Քաղաքական

22.04.2021 14:54


«Ի՞նչ է, տիկին Դավոյանը Քննչական կոմիտե՞ է, ԱԱԾ ներկայացուցի՞չ է, նրա ասած «Էդ Սյունիքը» Հայաստանի ողնաշարն է». Աննա Գրիգորյան

«Ի՞նչ է, տիկին Դավոյանը Քննչական կոմիտե՞ է, ԱԱԾ ներկայացուցի՞չ է, նրա ասած «Էդ Սյունիքը» Հայաստանի ողնաշարն է». Աննա Գրիգորյան

ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ Սյունիքում համայնքապետերի, փոխքաղաքապետերի, շարքային քաղաքացիների ձերբակալություններն անակնկալ չէին, քանի որ մարզպետարանում Նիկոլ Փաշինյանն ուղիղ ցուցում տվեց իրավապահներին, որ հրապարակային պետք է պատժվեն այն մարդիկ, որոնք մասնակցել են իր դեմ ակցիային։

«Ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է հենց Մեղիի համայնքապետն այդ գործընթացով անցնում, բայց, ըստ էության, սա քաղաքական հաշվեհարդար է։ Այլ որակում ես սրան չեմ կարող տալ, քանի որ իրավական մասով սա ուղղակի փուչիկ է։ Ասում են՝ Մեղրու համայնքապետին խուլիգանության հոդվածով են բերման ենթարկել, բայց նա ի՞նչ է արել, նա դուրս է եկել՝ հասկանալու, թե ինչ է կատարվում, ինչ են անում համաքաղաքացիները, և փորձել է նրանց պարզապես հանդարտեցնել, բախումներ թույլ չտալ։ Սրա համար նրան բերման են ենթարկում, ինչը, իհարկե, աբսուրդ է»,-այս մասին Քննչական կոմիտեի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Աննա Գրիգորյանը։

Նա ընդգծեց, որ Սյունիք կատարած այցի մասին ոչ միայն համայնքների ղեկավարները տեղյակ չեն եղել, այլև սեփական թիմի պատգամավորներից շատերը։ Ստացվում էր, որ մեծ հաշվով այցը բոլորի համար էր անակնկալ։

«Եթե Սյունիքում նրա այցի մասին տեղյակ չէին, ապա ինչպե՞ս է ստացվում, որ իշխանությունը հայտարարում է, թե բողոքի ակցիաներն ուղղորդված էին, այդ ո՞ւմ կողմից են ուղղորդված եղել, եթե դրա մասին նախապես տեղյակ չեն եղել։ Եթե մարդն ասում է, որ ակցիաներն ուղղորդված են, ենթադրվում է՝ հանրային խոսքը պետք է հիմք ունենա, ես մինչև այսօր չեմ տեսել, որ այդ մտքի համար որևէ հիմնավորում լինի։

Ստացվում է իրավիճակ, երբ կա ժողովուրդ, որը նրան աղ ու հացով է դիմավորում՝ լավն է, և կա վատ ժողովուրդ, որը բարձրացնում է խնդիրները և տեսնում իրականությունը։ Իրականում այդպես չէ, ցանկացած մարդ, որը եղել է Սյունիքում, տեսնում է, թե այնտեղ ինչ է կատարվում։ Երբ սյունեցին տեսնում է, որ իր դռան մոտ կանգնած է ադրբեջանցին, պետք է սպասի, որ իրեն ուղղորդե՞ն՝ ոչ»,-հավելեց նա։

Ինչ վերաբերում է իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանի հայտարարությանը, թե «էդ Սյունիքում բոլորն իրենց արածի համար պատասխան են տալու», Աննա Գրիգորյանը նկատեց՝ նախ պատգամավորի ասած «էդ Սյունիքը» Հայաստանի ողնաշար Սյունիքն է։

«Տիկին Դավոյանը լավ կաներ՝ իր ձևակերպումներն ու բառերը ճիշտ ընտրեր։ Ի՞նչ է, ԱԺ պատգամավո՞րը պետք է ասի, ով պատժվի, ով՝ ոչ։ Ի՞նչ է, տիկին Դավոյանը Քննչական կոմիտե՞ է, ԱԱԾ ներկայացուցի՞չ է, ի՞նչ է»,-շեշտեց նա։շ

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը