Լրահոս

01.06.2011 18:02


ՀՀ փոխվարչապետն ընդունեց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Չիմա Ջեթինդերին:

Կողմերը քննարկեցին տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման համակարգերում բարեփոխումներին վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ եղավ ԱՄՆ ՄԶԳ նախաձեռնած եւ վերոնշյալ ոլորտներին վերաբերող <Հանրային մասնակցության եւ արդյունավետ կառավարման ծրագրի> ուղղություններին:

Ա. Գեւորգյանը նկատեց, որ ծրագիրը շոշափում է այնպիսի հիմնախնդիրներ, որոնք առաջնային են նաեւ ՀՀ կառավարության համար` ապակենտրոնացման խորացում,  համայնքների կարողությունների հզորացում: Նա ողջունեց ԱՄՆ ՄԶԳ կողմից այդ  գաղափարներին օժանդակելու նախաձեռնությունը` միաժամանակ տեղեկացնելով, որ վերոնշյալ ուղղությունները նաեւ  միջազգային տարբեր գործընկերների հետ  համագործակցության օրակարգում են: Մասնավորապես`  այս տարի վերջնականացվել է «Հայաստան- Եվրախորհուրդ. տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման 2011-2014թթ. գործողությունների ծրագիրը»,  ինչպես նաեւ  տարածքային կառավարման խնդիրներն առանձին տեղ են գրավում Հայաստան- ԵՄ  համագործակցության ծրագրում: Նշված հարցերը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի,  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ  գործակցության օրակարգում են:

Բացի այդ,  վերջին  2-3 տարիների ընթացքում  բավական լուրջ  աշխատանքներ են իրականացվել վարչատարածքային բարեփոխումների, ՏԻ մարմինների զարգացման,  ֆիսկալ ապակենտրոնացման ուղղությամբ:  Մշակվել են  ՀՀ համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման  ու Տարածքների  զարգացման հայեցակարգերը:  Տեղական հարկային վարչարարության բարելավման համար անցած տարի փոփոխություններ են կատարվել <Հարկերի մասին > ՀՀ օրենքում,  այդ նպատակին ուղղված եւս երկու օրինագիծ` ֆինանսական համահարթեցման  եւ անշարժ գույքի միասնական հարկի վերաբերյալ, ներկայացվել են Ազգային ժողով:  Օրակարգային է նաեւ ավագանիների ինստիտուտի ուժեղացման հարցը:  Նշված փաստաթղթերն ստեղծվել են ՀՀ կառավարության, միջազգային դոնոր  եւ հասարակական կազմակերպությունների համատեղ աշխատանքի արդյունքում:

Փոխվարչապետի խոսքով` ոլորտի զարգացման ուղղություններն արդեն նախանշվել են, եւ ներկայումս առավել կարեւոր է, որպեսզի բոլոր գործընկերները, այդ թվում` ՄԶԳ-ն, ջանքերը կենտրոնացնեն եղած փաստաթղթերն ավելի բարելավելու, արդիականացնելու ուղղությամբ, ինչը կնպաստի առավել արագ առաջ շարժվելուն:

Չիմա Ջեթինդերը նշեց, որ կիսում է ջանքերը համակարգելու գաղափարը եւ համագործակցության պատրաստակամություն հայտնեց: Քննարկվեցին գործակցության ձեւաչափերի հետ կապված հարցեր:

Կողմերն անդրադարձան նաեւ հոկտեմբերին Հայաստանում համապետական մարդահամարի անցկացման հարցերին:  ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարը նշեց, որ Ազգային վիճակագրական ծառայության հետ քննարկվում է օժանդակության հնարավորությունը: Նա նաեւ աջակցություն հայտնեց Կրթական համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի գործողությունների ծրագրի իրականացմանը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը