Հիմա, գոնե այս ազգակործան պատերազմն ու հայրենադավ կառավարումը մեզ պետք է դաս լինի, որպեսզի հաջորդ ողբերգության փոխարեն՝ նպատակային ու հեռանկարային պետության վերադառնանք
1915թ. հայոց Ցեղասպանությունը չէր լինի, եթե մենք ունենայինք պետականություն և բանակ։ Նիկոլը կործանում է մեր պետականությունն ու բանակը՝ հող նախապատրաստելով հաջորդ ցեղասպանության համար։
Թուրքի հետ կողք-կողքի, անվտանգ և խաղաղ կարող ենք ապրել միայն ամուր, զարգացող պետականություն, մարտունակ զինված ուժեր և հայ-ռուսական անքակտելի հարաբերություններ ունենալով։ Մնացածը՝ հեքիաթներ են։ Թույլ, անողնաշար, անդեմ Հայաստանը՝ նույնիսկ ռուսներին պետք չէ։
Ինչ վերաբերում է արևմուտքին, ապա ինչպես ժամանակին «անգլիական նավերը չեն բարձրացել Տավրոսյան լեռները, այնպես էլ չեն բարձրանալու ապագայում»։ Արևմուտքի համար, Հարավային Կովկասի ցանկալի «պահակը»՝ միևնույն է հակառուս Թուրքիան է։ Իսկ թուրքի «պահակության» տակ ապրած ցանկացած հայ՝ պոտենցիալ զոհ է։ Արևմուտքը մեր ժողովրդի պատմության էջերում՝ միշտ եղել է որպես անպատասխան սեր, առանց որի, դժվար է տարածվել ու զարգանալ։ Մենք անմնացորդ սիրել ենք նրան, դիմացը ստանալով քաղաքավարական ժպիտ, կարեկցանք ու մի քիչ փող կամ ներդրում։ Իսկ գոյության ճակատագրական պայքարում, երբ արյունով ենք հաստատում մեր ապրելու իրավունքը, միշտ էլ պետք է պատրաստ լինենք արևմտյան սառը անտարբերության։ Այդպես եղել է, կա ու կլինի։ Ինչու՞, որովհետև թուլամորթներին ու աննպատակներին չեն սիրում ոչ միայն Ռուսաստանում, կամ Չինաստանում, այլ նաև Արևմուտքում։ Նիկոլիզմը՝ Հայաստանը դարձրեց թուլամորթ ու աննպատակ։
Նիկոլիզմից հետո՝ ակտիվ արտաքին քաղաքականությունը նորից պետք է դառնա մեր պետության գլխավոր զենքերից մեկը։ Իսկ տնտեսությունը, անվտանգությունը և պետական կառավարումը՝ բացառապես առանց պոպուլիզմի։ Քաղաքական պոպուլիզմի դրսևորումներն այս ոլորտներում՝ պետք է արգելվեն օրենքով։ Ընդհանրապես, պոպուլիզմով զբաղվող քաղաքական գործիչներն ու քաղաքական ուժերը պետք է դուրս մղվեն հայկական քաղաքական դաշտից։
Արցախը և Սյունիքը դառնալու են Հայաստանի գլոբալ անվտանգության անկյունաքարերը։ Այն լինելու է տարածաշրջանի երկարատև խաղաղության միակ բանալին, որը պետք է լինի բացառապես հայկական։ Այլ պարագայում՝ հայերը և ռուսները Հարավային Կովկասում այլևս անելիք չեն ունենալու։
Հայերն անվտանգ, սոցիալապես ու բարոյապես լավ կարող են ապրել միայն Հայրենիքում, եթե հայերի մեծամասնությունն ապրի Հայաստանում։ Սա գուցե դեռևս ուտոպիա է, բայց միակ տարբերակն է։ Ասում ենք երկիրը շենացնենք, որ հայերը վերադառնան Հայրենիք։ Իսկ այդ ո՞վ պետք է շենացնի ու պաշտպանի։ Նրա՛նք ովքեր մտածում են Հայրենից գաղթելո՞ւ, թե՞ նրանք, ովքեր մտածում են Հայրենիք ներգաղթելու մասին։
Եթե շուրջ 7 մլն հրեաներ կարող են ապրել 22,2 հազար ք/կմ տարածքով Իսրայելում, ապա ինչու՞ 7 մլն հայեր չեն կարող ապրել 34,3 հազար ք/կմ տարածքով Հայաստանում և Արցախում։ Ավելի խելացի՞ են, ո՛չ։ Ավելի հայրենասե՞ր են, ո՛չ։ Ավելի կազմակերպվա՞ծ են, ո՛չ։ Ավելի լա՞վ իշխանություններ ունեն, ո՛չ։ Ավելի լա՞վ են պայքարում կոռուպցիայի դեմ, ո՛չ։ Ավելի համերա՞շխ են, ո՛չ։ Պատասխանը մեկն է. որովհետև ունեն ընդհանուր՝ ազգային նպատակ և ծառայում են հենց այդ նպատակին։ Փող են աշխատում նաև այդ նպատակի համար, գիտություն, տնտեսություն, հարաբերություններ, մի խոսքով ամեն ինչ զարգացնում են հենց այդ նպատակի, այսինքն՝ազգային նպատակի համար։
Իսկ ո՞րն է մեր հավաքական, ազգային նպատակը։ Թվում էր, թե Արցախն ազգային նպատակի մի փոքր մասն էր։ Բայց, ցավոք ո՛չ, սխալվեցինք։ Այլապես նիկոլիզմը Հայաստանում 1% ձայն էլ չէր հավաքի։ Մեր նպատակը՝ 2018-ից դերձավ աննպատակ։
Եթե իրականում նպատակ ունենայինք, ոչ մի պարտություն մեզ չէր վախեցնի, և ոչ մի հաղթանակի ձեռքն էլ կրակը չէինք ընկնի։ Եթե մենք ազգային նպատակ ունեցող ազգ լինեինք՝ Նիկոլն ու խունտան ոչ միայն Սյունիք, այլ նույնիսկ իրենց տուն չէին կարող գնալ։ Այնպես որ, մեղավոր ենք բոլորս, մեղավոր է մեր պատմությունը, մեր մտածելակերպը, մեր ԵՍ-ը, որը ԷԳՈ-ից այն կողմ չի անցնում։
Հիմա, գոնե այս ազգակործան պատերազմն ու հայրենադավ կառավարումը մեզ պետք է դաս լինի, որպեսզի հաջորդ ողբերգության փոխարեն՝ նպատակային ու հեռանկարային պետության վերադառնանք։ Կառուցենք՝ սերունդ առ սերունդ, համերաշխ ու միաբան։
Եվ վերջապես մտծենք, թե ինչպե՞ս անել, որ ոչ թե մենք՝ հայերս ծառայենք փողին, այլ փողը ծառայի մեզ, մեր ընդհանուր նպատակներին։ Ոչ թե ուտել-խմելուն, դիզել-կորցնելուն կամ նոր կուսակցություն բացելուն։
Հիմա, գոնե այս ազգակործան պատերազմն ու հայրենադավ կառավարումը մեզ պետք է դաս լինի, որպեսզի հաջորդ ողբերգության փոխարեն՝ նպատակային ու հեռանկարային պետության վերադառնանք