Աշխարհ

17.04.2021 15:25


2,9 մլրդ դոլար. ՆԱՍԱ-ն խոշոր պայմանագիր է կնքել SpaceX-ի հետ, որը դեպի Լուսին թռիչքի համար տիեզերանավ կկառուցի

2,9 մլրդ դոլար. ՆԱՍԱ-ն խոշոր պայմանագիր է կնքել SpaceX-ի հետ, որը դեպի Լուսին թռիչքի համար տիեզերանավ կկառուցի

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության հետ 2,9 միլիարդ դոլարանոց պայմանագիր է կնքել հաջորդ սերնդի տիեզերանավի կառուցման համար, որը կվերադարձնի մարդկանց դեպի Լուսին:

Այս մասին գրում է The Guardian-ը, նշելով՝ նախատեսվող լուսնային վայրէջքը կիրականացվի «Արտեմիս» ծրագրի շրջանակում:

The Washington Post-ի տեղեկություններով՝ SpaceX-ից բացի, պայմանանագրի համար պայքարում էր նաև ամերիկյան մեկ այլ ընկերություն՝ Blue Origin-ը, որը պատկանում է աշխարհի ամենահարուստ մարդուն, Amazon համացանցային խանութի հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսին: Նա առաքելությունը ցանկանում էր իրականացնել Lockheed Martin, Northrop Grumman և Dynetics կորպորացիաների հետ համատեղ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, 2019 թվականի գարնանը ՆԱՍԱ-ն հայտարարել էր «Արտեմիս» լուսնային ծրագրի նախագծի մասին, որը բաղկացած կլինի երեք փուլից: Դրանցից առաջինը՝ «Արտեմիս 1»-ը, նախատեսում է Լուսնի շուրջ Space Launch System (SLS) հրթիռակրի միջոցով «Օրիոն» առանց օդաչուի տիեզերանավի թռիչքը և դրա վերադարձը Երկիր: Երկրորդ փուլը՝ «Արտեմիս 2»-ը Երկրի բնական արբանյակի շուրջ թռիչքն է, որը կիրականացվի ամբողջական անձնակազմով: Առաքելության երրորդ փուլում՝ «Արտեմիս 3»-ում, որ ըստ նախնական հաշվարկների տեղի կունենա 2024 թվականին, ՆԱՍԱ-ն ակնկալում է, որ տիեզերագնացները վայրէջք կկատարեն Լուսնի վրա, իսկ հետո նրանք Մարս կուղարկվեն մոտավորապես 2030-ականների կեսերին: Ծրագրի առաջին փուլը նախատեսված է 2021-ին, երկրորդը՝ 2023-ին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը