Նիկոլ Փաշինյան. «Այսօր ստեղծվել է քաղաքական նոր իրավիճակ»
Քիչ առաջ մեկնարկել է ՀԱԿ հանրահավաքը։ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ այսօրվա հանրահավաքը կվարի Նիկոլ Փաշինյանն ու խոսքը փոխանցեց նրան։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը հպարտանում է ժողովրդով, որովհետև այս տարիները ապացուցեցին, որ այս հրապարակում տատանվող չկա, այս հրապարակում կասկածող չկա, այս հրապարակում Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացին է, ում ընթացքը անկասելի է, ում հաղթանակը անխուսափելի է։ Նրա խոսքերով՝ այս հրապարակում գտնվող յուրաքանչյուր ոք գիտե, որ իրենց պայքարի վերջնական նպատակը ազատ և երջանիկ Հայաստանն է, այնպիսի Հայաստանը, որտեղ հաստատված իրականությունը ճշգրտորեն համապատասխանում է այն նկարագրությանը, որն առկա է ՀՀ սահմանադրությունում։
–Ամեն անգամ, սակայն, «Պայքա'ր, պայքա'ր մինչև վերջ» կարգախոսը վանկարկելիս` մենք նկատի ենք ունենում ոչ միայն այդ վերջնական հաղթանակը, ոչ միայն այդ վերջնական նպատակը, այլև այն հանգրվանային կետերը, մարտավարական նպատակները, որոնց նվաճումով մոտենում ենք վերջնական ու գերագույն հաղթանակի,–ասել է նա։
Փաշինյանը նշել է, որ այսօր նրանք ստեղծել են քաղաքական մի նոր իրավիճակ, մտել են գործընթացների մի նոր փուլ, երբ ի լուր Հայաստանի և ամբողջ աշխարհի հայտարարում են, որ իրենք սկսում են Հայաստանում նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների հասնելու, օրինական իշխանություն հաստատելու քաղաքական գործընթաց։
Անդրադառնալով այն հարցին, թե գործող վարչախմբի ներկայացուցիչները այսօր ավելի ու ավելի են խոսում այն մասին, որ Հայաստանում արտահերթ ընտրությունների հավանականություն չկա` Փաշինյանը հակադարձեց, որ արտահերթ ընտրությունների հավանականություն չկա միայն այնպիսի երկրներում, որտեղ պետական իշխանությունները կարողանում են կատարել իրենց գործառույթները, որոնցից առաջինը քաղաքացիներին վստահություն ներշնչելն է սեփական ուժերի, սեփական ապագայի նկատմամբ։
–Սակայն Հայաստանի վարչախումբը լիովին տապալել է այս գործը՝ զրկելով Հայաստանի քաղաքացիներին սեփական ապագայի նկատմամբ նվազագույն վստահությունից՝ ստիպելով սեփական ապագա փնտրել ամենուր, բացի սեփական հայրենիքից,–ասել է նա ու հավելել, որ արտահերթ ընտրությունների ավելի մեծ ու խոսուն նախադրյալ հնարավոր չէ պատկերացնել, քան այժմ, և դրանք միակ միջոցն են վերականգնելու քաղաքացու վստահությունը իշխանության և սեփական ապագայի նկատմամբ։
–Այն ոչ թե որևէ ուժի կամ խմբավորման քմահաճույք է, այլ երկրի համար կենսական նշանակություն ունեցող քաղաքական անհրաժեշտություն և բոլորս պարտավոր ենք ներդնել առավելագույն ջանքեր Հայաստանի Հանրապետությունը ավազակապետության ճիրաններից ազատելու համար,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյան. «Այսօր ստեղծվել է քաղաքական նոր իրավիճակ»
7or.am