Կարծիք

19.04.2021 11:29


Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ

Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ
Ներդրումնե՞ր, հակաճգնաժամային ծրագրե՞ր, թե՞ էժանագին փիար և ընտրակաշառք։ Այսօր արդեն վստահաբար կարող ենք ասել, որ իշխանություններն ընտրել են երկրորդ տարբերակը։ Կապիտուլյանտն ու իր թիմը հաճախ են խոսում ներդրումների մասին, հիմնականում՝ օտարերկրյա, որոնք ուր որ է՝ արդեն 3 տարի կլինի, մեկ ամսից գալու են։ Չե՛ն գալու։ Դրա պատճառները շատ են, իսկ պատասխանատուն՝ մեկը, Նիկոլ Փաշինյանը։
Թողնելով օտարերկրյա ներդրումների ոչ պակաս կարևոր թեման՝ խոսենք այսօր պետության կողմից կատարվող կապիտալ ներդրումների մասին։ Դրանք շատ կարևոր են ու արվում են հիմնականում ենթակառուցվածքների ստեղծման ու զարգացման համար և ազդում՝ ընդհանուր առմամբ, նեդրումային մթնոլորտի վրա։
Անցած տարի սկսած Երևանից բոլոր ՏԻՄ-երը տապալել ու թերակատարել են ներդրումային պլանն ու նախատեսված գումարն էլ վերադարձրել են պետ․բյուջե։ Եվ եթե այդ ժամանակ շատերը կարող էին միամտաբար կարծել, որ այդ խնայված գումարները ծախսվել են պատերազմում հաղթելու, տուժածներին օգնելու, զենք գնելու համար՝ ապա այսօր արդեն պարզ է, որ ոչ։
«Խնայված» գումարներն ընտրություններից առաջ կսկսեն բաժանվել ոստիկաններին, որոնցից շատերն ընդամենը 2 ամիս են ստանալու այդ աշխատավարձից, որից հետո իրենց տեղը կզիջեն սորոսական գվարդիայի տղաներ ու աղջիկներին, պետական ծառայողներին, ուսուցիչներին և բժիշկներին։
Աշխատավա՞րձ, թե՞ կաշառք:
Դեռևս բովանդակային չենք դիտարկում ներդրումները, թե ինչ էր նախատեսված անել, ինչի համար, ինչ արդյունքի ակնկալիքով։ Չենք քննարկում նաև նշված ոլորտների աշխատողների աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտությունը։ Միանշանակ է, որ պետք է բարձրացվեն։
Բայց! Ինչո՞ւ դա չի արվել այս 3 տարիների ընթացքում։ Հիմա՞ է, որ Հայաստանը գտնվում է ամենալավ տնտեսական վիճակում, որ կարող է իրեն այդպիսի շռայլություն թույլ տալ։ Հի՞մա է, բյուջեի ճեղքվածքն ամենափոքրն է վերջին 3 տարում: Վստահաբար՝ ոչ։ Բայց արի ու տես, որ մենք հերթական անգամ ականատես ենք լինում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը զոհաբերում հանրային շահը՝ հանուն իր քաղաքական նպատակների։
Իսկ ձեզ դո՞ւր է գալիս լուռ կամ ոչ այնքան դիտորդի դերը։
Հ․Գ․ Ոստիկանների, պետական ծառայողների, ուսուցիչների ու բժիշկների աշխատավարձերը իհարկե պետք է բարձրացվեն, իհարկե պետք է բարձր լինեն։ Բայց դա պետք է արվի, օրինակ՝ վարչապետի օգնական գրանցված և համապատասխան աշխատավարձ ստացող՝ Հակոբյանի Աննայի վարսահարդարի հաշվին, պետական ծառայողական 1000 միավոր ավտոմեքենաների հաշվին, անցած տարի բաժանված 25 մլրդ դրամ պարգևավճարների հաշվին։ Ցուցակը կարելի է անվերջ շարունակել։
Ստեփան Ավագյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը