Լրահոս

02.06.2011 15:48


Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Վարդգես Գասպարիի մեղադրանքներին

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Վարդգես Գասպարիի մեղադրանքներին

«7օր»–ի խնդրանքով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, վերջերս բանտից ազատ արձակված Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի մեղադրանքներին, որ քաղբանտարկյալ Արա Հովհաննիսյանը նարկոման, գող, ավազակ և փալաս է, ու պահանջում է նրան հեռացնել ՀԱԿ–ից։

–Եկեք հասկանանք երկու տարբեր իրողություն։ Այն բոլոր անձինք, ովքեր որպես քաղբանտարկյալ են հայտարարվել Հայ ազգային կոնգրեսի կողմից, դատապարտվել են կոնկրետ հոդվածներով, և քաղբանտարկյալի բնորոշման համար կարևոր է ոչ թե անձը, նրա անձնական հատկանիշները, ընդհուպ ոչ թե այն՝ ինչպես է իրեն պահել քրեակատարողական հիմնարկում, այլ այն, թե ինչ հոդվածով, իրավական ինչ արդարացծավությամբ են ուղարկել նրան բանտ։ Ինչ վերաբերում է Վարդգես Գասպարիին, նա իմ եղբայրն է. ես նրա նվիրվածությանը շարժմանը և սկզբունքներին նվազագույն անգամ չեմ կասկածում,–ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Բայց Վարդգես Գասպարիի խոսքերով՝ այդ հանցագործը, նարկոմանն այսօր հարթակում կանգնած է Ձեր կողքին» «7օր»–ի ակնարկին ի պատասխան՝ Ն. Փաշինյանն ասել է.

–Ես Վարդգես Գասպարիին շատ սիրում եմ, շատ հարգում, և երբ նա ինչ–որ բան ասում է, ես նրա ասածներին ուշադիր եմ վերաբերվում, ու Վարդգես Գասպարիին ասացի, որ մենք առաջիկա օրերին նրա հետ այդ թեմայով շատ մանրամասն խոսակցություն կունենանք։ Բայց այդ խոսակցության արդյունքում իմ կարծիքը Վարդգես Գասպարիի մասին չի փոխվի։ Իսկ Արա Հովհաննիսյանին ես գիտեմ որպես քաղբանտարկյալ։ Ես նրան, ցավոք սրտի, անձամբ ծանոթ չեմ, և առաջիկայում, եթե անհրաժեշտություն լինի, կծանոթանամ, եթե անհրաժեշտություն չլինի, չեմ ծանոթանա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը