Լրահոս

31.05.2011 13:50


Բողոք ոստիկանի` քրեական գործ չհարուցելու որոշման դեմ

ՀՀ գլխավոր  դատախազ Աղվան Հովսեփյանին

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանից

Հարգելի պարոն Հովսեփյան,

Ձեզ 2011 թվի փետրվարի 11-ին, 16-ին եւ 19-ին հաղորդումներ էի ուղարկել Գյումրու եւ Շիրակի դաշտում ոստիկանների կատարած ապօրինի գործողությունների մասին, որոնցով վերջիններս, անցնելով իրենց լիազորությունների շրջանակը, ինքնիրավչության եւ այլ ապօրինությունների միջոցով սահմանափակել են քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը եւ արտահայտման ազատությունը: Համանման հաղորդում է հղել նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա.Սաքունցը:

Այդ հաղորդումների հիման վրա ՀՀ Ոստիկանության ՇՄ քննչական բաժնի քննիչ Հ.Մ.Քաղցրիկյանը նյութեր է նախապատրաստել 2 ամիս շարունակ ու գտել, որ ոստիկանների գործողություններում բացակայում էՀ քրեական  ՀՀ ՀՀ քրեական օրենսգրքի որեւէ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը եւ որոշել է մերժել քրեական գործի հարուցումը (7/12-10-564, 15.04.2011):

Որոշման եւ ստորեւ բերված հանգամանքների վերլուծությունը թույլ է տալիս ինձ հայտարարել, որ քննիչը չի կարողացել պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները, անկարող է եղել գնահատել փաստերն ու իր տրամադրության տակ եղած նյութերը ըստ էության, դժվարություններ է ունեցել տրամաբանական եզրահանգումներ անելիս, իսկ արդյունքում ստացվել է խիստ կողմնակալ եւ թերի նախապատրաստություն այն բանից առաջ մինչեւ կեզրակացներ` քրեական գործ հարուցե՞լ, թե՞ ոչ:

Հարգելի պարոն դատախազ, խնդրում եմ ի գիտություն ընդունել այս բողոքը, ծանոթանալ ստորեւ բերված հիմնավորումներին, հանձնարարել` վերանայել քննիչի քրեական գործ չհարուցելու մասին որոշումը, հայտարարությունները ոստիկանության անօրինական գործողությունների մասին ուսումնասիրել պատշաճ եւ հանգամանորեն, ապա միայն որոշում կայացնել ըստ այդմ:

Ա.

Նյութերի նախապատրաստման ընթացքում, ըստ քննիչի որոշման շարադրանքի, վերջինս բացատրություններ է ստացել թվով քսանութ ոստիկանից, Ջաջուռ գյուղի համայնքապետից, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Գյումրու մասնաճյուղի կառավարչից, «Անտիկա» խանութի տնօրենից, «Ցայգ» ՀԸ լրագրողներից մեկից, ոստիկանների կատարած հանցագործությունների մասին հաղորդումներ ներկայացրած Ա.Սաքունցից, ինձնից եւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Ն.Հակոբյանից, ում փետրվարի 17-ին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում հայհոյել էր Ոստիկանության Գյումրու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Հայկ Զաքարյանը: Քննիչը գտել է, որ չարժե բացատրություն ստանալ 150-ից ավելի վարորդներից գոնե մի 28 հոգուց, ում տեղաշարժման եւ արտահայտման ազատությունները սահմանափակել էին ոստիկանները, եւ բավարարվել է այդ իրադարձությունները լուսաբանած 15 լրագրողներից միայն մեկից բացատրություն ստանալով, այն դեպքում, երբ ես իմ բացատրություններում թվարկել էի մոտ մեկ տասնյակ լրագրողների անուններ եւ ԶԼՄ-ների անվանումներ, տվել էի նրանց հեռախոսահամարները: Քննիչը ակնհայտ դժվարություններ է ունեցել կռահելու, որ համակողմանի ուսումնասիրության համար հարկավոր է հնարավոր տուժողներից եւս բացատրություններ ստանալ, ինչպիսիք այս դեպքում վրացական պետհամարանիշերով ավելի քան 150 վարորդներն են եղել: Իսկ նրանց ավտոմեքենաների լուսանկարները բավարար քանակությամբ ես տրամադրել եմ քննիչին:

Բ.

Ոստիկանության Գյումրու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Հայկ Զաքարյանի` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Ն.Հակոբյանին հայհոյած լինել-չլինելու հանգամանքը քննիչը նույնպես անբավարար է հետազոտել. ընդամենը մեկից ստացել է բացատրություն այն մասին, որ ոստիկանը հայհոյել է իրեն, իսկ ոստիկանից ստացել է բացատրություն այն մասին, որ ոստիկանն իրեն չի հայհոյել: Այս երկու բացատրության հիման վրա քննիչը ինչ-որ մի անհասկանալի իմաստնությամբ հասկացել է, որ ոստիկանը կնոջը չի հայհոյել: Քննիչը չի հիմնավորել, թե ինչո՞ւ միջադեպի եղած չլինելու մասին Հ.Զաքարյանի բացատրությունն ավելի հիմնավոր է, քան միջադեպի եղած լինելու մասին Ն.Հակոբյանի բացատրությունը: Քննիչը չի կամեցել կամ չի կարողացել պարզել, թե.

  1. Անձամբ կամ դեմքով ճանաչու՞մ են միմյանց Ն.Հակոբյանը եւ Հ.Զաքարյանը:
  2. Հանդիպե՞լ են արդյոք նրանք Սայաթ-Նովա փողոցում 2011 թվի փետրվարի 17-ին, եթե այո, ապա` ի՞նչ հանգամանքներում, ովքե՞ր են եղել նման հանդիպմանը ներկա կամ ականատես: Եղե՞լ են արդյոք այնտեղ վկաներ հնարավոր միջադեպի, ինչ բացատրություններ են տալիս նրանք:
  3. Տեսնես Լ.Բարսեղյանի` իրեն տրամադրած լուսանկարներում եւ տեսանյութերում կա՞ նման միջադեպ հաստատող կամ բացառող որեւէ դրվագ:

Գ.

Քննիչը պարզել է, որ Նադեժդա Հակոբյանի ավտոմեքենայի բանալին մեքենայից փախցնողը ոչ թե մասնագիտացած գող է եղել, այլ ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Գ.Թադեւոսյանը: Քննիչը, նկարագրելով ոստիկանի բացատրությունը, գրել է.«…Թադեւոսյանը նշել է, որ 2011 թվի փետրվարի 17-ին Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոց է եկել իրեն անծանոթ քաղաքացուհի, որն անկանոն է վարել սպիտակ գույնի ավտոմեքենան: Ինքը ավտոմեքենայի վրայից վերցրել է բանալիները, որոնք քիչ անց վերադարձրել է նշված կնոջը:…»  Սրա հետ մեկտեղ քննիչը գլխի չի ընկել, որ պարտավոր էր ստուգել Գ.Թադեւոսյանի բացատրությունները, պարզել.

  1. Ինչպե՞ս է արտահայտվել անկանոն մեքենա քշելը, արդյո՞ք ի նկատի ունի ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումը կամ խախտումները, եթե ոչ, ապա ի՞նչ է հասկանում ոստիկանը որպես «անկանոն վարել»:
  2. Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դեպքում ինչո՞ւ ՃՈ այդտեղ գտնվող ավելի քան 30 ոստիկանները որեւէ արձանագրություն չեն կազմել այդ խախտման մասին:
  3. Ի՞նչ իրավունքով է Գ.Թադեւոսյանը մտել քաղաքացու անձնական օգտագործման ավտոմեքենան (այդ դրվագը երեւում է նկարահանված տեսանյութում, որի ինտերնետային հասցեն տրամադրվել է քննիչին):
  4. Ի՞նչ իրավունքով է Գ.Թադեւոսյանը թռցրել բանալիները ավտոմեքենայի միջից, երբ մեքենան արդեն կանգնած է եղել (այլապես ոստիկանը չէր կարողանա մտնել մեքենա եւ փախցնել բանալիները) եւ, երբ հետագա ընթացքը խոչընդոտելու համար ոստիկանությունը տեղում ուներ ավելի քան 30 ճանապարհային ոստիկան եւ, ծայրահեղ դեպքում, պիտի տիրապետեր հատուկ միջոցների:
  5. Ե՞րբ է տեղի ունեցել միջադեպը, ե՞րբ է ոստիկանը ներխուժել ավտոմեքենա եւ թռցրել բանալիները, իրականում ե՞րբ է Գ.Թադեւոսյանը վերադարձրել բանալիները եւ ի՞նչ է նշանակում «քիչ անց»:
  6. Արդյո՞ք ոստիկանի այս գործողությունները հանցակազմ չեն պարունակում: (Եթե` ոչ, արդյո՞ք ստացվում է, որ ցանկացած ոստիկան կարող է նման գործողություններ իրականացնել քաղաքացիների եւ նրանց անձնական գույքի նկատմամբ:)

Դ.

Քննիչը մի քանի հատվածներում նշում է, թե ոստիկանությունը Լ.Բարսեղյանից ոստիկանների գործողությունների մասին որեւէ բողոք, դիմում կամ հայտարարություն չի ստացել: Ոստիկանը կամ դիտավորություն է ունեցել չհիշելու, կամ չի կամեցել կարդալ Ձեզ հղված իմ 2011 թվի փետրվարի 11-ի այն հաղորդման երրորդ պարբերությունը, որում ասվում է. «Ժամը 11:20-ին Ոստիկանության Գյումրու հերթապահ մասում հերթապահող մայոր Բաբաջանյանը հրաժարվեց այս հանցագործության մասին իմ հայտարարությունն ընդունել:», որից հետո ես այցելել եմ Շիրակի մարզի դատախազին եւ նրան պատմել ինչպես ոստիկանների ապօրինությունների, այնպես էլ` իմ հայտարարությունը ոստիկանությունում չընդունելու մասին: Քննիչը չի կամեցել բացատրություն ստանալ Ոստիկանության Գյումրու բաժնում այդ օրը հերթապահած ոստիկաններից: Իսկ հետագա բոլոր բողոքները ՀՀ գլխավոր դատախազին եւ ոչ թե ոստիկաններին հղելու իմ վարքը  մնացել է քննիչի համար անհասկանալի: Քննիչը չի բարեհաճել նաեւ իմ այդ հաղորդման հանգամանքները ստուգել Շիրակի մարզի դատախազից:

Ե.

Նյութերի նախապատրաստման ընթացքում ես քննիչին եմ տրամադրել ինը հեռուստատեսային վավերագրական հոլովակ եւ հարյուր ութսունմեկ թվային լուսանկար` DVD սկավառակի վրա: Բացի այդ, քննիչին եմ տրամադրել 30 ինտերնետային հասցե, որոնցից չորսը Ազատություն Ռադիոկայանի ռեպորտաժների հասցեներն են, իսկ քսանվեցը` տեղական հեռուստաընկերությունների վեբ կայքերում տեղադրված եւ իրենց թողարկած հեռուստատեսային ռեպորտաժների ինտերնետային հասցեներն են: Քննիչը ակնհայտ դժվարություններ կամ դիտավորություն է ունեցել ուսումնասիրելու դրանք: Իսկ եթե ուսումնասիրած լիներ, ապա կտեսներ, որ.

 

  1. Ոստիկանները հաղորդումներում նշված օրերին իսկապես արգելափակել են վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների (իսկ որոշ դեպքերում նաեւ այլ մեքենաների) ազատ տեղաշարժը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի գրասենյակին հարող խաչմերուկներում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհով Ջաջուռ գյուղի մոտ եւ Գյումրու Սայաթ-Նովա փողոցով:
  2. Գյումրու Գորկու եւ Ղուկասյան փողոցների խաչմերուկում հերթապահող եւ վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների մուտքը դեպի «Ասպարեզ» ակումբի գրասենյակ արգելել են ոստիկանները, ես բանավիճում եմ նրանց հետ այդ արգելափակման հրաման տվողին պարզելու եւ պատճառների մասին, ՀՀ ԱԺ պատգամավորները բանավիճում են նրանց հետ, Ոստիկանության Գյումրու բաժնի պետը բացատրություններ է տալիս այն մասին, թե ինչու են փակել փողոցը վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների դեմ: Համադրելով Բանկի բաժանմունքի կառավարչի եւ «Անտիկա» խանութի տնօրենի բացատրությունների հետ, կկռահեր, որ ստում է  կամ քաղաքի ոստիկանապետը կամ` վերոհիշյալ երկու անձինք, թե, իբր, ոչ ոք չի արգելափակել Գորկու եւ Ղուկասյան փողոցների խաչմերուկը:
  3. Գյումրի-Ջաջուռ մայրուղին փետրվարի 15-ին Ջաջուռ գյուղի մոտ փակվել է միայն վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների համար եւ ոչ թե բոլոր մեքենաների, ճանապարհը փակ է եղել ոստիկանների պատճառով եւ ոչ թե ձնաբքի, որովհետեւ կտեսներ, որ այդ ամբողջ ընթացքում Վանաձորի կողմից բազմաթիվ մեքենաներ են բարեհաջող իջել լեռնանցքից: Կտեսներ, որ լեռնանցքը ավտոմեքենայի միջից, հիմնականում 60 կմ/ժամ արագությամբ ընթացքից հեռուստանկարահանված է եղել սկսած ոստիկանների արգելման պատնեշից մինչեւ Լոռու մարզի մուտք եւ վայրէջք ու ետ, եւ այդ ամենն արված է եղել մեկ շարունակական կադրով` ֆայլով, որում երեւում է, թե ինչպես է Ճանապարհային ոստիկանության մեքենան հանգիստ վերուվար անում այդ ճանապարհով եւ` Լոռու մարզից մեքենաներն հանգիստ անցնում Շիրակի մարզ: Միայն այդ տեսանյութի դիտումը կապացուցեր քննիչին եւ կապացուցի ցանկացած մարդու, որ լեռնանցքը օդերեւութաբանական եւ ֆիզիկական տեսանկյունից իրականում լիակատար անցանելի է եղել: Իսկ դրա հիման վրա, ամենայն հավանականությամբ, կկարողանար տրամաբանել, որ, նախ` ոստիկանների հաղորդումները լեռնանցքը փակ լինելու մասին սուտ են, եւ ապա` որ այդ հաղորդումը մարդկանց տեղաշարժման ազատության իրավունքի ոտնահարման հիմնավորման դիտավորություն է:
  4. Վանաձոր քաղաքի մուտքի մոտ փետրվարի 15-ին ոստիկանները կուտակումներ էին ստեղծել, ճանապարհի մեջտեղում կանգնեցրել էին ձյուն մաքրող մեքենան, իսկ դրա կողքերին` ոստիկանական մեքենաներ` որպեսզի այլ մեքենա չկարողանար մտնել Վանաձոր կամ դուրս գալ այնտեղից դեպի Սպիտակ, արդյունքում` մեկական կիլոմետրը գերազանցող խցանումներ էին գոյացել երկու ուղղություններով:
  5. Փետրվարի 16-ին Ջաջուռ գյուղի մոտ ոչ մի խցանում չի երեւում լուսանկարներում, բայց երեւում է, որ ոստիկանները իրենց մարմիններով փակել են Վանաձորից Գյումրի եկող ճանապարհի համապատասխան երթեւեկելի գոտում մեկ շարքով կանգնեցված վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների ճանապարհը ու թույլ չեն տալիս դրանց առաջխաղացումը դեպի Գյումրի:
  6. Փետրվարի 17-ին ոստիկանները փակել են Գյումրու Սայաթ-Նովա փողոցը, անգամ այն ժամանակ, երբ ոստիկանական շրջափակման մեջ գտնվող ավտոմեքենաների ուղեւորներից որեւէ մեկը մեքենայից չէր իջել, ոչ ոք վարորդներից հանրահավաք չէր կազմակերպել այդտեղ:
  7. Փետրվարի 17-ին ՀՀ Ոստիկանության Գյումրու բաժնի անչափահասների գծով բաժանմունքի պետ Հայկ Զաքարյանը մոտենում է Ն.Հակոբյանի ավտոմեքենային եւ վեջինիս հասցեին ակնհայտորեն վիրավորական արտահայտություններ է անում:

Զ.

Քննիչը չի փորձել տրամաբանական հիմնավորում գտնել այն բանի, թե` իր պարզածով, Թատրոնի դիմաց կայանած 10 ավտոմեքենաների ուղեւորները, որոնք իբր սոցիալական հանրահավաք էին կազմակերպելու Սայաթ-Նովա փողոցում, ինչո՞ւ են մեքենաներով շարասյունով երթեւեկել դեպի Խաղաղության օղակ, բայց մեքենաները կանգնեցրել են ընդամենը 60 մետր անցնելուց հետո, մեկ շարքով ու իջել հանրահավաք անելու հենց լուսաֆորի տակ: Մեքենաների այդպիսի կարճ երթն ի՞նչ նպատակ պիտի ունենար, եթե ոչ` ծայրահեղ դեպքում փակել Սայաթ-Նովա փողոցը: Սակայն լուսանկարներում եւ տեսագրություններում երեւում է, որ վրացական պետհամարանիշերով վեց եւ իմ անձնական` հայաստանյան պետհամարանիշով ավտոմեքենան կանգնած են եղել մեկ շարքով, ճիշտ երկրորդ երթեւեկելի գոտում լուսաֆորի մոտ, չեն փակել փողոցը եւ ՃԵ կանոնների խախտում թույլ չեն տվել: Քննիչը չի պարզել, թե ինչո՞ւ այդտեղ հանրահավաք անցկացնելու հնարավոր մտադրություն ունենալու դեպքում այս 7 մեքենաների ուղեւորները մեքենաները չեն թողել հենց թատրոնի դիմաց ու հետիոտն տեղափոխվել 50-60 մետր:  Քննիչը չի զննել Ոստիկանության կողմից փետրվարի 17-ին Սայաթ-Նովա փողոցում եւ Ռուսթավելի փողոցում իրականացված հեռուստանկարահանումները, այլապես նկատած կլիներ, որ ոստիկանական շրջափակման մեջ գտնվող ավտոմեքենաները կանգնած են եղել մեկ շարքով` երկրորդ երթեւեկելի գոտում` հենց լուսաֆորի դեմ դիմաց, նրանք խաչմերուկ չեն մտել, եւ քննիչը չի կարողացել հասկանալ, թե, իբր 11 ժամ տեւած հանրահավաքի ժամանակ հասարակական կարգի պաշտպանության համար ինչո՞ւ էին հենց այս 7 ավտոմեքենաների դեմ դիմաց կանգնել ճանապարհային ոստիկանության 3-4 մեքենա, լայնքով փակելով ամբողջ փողոցը, քննիչը չի պարզել, թե ի՞նչ կապ ունեն ոստիկանների այս գործողությունները հասարակական կարգի պահպանման հետ:

Է.

Բացի այդ, քննիչը, նյութեր նախապատրաստելով ոստիկանների գործողությունները վիճարկող կամ դրանք հանցավոր համարող իմ եւ Ա.Սաքունցի հաղորդումների հիման վրա, իր եզրահանգումներն անում է բացառապես հենվելով նույն ոստիկանների տված բացատրությունների վրա, ինչը չի կարելի անաչառ համարել:

Հարգելի պարոն դատախազ, այս հանգամանքներից զատ, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաեւ հետեւյալ նվազ կարեւորություն ունեցող հանգամանքների վրա:

  1. Նյութերի նախապատրաստությունը տեւել է մոտավորապես 50 օր, չնայած այն բանին, որ ՀՀ օրենսդրությունը այդ գործի համար նախատեսում է 10 օր:
  2. Քննիչի որոշումն ու այն ինձ ուղարկելու մասին նամակը թվագրված է 2011 թվի ապրիլի 15-ով, առաքման ծրարի վրա եղած ելքային ամսաթիվը ապրիլի 28-ն է, այն ինձ է հանձնվել ապրիլի 30-ին: Ստացվում է, որ որոշումն ինձ է հասցվել 15 օրում, այնինչ օրենքը նախատեսում է առավելագույնը 7 օր:

Այս հարցերի հետ կապված, խնդրում եմ հանձնարարել ուսումնասիրել այս օրինազանցությունները նույնպես, համապատասխան կարգապահական միջոցառումներ իրականացնել քննիչի նկատմամբ եւ, բարի լինել ինձ տեղեկացնել նաեւ այս մասին:

Հարգանոք` Լեւոն Բարսեղյան

Այս խորագրի վերջին նյութերը