Տնտեսական

15.04.2021 13:14


Թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի գործողության ժամկետը կերկարաձգվի

Թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի գործողության ժամկետը կերկարաձգվի

Մինչև թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքը սահմանելը՝ Թուրքիայից Հայաստան է ներմուծվել է 220 մլն դոլարի պատրաստի արտադարանք, պետությունը հակված է երկարաձգել արգելքի ուժի մեջ լինելու ժամկետը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Մինչև արգելք դնելը 220 մլն դոլարի պատրաստի արտադրանքի ներմուծում է եղել Թուրքիայից Հայաստան: Դա պոտենցիալ արտադրության ծավալ է, որը շատ զգալի է Հայաստանի համար: Կարծում եմ, այդ տեղը պետք է զբաղեցնեն մեր տնտեսավարողները»,-ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման արգելք չեն սահմանել, որ արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան:

Հարցին, թե արդյոք կերկարաձգվի՞ արգելքի գործողության ժամկետը՝ նա ասաց. «Ցանկությունների, տպավորությունների և պոտենցիալ քվեարկության տեսանկյունից վստահ կարող եմ ասել, որ այս պահին, իհարկե, ընդհանուր տրամադրվածությունը երկարաձգելն է: Վերջնական սպառման ապրանքների մասով ես վստահ եմ, որ երկարաձգվելու է»:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Այս խորագրի վերջին նյութերը