Լրահոս

01.06.2011 08:34


Համահայական 4-րդ նկարչական մրցույթը մեկնարկում է

Այս տարի արդեն 4-րդ անգամ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացնում է Համահայկական նկարչական մրցույթը: Ամենամյա մրցույթի նպատակն է համախմբել բոլոր այն հայ երեխաներին, ովքեր ուզում են իրենց ներդրումն ունենալ հայրենի բնության պահպանման գործում:

Ի տարբերություն նախորդ տարիների` այս անգամ Համահայկական նկարչական մրցույթի մեկնարկը կազդարարի հունիսի 1-ին Երեւանի կենդանաբանական այգում կայանալիք նկարչական մեծ միջոցառումը: Տոնական եռուզեռը կսկսվի առավոտյան ժամը 10:00-ին եւ կշարունակվի մինչեւ ժամը 16:00-ը:

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը FPWC-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ նախաձեռնության միջոցով հազարավոր երեխաներ պաշտպանելու են իրենց ամենակենսական իրավունքներից մեկը` առողջ եւ բարեկեցիկ միջավայրում ապրելու իրավունքը: Այդ օրը Երեւանի կենդանաբանական այգին փոքրիկ բնապահպանների համար ժամանակավորապես կդառնա նկարչական բաց արվեստանոց. բնության եւ նրան սպառնացող վտանգների մասին երեխաները կպատմեն գույների ու պատկերների միջոցով:

Պատանի բնասերներն իրենց բնապահպանական նկարներով թղթերից բացի կգունազարդեն նաեւ կրթօջախներից բերված ավելի քան հարյուր սեղաններ: Հետագայում, համապատասխան վերամշակումից հետո, էկոկրթության յուրահատուկ գործիք դարձած սեղանները կվերադարձվեն կրթօջախներ եւ կդառնան երեխաների առօրյայի անքակտելի մասը:

Այս խորագրի վերջին նյութերը