Լրահոս

31.05.2011 16:15


Քաղաքական ամուսնություն

Արդեն մի քանի ամիս շարունակվող Լևոն Տեր-Պետրոսյան–Սերժ Սարգսյան երկխոսության մասին Գյումրիում գործող քաղաքական ուժերի ներկայացուցիչները խիստ վերապահումներով են խոսում: ՀՅԴ Գյումրու կոմիտեի ներկայացուցիչ Արամ Հակոբյանի կարծիքով մենք ականատես ենք լինում քաղաքական ամուսնության, որի հետագա ճագատագիրը շատ մշուշոտ է ժողովրդի համար:

«Իշխանությունն ու ընդդիմությունն ամուսնանում են. բոլոր պահանջները կատարված են: Սերժ Սարգսյանն ընդդիմությանը մերձեցնում է իրեն, միջազգային հանրությանն ասում է՝ տեսե՛ք՝ ունենք ընդդիմություն, որի հետ երկխոսում ենք: Ես զարմանում եմ, թե այդ նույն ավազակապետության հետ ի՞նչ երկխոսություն կարելի է վարել, երբ մի քանի տարի առաջ նրանք բոլորը հանցագործներ էին, երբ ոչ լեգիտիմ նախագահ էր, և այդ բոլորով հանդերձ այսօր արդեն երկխոսում են։ Սա նշանակում է, որ ինչ–որ բան այն չէ մեր քաղաքական դաշտում: Ըստ էության, սրանից ոչ մի բան չի փոխվելու, որովհետև նույն վայրենի քաղաքականությունն է վարվում»,- ասել է ՀՅԴ Գյումրու կոմիտեի ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:

Իսկ ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի կարծիքով էլ գործընթացներն ընթանում են ճիշտ ուղղությամբ.

«Կա քաղաքակիրթ տարբերակով իշխանություն-ընդդիմություն երկխոսություն՝ միտինգային երկխոսություն, կան նաև այլ երկխոսություններ՝ նույն ԱԺ հարցերն են բարձրացնում, և ես կարծում եմ, որ ամենաճիշտ ձևը սա է»,- ասել է Սուքիաս Ավետիսյանը: Վերջինս, սակայն, համամիտ չէ, որ իշխանությունը համաներումով բավարարեց ընդդիմության երրորդ պահանջը.

«Գիտե՞ք՝ ինչ կա. մենք քաղբանտարկյալ չունեինք, որ պահանջ լիներ քաղբանտարկյալների ազատ արձակման: Համաներումն ընդամենը նախագահի մարդասիրական դրսևորումներից մեկն էր»,- նշել է Սուքիաս Ավետիսյանը:

Իսկ փորձագետ Գագիկ Համբարյանի կարծիքով էլ այս ամենը տեղի է ունեցել միջազգային հանրության պարտադրանքով, որն արդյունք է մեր քաղաքական դաշտի շատ ուժերի ստրկամիտ մտածողության.

«Ես շատ վիրավորական եմ համարում, որ հենց միջազգային հանրության պահանջով տեղի ունեցավ այդ երկխոսությունը»,- ասել է Գագիկ Համբարյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը