Լրահոս

02.06.2011 15:19


Ի՞նչ է կատարվում ֆրանսիական համալսարանում

Ֆրանսիական համալսարանում երբեմն-երբեմն բռնկվող միջադեպերը լրջորեն մտահոգում ու ստվերում են համալսարանի մասին հասարակության մեջ եղած կարծիքը:

Ինձ լրջորեն մտահոգեց «Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիա» ՀԿ-ի հայտարարությունը, որը համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանի եւ շրջանավարտի միջեւ տեղի ունեցած տգեղ միջադեպի մասին վերջերս լրատվությամբ տարածված հրապարակման շարունակությունն էր: Խոսվում էր դասախոսի անթույլատրելի եւ իր գործունեության հետ անհամատեղելի վարքագծի մասին: Հրապարակումների մեջ ինձ հատկապես զարմացրեց պրոռեկտորի քրոջ գիտելիքները գնահատելու նպատակով գիտելիքների քննական շեմն իջեցնելու մասին տեղեկատվությունը: Սա խոսում է ակնհայտ կոռուպցիայի երեւույթի մասին, այսինքն պրոռեկտոր Նավոյանի կողմից չարաշահվել է պաշտոնական դիրքը, որը պատժելի արարք է եւ պատիվ չի բերում համալսարանին: Սույն տեղեկատվությանը համալսարանի ռեկտորատի կողմից հասարակությանը պետք է տրվի գնահատական եւ անհրաժեշտ պարզաբանում:

Լինելով մեր պետության մեջ կրթության քաղաքականության համար պատասխանատվություն կրող անձ` ես նույնպես միանում եմ վերոնշյալ հայտարարության պահանջին եւ համալսարանի ռեկտորատի պատասխանատուներից ակնկալում եմ վերոնշյալ երեւույթներին վերաբերող համապատասխան արձագանք:

Անահիտ Բախշյան, «Ժառանգություն» կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը