Քաղաքական

19.04.2021 20:08


Պաշտոնեական դիրքի չարաշահման համար Բորիս Ավագյանը ազատվել է Արցախի ԱԻՊԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Պաշտոնեական դիրքի չարաշահման համար Բորիս Ավագյանը ազատվել է Արցախի ԱԻՊԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանը ապրիլի 19-ին ազատվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից՝ Երևան քաղաքում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում իր կողմից հնչեցրած կարծիքների համար։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է շրջանակներից դուրս թեմաներից։ Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլ նաև չեն համապատասխանում իրականությանը։ Հաշվի առնելով՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնեական դիրքի չարաշահումը, Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,-նշել են Արցախի ՆԳՆ-ից։

Ավելի վաղ՝ Բորիս Ավագյանը մասնակցել էր ՀՀ Ազգային ժողովում ռազմագերիների թեմայով կայացած քննարկմանը: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, մեկնաբանելով լրատվամիջոցներում Բորիս Ավագյանին տարբեր պաշտոններում ներկայացնելու հարցը, հայտնել էր, որ նա Արցախում որևէ պաշտոն չի զբաղեցնում:

«Արցախի Հանրապետության նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի պաշտոնից Բորիս Ավագյանն ազատվել է դեռևս ընթացիկ տարվա մարտ ամսին: Այժմ նա Արցախում որևէ պաշտոն չի զբաղեցնում և չի կարող ներկայացվել նախկին կարգավիճակով:Արցախում Բորիս Ավագյանը որևէ պաշտոն չի զբաղեցնում և չի կարող ներկայանալ նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի նախկին կարգավիճակով: Ուստի, հորդորում եմ լրատվամիջոցներին Բորիս Ավագյանի մեկնաբանությունները չներկայացնել Արցախի նախագահի և որևէ այլ պետական մարմնի հետ առնչվող որևէ կարգավիճակով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծել էր Լուսինե Ավանեսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը