Աշխարհ

12.04.2021 19:50


Էրդողանի դեմ բողոքի ակցիային մասնակցած իրանցիներին կարտաքսեն Թուրքիայից

Էրդողանի դեմ բողոքի ակցիային մասնակցած իրանցիներին կարտաքսեն Թուրքիայից

Մարտի 20-ին Դենիզլիում Էրդողանի դեմ կազմակերպված բողոքի ակցիային մասնակցած Իրանի 4 քաղաքացիների նկատմամբ Միգրացիայի կառավարման Դենիզլիի նահանգային վարչությունը արտաքսման որոշում է կայացրել՝ հասարակական կարգը խախտելու հիմնավորմամբ:

Վերոհիշյալ բողոքի միջոցառումը կապված է եղել Ստամբուլյան կոնվենցիային Թուրքիայի անդամակցությունը պաշտոնապես չեղարկելու մասին նախագահ Էրդողանի որոշման հետ։ Ոստիկանությունը Իսմայիլ Ֆաթթահին, Լեիլի Ֆարաջին, Զեյնաբ Սահաֆիին և Մոհամմադ Փուրաքբարին բերման էր ենթարկել նախորդ շաբաթ:

Իրանի քաղաքացիներն հիշյալ որոշումը բողոքարկելու համար իրենց փաստաբանի միջոցով դիմել են Դենիզլիի վարչական դատարան:

Իսմայիլ Ֆաթթահին քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ ապրիլի 6-ից սկսած իրենց պահում են Այդըն նահանգում գտնվող արտաքսման հարցերով զբաղվող կենտրոնում:

Ֆաթթահին պատմել է, որ իրենց Իրանին արտահանձնելու դեպքում կենսական վտանգի առաջ կկանգեն, քանի որ իրենք Իրանում կալանավորվել էին երկրի վարչակազմին ընդդիմանալու պատճառով:

Անդրադառնալով այդ կենտրոնի ներգաղթյալների խնդիրներին՝ Ֆաթթահին ասել է. «Այստեղ տարբեր երկրներից եկած մոտ 100 ներգաղթյալ կա, որոնց մեծ մասը Աֆղանստանից և Պակիստանից են: Գրեթե ամեն օր ինքնասպանություն փորձեր են տեղի ունենում: Նրանց նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական լուրջ բռնություն է գործադրվում: Պաշտոնյաները նրանց ստիպողաբար ստորագրել են տալիս այն փաստաթղթերը, թե իբրև նրանք ընդունում են արտաքսման որոշումը: Նրանց (ներգաղթյալ-խմբ.) ասում են` եթե չստորագրեն դրանք, ապա ողջ կյանքը այստեղ կմնան»:

Նրա խոսքով՝ թուրք պաշտոնյաները ներգաղթյալների դեմ ճնշում գործադրելու համար վերջիններիս մեկուսացնում են և այնպիսի մեթոդներ են կիրառում, որ նրանց հասցնեն հուսահատության:

Ֆաթթահին նաև հաղորդել է, որ ներգաղթյալներից շատերը նույնիսկ փաստաբան վարձելու գումար չունեն և քանի որ լեզու չգիտեն, չեն իմանում՝ ինչ անեն:

Նրա փոխանցմամբ՝ իրավապաշտպան կառույցները չեն վերահսկում այստեղ առկա խնդիրները:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը