Լրահոս

02.06.2011 18:12


Կառավարության տնտեսական քաղաքականությունից սկսել են տուժել նաև կույրերը

Շիրակի մարզում կույրերին աշխատանքով ապահովող մեկ ձեռնարկություն կա, որը պատկանում է Շիրակի մարզի կույրերի վարչությանը: Ձեռնարկությունը, որտեղ կույրերը պատվերով թղթապանակներ ու վարդակներ են արտադրում, ներկայումս կանգնած է ֆինանսական դժվարությունների առջև: Պատվերների բացակայության պատճառով ձեռնարկությունը տևական ընդհատումներով է աշխատում, վարչությունում գրանցված 700 կույրերից ձեռնարկությունում աշխատում է ընդամենը 3 հոգի:

«Մենք մեկ արտոնություն ունենք՝ մեր կողմից վճարվող ավելացված արժեքի հարկը հետագայում պետությունը հետ է վերադարձնում: Սակայն ներկայումս խոսակցություններ կան, որ կառավարությունը փորձում է վերացնել այդ արտոնությունը, և մեր կենտրոնական վարչությունը պայքարում է, որ գոնե այդ արտոնությունը կույրերի ձեռնարկությունը պահպանի: Այլապես մեր աշխատանքն անարդյունավետ կդառնա»,- ասում է Շիրակի մարզի կույրերի վարչության նախագահ Ալբերտ Թորոսյանը:

Կույրերի վարչությունից դժգոհում են, որ պետությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում իրենց խնդիրներին: Նրանք նշում են, որ օգնության կարիք չունեն. ուղղակի կարիք կա, որ պետությունն իրենց ձեռնարկության համար պատվերներ ապահովի, իսկ ֆինանսական խնդիրներն իրենք կկարողանան լուծել:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը