռ դիսերտացիա է գրում: Այնուհետև Գրիշի կարերիան շարունակում է  իր հաղթարշավը. առանց մրցույթին մասնակցելու, որը հավաստում են մրցույթին մասնակցած և աշխատանքի չընդունված մասնագետ կադրերը,  հայտնվել է եվրոհանձնաժողովի ծրագրում` որպես փորձագետ և վերջին տարիներին միջազգային կառույցում  իր «հույժ կարևոր առաքելությունը իրականացրել»` միգուցե այդ բացառիկ ծառայությունների համար էլ «Քաջ Նազարի բախտով» արժանանալով ծառայության պետի պաշտոնին: Միջազգային կառույցում աշխատելու ընթացքում «անթերի գործունեությամբ» աչքի ընկնող, բազմաթիվ անգամներ իր ներկայացմամբ վարչապետի և նախագահի վստահությունը վայելող,  «մաքուր կենսագրականով» ու «բարեկիրթ» Գրիշը Վրաստանում կազմակերպված սեմինարի շրջանակներում հյուրասիրության ընթացքում մի շարք երկրների ներկայացուցիչների ներկայությամբ հարբելով`  ցուցամոլությամբ ջարդուփշուր է արել սպասքը, փորձել է դրսևորվել որպես «լավ տղա», իսկ որպես կազմակերպող և ֆինանսավորող կառույցի ներկայացուցիչ` սեմինարին հրավիրված ՀՀ սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության մի քանի աշխատակիցների խաբել է և չի հատկացրել որպես սեմինարի մասնակից նրանց հասանելիք ճանապարհածախսը` չնայած տեսչության աշխատակիցները այդ ընթացքում իրենց ծախսերով կազմակերպել և  հայկական ձևով նշել են Գրիշի ծննդյան օրը, ի դեպ նախկին տեսչության այդ նույն աշխատակիցները «ազնիվ և արդար» Գրիշի «օրինական» աշխատանքի հետևանքով համալրում են ծառայությունում աշխատանքի չընդունված և «բազմաթիվ օրինախախտումներով թալան ու ռեկետ իրականացրած» մարդկանց շարքը:

Հետաքրքիր կլինի վերը նշվածի վերաբերյալ լսել ծառայության պետին պաշտոնի նշանակած պարոն վարչապետի և այդ պաշտոնում նրան առաջադրած մարդկանց տեսակետը և նկատառումները` վերջերս վարչապետի հնչեցրած տեսակետի համատեքստում, ըստ որի չսովորղ կամ վատ սովորող ուսանողները և ընդհանրապես բարոյական վատ նկարագրով անձինք չպետք է պաշտոններ զբաղեցնեն պետական համակարգում:

Ցավալին այն է, որ այս ամենից զատ, լրատվամիջոցը, առանց սեփական կարծիքը ձևավորելու, պետական պաշտոն զբաղեցնող ոմն նորելուկի հետ ինչ-որ հարցազրույց է տպագրում` որևէ հարց չտալով նրա կենսագրականի, անցած աշխատանքային ճանապարհի մասին և առանց խղճի խայթի տպագրում է մարդկանց և պետական մարմինների աշխատանքը մեղմ ասած նսեմացնող և բարոյազրկող պետական պաշտոնյայի  հետ հարցազրույց, որտեղ ոտնահարվում են սահմանադրությամբ ամրագրված քաղաքացու անմեղության կանխավարկածը և հեղինակազրկվում է ողջ պետական համակարգը:

Պետության համար խիստ կարևոր սննդի անվտանգության համար պատասխանատու և լայն իրավասություններով կառույցի ղեկավար պաշտոնում նշանակվել է սեփական դատարկությունից փքված և տիրակալի պահվածքով այդ դատարկությունը ծածկելու ցայտուն դրսևորմամբ, պետական ծառայության աշխատանքը և հեղինակությունը զրոյացնող պատահական, անկիրթ «մասնագետ չինովնիկ», ով առաջին հերթին իր դատարկությունը փորձում է ծածկել աշխատող մասնագետ անձնակազմից հնարավոր ամեն կերպ ազատվելով, անօրինականություններ կատարելով, զազրախոսությամբ:

Կոչ ենք անում բոլոր լրատվամիջոցներին անկողմնակալ սկզբունքով պարզել սննդամթերքի անվտանգության ծառայության պետի պաշտոնավարման գործունեությունը և անցած ճանապարհը, ծառայությունում տեսչությունների աշխատողներին պաշտոնի նշանակման կամ որևէ պաշտոն չառաջարկելու, քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվ ուղարկելու  պատճառները և իրավական հիմքերը, ծառայությունում աշխատանքի ընդունման սկզբունքները, նորանշանակ մարդկանց աշխատանքի ընդունման իրավական հիմքերը, արդեն 2 ամիս շարունակվող կամայական «բեսպրեդելի» և այդ ամենի նկատմամբ պետական ատյանների անտարբերության պատճառները:

Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության աշխատակիցներ

Այս խորագրի վերջին նյութերը