Լրահոս

31.05.2011 13:54


Ռազմական փորձագետ. «Խաղաղության երաշխիքն այն է, ինչ ունենք»

Ռազմական փորձագետ. «Խաղաղության երաշխիքն այն է, ինչ ունենք»

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասել է, թե ադրբեջանական կողմը մեզ հետ փորձում է խոսել կապիտուլյացիայի տրամաբանությամբ։

Կապուտուլյացիայի տրամաբանությամբ մեզ հետ խոսում է պարտված կողմը, որն առհասարակ հակառակն է լինում,–ասել է բանախոսն ու հավելել,–բայց մենք անգամ պատերազմում հաղթողի դիրքերից իրենց հետ կապիտուլյացիայի լեզվով չենք խոսում։

Նրա խոսքերով՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ չկա նախադեպ, երբ ինքնորոշված ազգը որոշի հրաժարվել սեփական անկախությունից և ինքնակամ վերահպատակվի նախկին կենտրոնին։ «20–րդ դարի պատմությունը հուշում է, որ բոլոր այն ազգերը, որոնք անկախություն են հռչակել, վաղ թե ուշ ճանաչվել են միջազգային իրավունքի  սուբյեկտ այն սահմաններում, որում հռչակվել է իրենց անկախությունը»–նկատել է Դ. Ջամալյանը։

Փորձագետը համոզված է, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը չի գնալու լայնամասշտաբ պատերազմի, ուղղակի առաջին գծում իր համար սահմանագիծ ընտրելով՝ փորձում է մինչև այդ սահմանագիծը ապակայունացնել իրադրությունը։

Անդրադառնալով դիպուկահարների խնդրին՝ բանախոսը նշել է, թե ադրբեջանական կողմը առաջին գծից առաջիկայում դիպուկահարներին դուրս չի բերի, սակայն դիպուկահարային պատերազմը ռազմական ենթատեքստ ու նպատակահարմարություն չունի. «Այն ուղղված է քարոզչական, հոգեբանական ճնշում գործադրելուն»։

–Ադրբեջանական կողմը առաջնորդվում է «տվե՛ք ամեն ինչ և խաղաղ կապրեք» սկզբունքով, սակայն տրամաբանությունը հակառակն է հուշում՝ այն, ինչ ունենք, սա է խաղաղության երաշխիքը, քանի որ ադրբեջանցիները Արցախով չեն սահմանափակվի,–նկատել է ռազմական փորձագետը։

Ջամալյանի խոսքերով՝ հոգեբանական ճնշում գործադրելու ադրբեջանական կողմի մարտավարությունը փոփոխվում է։ «Նախորդ տարի դիվերսիոն խմբերի ներթափանցման միջոցով էին փորձում հոգեբանական ճնշում գործադրել։ Այժմ դիպուկահարների միջոցով են փորձում կորուստներ պատճառել մեզ», և նշել է, որ դրանց հետևանքով վերջին շաբաթներում մենք ունեցել ենք 4, իսկ հակառակորդը 6–7 զոհ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը