Լրահոս

31.05.2011 13:18


«Ճանաչի´ր քո երկիրը». հուշակոթողը՝ արոտավայր, ներքնազգեստը՝ հուշ–թաշկինակ

  «Ճանաչի´ր քո երկիրը». հուշակոթողը՝ արոտավայր, ներքնազգեստը՝ հուշ–թաշկինակ

«Ճանաչի´ր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը «Մաքրենք հնավայրերը ժամանակակից աղբից» նախաձեռնությունն է կազմակերպել՝ հաշվի առնելով հնագույն պատմամշակութային կոթողների ու դրանց շրջակայքի անմխիթար վիճակը։ Ինչպես «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է  նախաձեռնության ղեկավար Ռուբեն Բաղդիշյանը, այն իրականացվելու է շաբաթը մեկ անգամ։

Նախաձեռնությունը երիտասարդական է, չի ֆինանսավորվում ո՛չ քաղաքական, ո՛չ կրոնական կազմակերպություններից։ Հիմնադիր խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը նշել է, որ պետական մարմիններից ևս ֆինանսական որևէ աջակցություն նախաձեռնությունը չի ստացել։ Բոլոր աշխատանքներն ու միջոցառումներն իրականացվում են նախաձեռնության անդամների անձնական միջոցներով։

Այժմ նախաձեռնությունն ունի մոտ 15 հազ. հետևորդ։

Ռուբեն Բաղդիշյանը ներկայացրել է մի շարք լուսանկարներ, որոնք, իր խոսքով, պատմում են պատմամշակութային արժեքների հանդեպ երկրում տիրող վայրագության, վանդալիզմի, ժողովրդի անտեղյակության, կառավարության, ՏԻՄ–երի ու Հայ առաքելական եկեղեցու անտարբերության մասին։

Նմանատիպ տեպքերից են խորովածի մնացորդները եկեղեցիների պատերի տակ ու շրջակայքում, սրբատեղիների շրջակայքում ու ներսում անասունների հետքերը, կենցաղային աղբը, գմբեթենրի վրա աճած փարթամ ծառերը, վանքերի, եկեղեցիների վրա  արված գրությունները և այլն։ Առանձնահատուկ ու առավել ցավալի օրինակներից է հուշ–թաշկինակների համար նախատեսված ծառի վրա հայտնաբերված կնոջ ներքնազգեստը։

«Ճանաչի´ր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության նպատակն է համախմբել հայ երիտասարդությանը՝ հայրենիքին պիտանի լինելու, Հայաստանի պատմությունն առանց խեղաթյուրումների ճանաչելու գաղափարի շուրջ։

Մենք կոչով դիմում ենք համայն հայությանը՝ գիտակցել ներկայիս սերնդի պատասխանատվությունը ապագա սերունդների առջև՝ դարերից եկած ժառանգությունը պահելու ու փոխանցելու հարցում,– ասել է Ռուբեն Բաղդիշյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը